HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի մի խումբ մտավորականների և թերթերի գլխավոր խմբագրերի

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության մի խումբ մտավորականների և թերթերի գլխավոր խմբագրերի` ուղեկցությամբ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանի:

Հանդիպման սկզբում պրն Մազլումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խմբի անդամների Հայաստան այցի նպատակը, որով բարեկամ երկրի մտավորականությունն առիթ է ունենում մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին և ազգային-հոգևոր արժեքներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը և պատմությունը: Անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ փորձություններով լեցուն հայոց պատմության ընթացքում Եկեղեցին ազգապահպան մեծ առաքելություն է իրականացրել` հաճախ ստանձնելով նաև ազգի քաղաքական առաջնորդությունը:

Նորին Սրբությունը նաև ողջունեց այսպիսի փոխայցելությունների կազմակերպումը` նշելով, որ դրանք նպաստում են փոխճանաչողությանն ու հարաբերությունների առավել սերտացմանը: Դրանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եգիպտոսի հայ համայնքի դերակատարությունը` գոհունակությամբ ընդգծելով, որ հայ ժողովրդի բազում զավակներ իբրև Եգիպտոսի լիարժեք և օրինակելի քաղաքացիներ իրենց խաղաղ կյանքով ու բարի ծառայությամբ նպաստում են երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև եգիպտացի մտավորականների հարցերին, որոնք վերաբերում էին կրոնական հանդուրժողականությանը, Հայ և Ղպտի Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, եգիպտահայ համայնքի վիճակին, Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ Եկեղեցու կողմից կազմակերպվող աշխատանքներին, տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում Հայ Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էւմիածինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter