HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռու մարզպետի տված երաշխիքը ընտրության ժամանակ չի գործել

«Վանաձորի ՏԻՄ ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներով»,- «Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Թումանյանը, ով որպես անկուսակցական, ակախ թեկնածու ինքնաառաջադրված էր քաղաքապետի պաշտոնի համար: Զերծ մնալով բուն ընտրության` քվեարկության օրը գնահատելուց,թեկնածուն խոսեց նախընտրական քարոզչության ընթացքի մասին` նշելով, որ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսն ամբողջությամբ աշխատել է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանի համար`«ջանասիրաբար»:

«Համայնքային, մարզային կառավարման ենթակայության տակ գտնվող բոլոր մարդիկ, բոլոր աշխատողները զբաղվում էին քարոզչությամբ: Չնայած որ առողջապահական և կրթական կազմակերպությունների վերաբերյալ մարզպետը ինձ տրամադրել էր համապատասխան փաստաթուղթ, որ իմ հանդիպումները չեն արգելվի ու չեն խոչընդոտվի, բայց, օրինակ, դպրոցի տնօրեններ կային, որ փորձում էին ավելի կաթոլիկ երևալ, քան Հռոմի պապը: Դա 2 ձևով էր արտահայտվում. կային տնօրեններ, որ ընդհանրապես արգելում էին հանդիպումները` ասելով, որ մարզպետի ասածը իրենց համար նշանակություն չունի: Եվ երկրորդ ձևը` հանդիպումը նշանակում էին ժամը 6-ին, որ ես պահակի հետ խոսեմ: Կամ էլ` նշանակում էին ժամը 14:30 ու բոլորին տուն ուղարկում»,- «Հետքին» պատմեց Կարեն Թումանյանը:

Վերջինիս խոսքով` այդ մասին մարզի ղեկավարին տեղյակ պահելու անհրաժեշտություն չի ունեցել, մարզպետն ինքը պետք է իր ենթակայության կառույցների հետ աշխատանքն այնպես կազմակերպեր, որ իր կողմից հաստատված փաստաթուղթը նաև իրական ուժ ունենար: «Իսկ եթե տեղյակ էլ չէր, շատ ավելի վատ»,-նկատեց փաստաբանը:

Ի դեպ, Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անձամբ էր ստանձնել իր կուսակից Սամվել Դարբինյանի քարոզչությունը` սկսած նրան ՀՀԿ-ի թեկնածու ներկայացնելուց մինչև իր ելույթներում նրա թեկնածությունը սատարելու վերաբերյալ հայտարարություններով:

Կարեն Թումանյանն իր նախընտրական հանդիպումը խոչընդոտելու վերաբերյալ նաև հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Նախապատրաստվող նյութերով պետք է որոշում կայացվեր քրգործ հարուցելու կամ քրգործի հարուցումը մերժելու մասին, և երկու դեպքում էլ տեղյակ պահվեր հաղորդում տվողին: Վերջինս դեռևս տեղեկություն չունի` արարքին տրվե՞լ է իրավական գնահատական, թե՞ ոչ:

«Չեմ հետաքրքրվել, որովհետև թեկնածու եմ եղել և զբաղվել եմ իմ քարոզչությամբ: Իմ խնդիրը եղել է իմ ձայները պահելը, և որ իմ հանդիպումներն ու գործողությունները չխոչընդոտվեն: Արդյունքները չգիտեմ`ի րոք քվեարկվա՞ծ են, թե՞ ոչ: Ունենք այն, ինչ որ ունենք, շնորհավորել եմ Սամվել Դարբինյանին` քաղաքավարությունից ելնելով: Թե ով ինչքան ձայն է բերել լցրել կամ չի լցրել, որոշել է լցնի, կամ ով ինչքան կաշառք է տվել, ես դրանց չեմ հետևել: Ոչ խախտումներ արձանագրող եմ, ոչ ապացույցներ հավաքող: Դրա համար պատասխանատու անձ կա` ոստիկանապետը: Եթե որևէ խախտում եղել է, ուրեմն` կամ ոստիկանապետը չի գտնվել իր տեղում, կամ իր մասնակցությամբ է կատարվել, առավել ևս, եթե չեն ուզում բացահայտել»,- ասաց Կարեն Թումանյանը:

Վանաձորի քաղաքապետի մյուս երկու ինքաառաջադրված թեկնածուներ՝ ՄԻԱԿ-ի Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Տարոն Ապրեսյանն ու անկուսակցական Տիգրան Գրիգորյանն էլ, իրենց քարոզարշավի ընթացքը նորմալ գնահատելով, այնուամենայնիվ, բարձրաձայնեցին որոշ երևույթների մասին:

Տարոն Ապրեսյանի խոսքով`իր հանդիպումները խոչընդոտելու դեպքեր են եղել. «Մի քանի դեպքեր` կապված պետական հիմնարկների հետ. մարդիկ նպաստել են, որպեսզի այդ հանդիպումները չկայանան»:

Տիգրան Գրիգորյանը նշեց` ցուցակով շրջող մարդիկ, սպասարկող մեքենաներ: Վերջինս գնահատեց նաև ընտրության արդյունքը. «Արդյունքները հուսադրող չեն: ՏԻՄ ընտրություևններում գրեթե բոլոր համայնքերում, որտեղ նախագահականից նախանշված թեկնածուներ են եղել, մեծ մասամբ հաղթանակ են տարել, և իրենք ավելի շատ նման են նշանակման, քան ընտրության: Մտածելու տեղիք է տալիս, թե ինչպես է ԱԺ ընտրությունում ստացանք ցանկալի արդյունք, և ինչպես այստեղ չստացանք ցանկալի արդյունք»: Հավատացնում է, թե քաղաքապետի պաշտոնում Դարբինյանի վերընտրվելն «անցանկալի արդյունք է» կոնկրետ իր համար: Ի դեպ, ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո Տիգրան Գրիգորյանը պատրաստվում է «ակտիվ կեցվածքով» աշխատել առաջիկա նախագահական ընտրություններում:

Քաղաքապետի ընտրությունում ԲՀԿ թեկնածու, նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի նախընտրական շտաբը չցանկացավ խոսել ընտրախախտումների մասին կամ որևէ կերպ մեկնաբանել ընտրությունների ընթացքը:

Մեկնաբանություններ (1)

Gayane
Tikin Adrine, ais hovaci vernagir@ karcec > hodvaci sharunakutyun@ lini...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter