Վայոց ձորի նախկին մարզպետը բերման է ենթարկվել ոստիկանություն
Այսօր ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը' ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ' Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը և նրա որդին' Երևանի Պարոնյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, 17-ամյա Շանթ Բագրատյանը, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, երբ տեսնում են, որ ձայներն ի օգուտ իրենց թեկնածուի չի, ներխուժում են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցնում են քվեաթերթիկների մի մեծ մաս և փորձում են հեռանալ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտրատեղամասում քվեարկություն կատարող ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան, 33-ամյա Արմեն Բակունցը փորձում է կանխել Բագրատյանի և նրա «թայֆայի» անօրինակական գործողությունները: Այդ ժամանակ Շ. Բագրատյանը հրում և վայր է գցում Ա. Բակունցին, ինչի հետևանքով ցրիվ է գալիս դուրս բերված քվեաթերթիկները: Այդ ամենից հետո նախկին մարզպետ Ս. Բագրատյանը, վիրավորանքներ և հայհոյանքներ տալով, գլխով հարվածում է Ա. Բակունցի դեմքին:
Գ.Շամշյանը հայտնում է, որ հարվածի հետևանքով տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Արդեն լուսաբացին Ա.Սետրակյանը և Ս.Բագրատյանը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ձեռնարկվում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ' Շ.Բագրատյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
http://shamshyan.com/arm/sergey-bagratyan.html
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել