HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն այցելեց Գյումրի

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խոհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող ծրագրերին առնչվող, ինչպես նաեւ ընթացիկ այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:

Մարզի համայնքներում 2012թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 69,9 տոկոս, հողի հարկինը` 54,8 տոկոս: Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով այս ցուցանիշներին` փոխվարչապետը հորդորեց քայլեր ձեռնարկել դրանց բարելավման ուղղությամբ:

Անդրադառնալով արդյունավետ վարչարարության խնդիրներին` Ա. Գեւորգյանը հատկապես կարեւորեց ընթացիկ բյուջեների կատարման եւ նոր ապառքների չկուտակման հանգամանքը: Փոխվարչապետը եւս մեկ անգամ ընդգծեց, որ դրան էր ուղղված նաեւ այս տարվա գարնանն ընդունված տեղական հարկերի մասին օրենսդրական փաթեթը, որով բազաներից հանվում են անհուսալի ապառքները, եւ հնարավորություն է ընձեռվում ձեւավորել առավել իրատեսական բյուջեներ ու ամբողջությամբ կատարել դրանք: Կարեւորելով բյուջետային կարգապահությունը` նա հիշեցրեց, որ տեղական հարկերի ոչ պատշաճ հավաքագրումն առաջին հերթին հարվածում է համայնքին` տեղական բյուջեն զրկելով եկամտային աղբյուրներից:

Փոխվարչապետը հիշեցրեց նաեւ, որ օրենսդրական փաթեթով սահմանված արտոնություններից բնակիչները կարող են օգտվել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը` վճարելով նախորդ տարիների գույքահարկի եւ հողի հարկի մայր գումարները եւ ազատվելով դրանց համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից:

Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլի ընթացքի մասին: Նշվեց, որ արդեն իրականացվել է նախատեսված աշխատանքների 92,5 տոկոսը: Քննարկվեցին նաեւ ընթացիկ այլ հարցեր:

Այցի շրջանակում Ա. Գեւորգյանը ներկա գտնվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013թ. ամռանը: Դպրոցն ավերվել էր երկրաշարժի ժամանակ եւ առ այսօր գործում է տնակային պայմաններում:

Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել էին ՀՕՖ-ը, «Do Something» կազմակերպությունն (որի ղեկավարը «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի նախաձեռնող Ջոն Դին է) ու «Մեդիամաքս» գործակալությունը: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, ծրագրին իր մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ նախագահը: Ընդհանուր առմամբ այդ նպատակի համար հավաքվել է մոտ 450 հազ. դոլար:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին` նրանց հետեւողական ջանքերի համար: Նա նաեւ բարձր գնահատեց դպրոցի մանկավարժների աշխատանքը, ովքեր, չնայած տարրական պայմանների բացակայությանը, նվիրվածությամբ շարունակում են իրենց աշխատանքն ու տաղանդավոր սաներ պատրաստում: Նա վստահություն հայտնեց, որ նոր դպրոցի կառուցումը խթան կլինի` նոր հաջողություններ արձանագրելու, Գյումրիում երաժշտական ավանդույթները շարունակելու համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter