HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերակա ուղղություններ՝ միջազգային ճանաչման համար

Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից եւ կառավարության ձևավորումից հետո, վերընտիր նախագահ Բակո Սահակյանի առաջին ուշագրավ հայտարարությունը կարող ենք ամփոփել հետեւյալ կետերում.- 

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ստեփանակերտի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից  է»: 

Այս հաստատումը առաջին հայացքից շատ օրինաչափ ու որեւէ նորություն չպարունակող  բովանդակություն ունի: Պարզ է, որ Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականության հիմնական առաջադրանքներից, եթե ոչ հիմնականը, պիտի լինի Արցախի հարցի կարգավորումը: Ուշադրությունը կենտրոնանալու է հայտարարության առաջին եզրույթի վրա` «ադրբեջանա-ղարաբաղյան»: Նման ձևակերպման օգտագործումը ինքնին հստակ ուղերձներ է բովանդակում: «Հայ-ադրբեջանական»-ի փոխարեն  «ադրբեջանա-ղարաբաղյան» բառեզրի օգտագործումը հստակորեն հակամարտության ձեւաչափի մասնակիացում է: Խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորշումն է, ուրեմն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է: Կշարունակվի տրամաբանությունը: Ինքնորոշվող կողմն է, որ պիտի բանակցի Ադրբեջանի հետ. փաստորեն, հայտարարության երկրորդ բաժնում երեւում է բանակցային ա՛յս փլիսոփայությունը: 

«Որեւէ վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` ուղիղ երկխոսության միջոցով»: Այստեղ եւս առերեւույթ շատ դասական մոտեցում ընդգրկող հայտարարություն է կատարվածը: Բնական է, որ ինքնորոշված հանրապետության ղեկավարը պիտի խոսի բացառապես խաղաղ միջոցներով հարցը լուծելու մասին` որեւէ վեճի շուրջ բանակցելու եւ երկխոսելու պատրաստակամություն ցույց տալով: Այստեղ կարեւորը «ուղիղ բանակցություն» բառակապակցությունն է, որը կապվում է հայտարարության առաջին բաժնի հետ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ` Ստեփանակերտ-Բաքու  ուղիղ բանակցությունների ձեւաչափի ամրագրման անհրաժեշտության ընդգծում, կամ այլ ձևակերպմամբ` Ստեփանակերտի ներգրավումը բանակցություններում:  

Այս երկրորդ բաժինը անուղղակի ուղերձ է հղում նաեւ Թուրքիային, որը հայ-թուրք հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանին սիրում է հանգերգել հայերի հետ բոլոր տեսակի վեճերը լուծելու համար երկխոսության պատրաստ լինելու իր դիրքորոշումը: Սակայն երկխոսությանն առընթեր Անկարան չէր մոռանում հիշեցնելու իր նախապայմանները, որոնցից առաջինը Արցախից հայկական ուժերի հեռացումն էր: 

Հիմա Արցախի նախագահը եւս նույն ոճն է վերադարձնում ադրբեջանցիներին եւ թուրքերին անմիջապես հավելելով, որ «խոսք չի կարող լինել մեր անկախության եւ անվտանգության նույնիսկ նվազագույն թուլացման մասին»: «Մեր ազգի համար սրանք բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության»: Ուրեմն, Արցախի իշխանությունները պատրաստ են ուղղակի բանակցել Բաքվի հետ եւ քննարկել որեւէ հարց` քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Քննարկման ենթակա չեն լինելու Արցախի անկախությունն ու անվտանգությունը: Անկախության առընթեր անվտանգությունը եւս սակարկելի կամ քննարկելի չնկատելը բնականաբար կվերաբերի Արցախի անվտանգության գոտուն, այլ խոսքով ազատագրված տարածքներին, որոնք անվտանգության անփոխարինելի երաշխիք են ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության համար:  

Եւ հայտարարության վերջին հաստատումը` «Հակամարտության լուծման կից արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություն է առաջադրել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը»: 

   Շատ պարզ է տրամաբանությունը: Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ: 

Սաֆարովի գործարքից հետո երեւութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ: Առաջին հայացքից բանակցություններին ընդառաջ գնալու եւ որեւէ հարցի շուրջ երկխոսելու պատրաստ Արցախի իշխանությունների այս պաշտոնական կեցուածքն իր խորքում պաշտոնական Երեւանի կարծրացման քաղաքականության դրսեւորած շեշտադրումներին համահունչ է: Վերընտիր նախագահ Բակո Սահակյանն առաջին հայտարարությամբ գերակա ուղղություն  է նկատում Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը հակամարտության բնութագրման բառապաշարը ներկայացնելով որպես «ադրբեջանա-ղարաբաղյան»:  

Երեւանը այստեղ խնդրի կարգավորման գործընթացում հովանավորողի, անվտանգության երաշխիքի, ռազմավարական գլխավոր դաշնակցի եւ արտակարգ գործընկերոջ դերը ստանձնելու կնախապատրաստվի հայտնապես: Այդ պատճառով էլ իրավական փաստաթղթով հատուկ դաշինքը կամ ռազմավարական յուրահատուկ պայմանագիրը իրեն անհետաձգելիորեն զգալի  է դարձնում` որպես անհրաժեշտություն: Գուցե Սաֆարովի գործարքը լավ առիթ էր նման քաղաքական գործողություններ ծավալելու: Ի վերջո հայտարարությունում նշված բոլոր կետերը եւ մանավանդ Բաքու-Ստեփանակերտ բանակցային ձեւաչափը իբրեւ գերակա ուղղություն առաջադրելը կարեւոր նախաքայլ է Արցախի միջազգային ճանաչման համար: ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքը լիարժեք կնպաստի այդ առաջադրանքի իրականացման աշխատանքներին:                      

 Շահան Գանտահարյան 

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter