HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական զննությունը պարտադիր է

59-ամյա Արտուշ Եպիսկոպոսյանը 45 տարի է` աշխատում է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության («Էյ-Սի-Փի») պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասում:

Նա այժմ կոկորդի քաղցկեղ ախտորոշմամբ գամված է անկողնուն: Մետալուրգիական արտադրամասը պղնձաձուլական գործարանի աշխատակիցների առողջության համար ամենավտանգավոր արտադրամասն է: Այստեղ է հանքանյութից ստացվում անզուտ պղինձը:

Հայտնի է, որ պղնձի ստացման պրոցեսում հանքանյութից անջատվող թունավոր նյութերի եւ համընդհանուր  արտանետումների մեջ  99,4 % կազմում է ծծմբի երկօքսիդը, կան քաղցկեղածին այլ մասնիկներ` կապար, պղինձ, մկնդեղ, սնդիկ, ցինկ, մագնեզիում եւ այլ ծանր մետաղներ:

Անհնար է, որ հանքահումքից այս նյութերի անջատման ժամանակ ձեռնարկության վտանգավոր,  առաջին հերթին` մետալուրգիական արտադրամասում աշխատողները չենթարկվեն դրանց ազդեցություններին:

Ազդեցությունների վաղահաս հայտնաբերման համար ՀՀ Կառավարության 2004 թ. հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ սահմանվել է արտադրական միջավայրում եւ աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության ենթարկվող աշխատողների պարբերական (12 ամիսը մեկ) բժշկական զննության  կարգը:

Օրենքը սահմանում է, որ բժշկական զննություն անցկացնող  բժիշկ-մասնագետների կազմը եւ նախատեսվող գործիքային ու ֆունկցիոնալ հետազոտությունների ցանկը պետք է հաստատի ՀՀ առողջապահության նախարարությունը, որը, սակայն, տարիներ շարունակ ձեռնպահ է մնացել: Ալավերդու բժշկական  կենտրոնում հայտնեցին, որ 2007, 2008 եւ 2009 թթ. «Էյ-Սի-Փի» ընկերությունն իր աշխատակիցների պարբերական բժշկական զննություն չի իրականացրել: 

«Գործը չձախողելու համար մենք մի քանի անգամ հիշեցնող գրություններ ենք ուղարկել ընկերության գործադիր տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովին, հետո անձամբ Վալերի Մեջլումյանին, ով նույնպես չարձագանքեց մեր հիշեցմանը»,- ասաց բժշկական  կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ «Էյ-Սի-Փի» ընկերության եւ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրի շրջանակներում կենտրոնի բժշկական հանձնաժողովը 2010 թ. հունիսի 7-12-ն անցկացրել է ընկերության աշխատողների բժշկական զննություն, որի ընթացքում ներկայացված 246 աշխատողներից   ստուգվել է 236-ը: Ստուգման  կատարողական ակտով արձանագրվել է 116 հիվանդ` 57-ը` ներքին օրգանների, 14-ը` նյարդային համակարգի, 12-ը` մաշկային, 19-ը` ակնաբուժական, 14-ը` քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններով: 

Բժշկական հանձնաժողովը հայտնաբերել է սրտանոթային 42 առավել ուշադրության արժանի հիվանդներ, որոնցից 32-ն աշխատում են մետալուրգիական արտադրամասում: 

Դրանք զարկերակային գերճնշումով 3-րդ եւ 2-րդ աստիճանի,  հիպերտոնիկ հիվանդության 3-րդ շրջանի, սրտամկանի ինֆարկտ տարած, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, քրոնիկ տարածում ունեցող բրոնխիտով, սրտի իշեմիկ եւ այլ ծանր հիվանդություններով հիվանդ մարդիկ են, ովքեր այդ հիվանդությունները տարիների ընթացքում են ձեռք բերել` արտադրական վտանգավոր միջավայրում: 

Բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց հակացուցված է աղմուկի, շարժվող սարքերի, հերթափոխային, բարձր ջերմության, գազոտվածության եւ փոշոտվածության պայմաններում աշխատելը: Հանձնաժողովն իր եզրափակիչ ակտով առաջարկել է ընկերությանը կատարել աշխատողների  հիվանդություններին հակացուցված աշխատատեղերի փոփոխություններ, համապատասխան ցուցումների դեպքում նաեւ սանատոր-կուրորտային բուժման կազմակերպում եւ այլ միջոցառումներ, որն այդպես էլ մնացել է որպես առաջարկություն:

Ընկերության` պարբերական բժշկական զննության գործի կազմակերպման պատասխանատուները, շրջանցելով քաղցկեղածին արտադրական միջավայրը, պայմանագրով բժշկական հանձնաժողովին չեն պատվիրել կատարել քաղցկեղի վաղահաս հայտնաբերման հատուկ բժշկական զննումներ, ավելին` բժշկական զննության   գործիքային ու ֆունկցիոնալ հետազոտությունների ցանկում ընկերությունը նույնիսկ չի համաձայնել ընդգրկել  աշխատողների ֆլյուորոգրաֆ ստուգումները:

«Բոլոր բժշկական քննությունների մեջ ամենառաջինը ֆլյուորոգրաֆն է, որն անհրաժեշտ է «ԷՅ-Սի-Փի» ընկերության աշխատողների բժշկական զննության դեպքում: Դա պահանջում է նաեւ ՀՀ Կառավարության 1089-Ն որոշումը: Ընկերությունում դա համարեցին ձեւական»,- ասաց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի բուժ. գծով տեղակալ Սերոբ Նազարեթյանը:

Իր 236 աշխատողների բժշկական զննության համար «ԷՅ-Սի-Փի»-ին բժշկական կենտրոնին վճարել է 1 մլն 440 հազար 370 դրամ, ֆլյուորոգրաֆ ստուգման համար անհրաժեշտ կլիներ վճարել եւս 319,800 դրամ: Բժշկական զննությունից դուրս է մնացել նաեւ բերանի խոռոչի ստուգումը. «Լնդերի պրոբլեմը` հատկապես լնդախտը, Ալավերդիում մեծ է, դա միայն ես չեմ ասում, գիտականորեն հիմնավորված է, մինչդեռ պրոֆիլակտիկ զննություններից մեր ծառայությունը հանված է, նախկինում այդ հանձնաժողովներում ընդգրկվում էին նաեւ ատամնաբույժներ»,- ասաց  Ալավերդու ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Ռաֆիկ Բեժանյանը:

Գործարանում աշխատողների պարբերական բժշկական զննության կազմակերպմամբ զբաղվել է ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանը: ՙԿամիսիան ում համար որոշեր, որ ֆլյուորոգրաֆիա անցնի, կանցներ, եթե չեն անցել, ուրեմն կամիսիան չի որոշել՚,- հեռախոսով ասաց պրն Ղամբարյանը:   Բժշկական կենտրոնի պարբերական բժշկական զննության հանձնաժողովի նախագահ, բժիշկ  Հասմիկ Մարանյանը հայտնեց, որ պղնձաձուլական գործարանի  աշխատողների 80%-ը, իսկ ինժեներատեխնիկական անձնակազմի 50%-ը հիվանդ է:

Արտադրական միջավայրում վնասակար ազդեցություններից իրենց առողջությունը կորցրած 60-100 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողները, բնականաբար, չեն կարող չնչին աշխատավարձով իրենց ընտանիքները կերակրելու հետ մեկտեղ վերականգնել նաեւ գործարանի վնասակար ազդեցության հետեւանքով կորցրած առողջությունը:

Վերոնշյալ խնդրի առնչությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տրամադրեց հետեւյալ պարզաբանումը. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության հետ կնքած «Ծառայությունների վճարովի մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում Ալավերդու բժշկական կենտրոնին է ներկայացրել աշխատողների ցուցակը եւ աշխատանքի նկարագիրը: Այդուհետ բժշկական կենտրոնն է որոշել բժշկական զննության անցկացման եղանակը:

«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի հրամանով կազմված բժշկական հանձնաժողովի կողմից պարտադիր բժշկական զննությունն անցկացվել է 2010 թ. հունիսի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում հերթական արձակուրդում լինելու հանգամանքով պայմանավորված` բժշկական զննության ենթակա անձանց ցանկում ընդգրկված 246 անձանցից 10-ը բժշկական զննության չեն ենթարկվել, եւ նրանց զննության իրականացումը հետաձգվել է:

Այն աշխատողները, որոնց առնչությամբ զննության արդյունքներով եղել է բժշկական հանձնաժողովի համապատասխան ցուցումը, ենթարկվել են նաեւ օժանդակ լաբորատոր գործիքային հետազոտությունների, այդ թվում` կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի` առողջության համար վտանգավոր բոլոր արտադրամասերում նախատեսված է աշխատողների առողջությանը սպառնացող վտանգին համարժեք անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր օգտագործում, որոնք կոչված են նվազագույնի հասցնելու աշխատանքային միջավայրի վնասակար ազդեցությունն աշխատողների առողջության վրա:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը, աշխատողների բժշկական զննության արդյունքներից ելնելով, ձեռնարկել է միջոցառումներ զբաղեցրած պաշտոնին եւ կատարած աշխատանքին աշխատողների` առողջական վիճակով պայմանավորված անհամապատասխանությունները վերացնելու ուղղությամբ»: 

Մեկնաբանություններ (1)

Suren
Արմո . հլա պարզ գրի հասկանանք, քո ասելով դուրս է գալիս քաղցկեղածին միջավայրում աշխատող մարդկանց բժշկական զննության մասին որոշումը կարևոր չի , քանի որ Ճ-երրորդ կարգի կառավարության որոշում է, ու մեկ էլ քո կարճ խելքով գտնում ես, որ էդ անմեջք գործարարն էլ Վալերի Մեջլումյանն է հա? Իսկ որ դու այս տխուր երկրի Ճ-երորդ կարգի քաղաքացի ես, անգետ ու շողոքորթ, դրա մասին ինչ կասես, Արմո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter