HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչը վկայի փոխարեն ցուցմունք է գրել

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նարեգ Հարթունյանի գործով դատական նիստը: Դատարան կանչված վկաներից Լեւոն Պետրոսյանը  չէր ներկայացել, փոխարենը դատարան էր եկել նրա մայրը՝ Մարգարիտ  Պետրոսյանը: Նա հայտնեց, որ չի ճանաչում ամբաստանյալներից եւ ոչ մեկին: Դատախազի հարցին, թե որտեղ է իր որդին, նա հայտնեց՝ չգիտի:

Մ. Պետրոսյանը ասաց, որ իր որդին «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում վարորդ-առաքիչ է եղել եւ իրեն աշխատանքային գործունեության մասին ոչինչ չի պատմել:

Հաջորդը ցուցմունք տվեց Արմեն Քոչարյանը: Նա էլ հայտնեց, որ չի ճանաչում ամբաստանյալներին, սակայն ընկերությունից գնել է ապրանք:

Դատախազի հարցին, թե արդյոք հաշիվ-ֆակտուրա ստացել է ձեռք բերված ապրանքների դիմաց, Ա. Քոչարյանը հայտնեց՝ այո:

Դատախազը հակասություն գտավ նախաքննական մարմնին դատարանում տված ցուցմունքներում. քննիչին տված ցուցմունքում վկան ասել է, թե  իրեն հաշիվ-ֆակտուրա չի տրամադրվել:  Պաշտպանական կողմի փաստաբան Հայկ Ալումյանը, վկային ներկայացնելով նրա իրավունքները, ասաց, որ եթե  վկան նախաքննական մարմնին տվել է իրականությանը չհամապատասխանող կամ սուտ ցուցմունք, ապա այդ ցուցմունքի համար քրեական պատասխանատվության  չի ենթարկվի, եթե դատարանում հայտնի ողջ ճշմարտությունը, սակայն քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե դատարանում  էլ սուտ ցուցմունք տա:

Այնուհետեւ վկան պնդեց, որ ինքը հաշիվ-ապրանքագիր է վերցրել ապրանքները գնելիս:  «Քննիչն ասել է, ես էլ գրել եմ, գումարն էլ քննիչն է ասել»,-հայտնեց վկան: Փաստորեն, ինչպես նախորդ վկաները, Ա. Քոչարյանն ինքն էլ հայտնեց, որ քննիչ Ռաֆայել Պետրոսյանն իրեն ուղղորդել է, ավելին, նույնիսկ կոնկրետ գումար է նշել իր փոխարեն:

Ցուցմունք տվեց նաեւ վկաներից Արմեն Գալստյանը:

Նա էլ հայտնեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում: Նա եւս նշեց, որ ստացել է հաշիվ-ապրանքագիր, սակայն եղել են դեպքեր, երբ նաեւ չի ստացել:

Վկան հայտնեց, որ չի հրաժարվում իր՝ նախկինում տված ցուցմունքներից:

Դատարանում այս նիստի ժամանակ ցուցմունք տվեց մեկ այլ վկա եւս. «Լեգալ աուդիտ» աուդիտորական ընկերության տնօրեն Սամվել Եղիազարյանը:

Վերջինս հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, քանի որ աուդիտ է իրականացվել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում, եւ ինքն էլ եղել է աուդիտ իրականացնողների կազմում:

Ս. Եղիազարյանը հայտնեց, որ ընկերության նորանշանակ տնօրեն Նարեկ Հարթունյանը կասկածներ ուներ նախկին տնօրենի ազնվության կապակցությամբ եւ այդ պատճառով էլ պատվիրել է աուդիտ իրականացնել:

Նա հայտնեց, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ ընկերությունում իրոք եղել են խախտումներ, եւ այդ խախտումները եղել են մինչև Նարեգ Հարթունյանի տնօրեն նշանակվելը, այդ ժամանակահատվածում ընկերության փաստացի  ղեկավարումը  իրականացվում էր Սևակ  Արզարունու կողմից: 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter