
«Արջն ինքնասպան է եղել, իսկ մինչ այդ խարո՞ւյկ է վառել անտառում». Եղիա Ներսիսյան
Օրերս «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, Մարիամ Սուխուդյանը «Խոսրովի արգելոցի» Կաքավաբերդ տեղամասում իրենց հերթական արշավի ժամանակ հայտնաբերել են կարմիր գրքում գրանցված բեզուարյան այծի, արջի գլուխ և սպանված նապաստակ:
Կենդանիների մնացորդների շրջակայքում նրանք գտել են նաև օղու դատարկ շշեր, կտրած ծառեր, մետաղական լարերից պատրաստած ինքնաշեն թակարդներ և աղբի մնացորդներ: Բնապահպանները համոզված են, որ այս ամենը կատարողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Իրենց բացահայտումը նրանք տեսանկարահանել են և տարածել համացանցում: Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ մեղավորները կգտնվեն և կպատժվեն. սպանված այծը գնահատվում է 3 մլն դրամ, նապաստակը` 8 հազար դրամ, իսկ արջը 1 մլն դրամ, բնությանը վնաս հասցնողները, հայտնաբերվելու դեպքում ստիպված են վճարել որպես տույժ կենդանիների արժեքի հնգապատիկը` այսինքն 20 մլն 40 հազար դրամ:
![]() |
![]() |
Այս թեմայով ասուլիսի ժամանակ բնապահպանության նախարարության և «Խոսրովի արգելոցի» աշխատակիցները բնապահպաններին շնորհակալություն հայտնելու փոխարեն մեղադրում էին այն բանի համար, որ վերջիններս մուտք են գործել հատուկ պահպանված տարածք՝ առանց բնապահպանության նախարարից հատուկ թույլտվություն ստանալու:
Ի պատասխան՝ բնապահպանները հիշեցրին, որ արգելոցի տարածքը միշտ բաց է եղել էկոտուրիզմի համար, և իրենք նախկինում հեշտությամբ մուտք ու ելք են ունեցել արգելոց` մուտքի մոտ վճարելով 1000 դրամ և ստանալով դրա դիմաց անդորրագիր:
Հետաքրքիր զուգադիպությամբ դեպքից որոշ ժամանակ առաջ բնապահպանության նախարարը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել և բանավոր հանձնարարկան տվել համապատասխան գերատեսչություններին արգելել կողմնակի անձանց մուտքն արգելոց: Դա հաստատեց նաև ասուլիսին ներկա գտնվող բնապահպանության նախարարության աշխատակազնի ղեկավարի տեղակալ Աշոտ Աղբալյանը:
Բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը նշեց, որ բնապահպանները Կաքավաբերդի տարածք մտնելիս ոչ մի ցանկապատի չեն հանդիպել:
![]() |
![]() |
Բնապահպանության նախարարության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը նույնիսկ այն կարծիքին էր, որ բնապահպանները գիտեին, որ պետք է կատարվի այդ դեպքը, եղել են այնտեղ, սպասել են մինչև կենդանիներին սպանեն, որպեսզի հետո նկարահանեն և հայտնեն ԶԼՄ-ներին:
Բնապահպան Եղիա Ներսիսյանը հեգնանքով հայտարարեց, թե միգուցե արջն ինքնասպան է եղել, իսկ դրանից առաջ էլ խնջույք է կազմակերպել խարույկի շուրջ:
Մարիամ Սուխուդյանը բնապահպանների անունից պահանջեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել