
Գումարների սղության պատճառով համայնքային գրադարանները գերադասում են գրքային ֆոնդը համալրել նվիրատվությունների հաշվին
88-ի երկրաշարժից տուժեց Ախուրյանի շենք-շինությունների 90 տոկոսը: Գրադարանի շենքը մասնակիորեն վնասվեց: Եղած գրականությունը փոխադրեցին առավել անվտանգ վայր: Մոտ 85 հազար կտոր գրականությունն անորոշ ժամանակով հանգրվանեց հարեւան երկու գյուղերի համայնքապետարաններում: Հետագայում, երբ Ախուրյանն ունեցավ համայնքապետարանի հիմնական նստավայր` գրադարանային ֆոնդը տեղափոխվեց շինության նկուղ:
90-ականներից սկսած գրադարան ունենալը, պահպանելն ու նոր գրականությամբ համալրելը Շիրակի մարզի համայնքներից մեծ մասի համար դարձավ ծանր բեռ: Գյուղական շատ համայնքներում, որտեղ համայնքապետարանները չունեին շենքային նորմալ պայմաններ, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած գրականությունը լավագույն դեպքում պահվում էր գրադարանավարուհու տանը, վատագույն դեպքում`համայնքապետարանի կիսավեր շենքի որեւէ խոնավ ու անհրապույր սենյակներից մեկում կամ նկուղում: Այդ խնդիրը հիմա էլ շատ համայնքներում արդիական է:
2003թ-ին Ախուրյանում «Փրկեցեք երեխաներին» ծրագրի շրջանակներում վերանորոգվեց եւ շահագործման հանձնվեց նախկին գործադիր կոմիտեին պատկանող եռահարկ մասնաշենքը, որի առաջին հարկում տեղավորվեց մի քանի տեղափոխություններից ու որոշակի կորուստներից հետո մոտ 65 հազար կտոր գրքից բաղկացած գրադարանը: Ախուրյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Ռուզաննա Իգիթյանը գոհ է ներկայիս պայմաններից` գրքերը խոնավությունից չեն փչանում, աշխատակիցները նստավայր ունեն, կարողանում են նորմալ սպասարկում կազմակերպել: Ախուրյանի գրադարանում երեք գրադարանավարուհի է աշխատում`միջինը 38 հազար դրամ աշխատավարձով: Լինելով համայնքային ենթակայության կառույց`գրադարանի ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեից:
«Տարեկան կտրվածքով մեզ որոշակի գումար է հատկացվում, որ կարողանանք գույք գնել, կոմունալ ծախսերը հոգալ,-ասում է Ռուզաննա Իգիթյանը,-այս տարի մեզ տրամադրվել էր 770 հազար դրամ: Ցավոք գումարներն այնքան մեծ չեն, որ մեզ թույլ տանք նոր գրականություն գնել: Որոշ բաներ կարողանում ենք ձեռք բերել, բայց մասնագիտական գրականություն կամ շատ արժեքավոր բառարաններ, որոնց գնային արժեքը սկսվում է 20 հազար դրամից, գնելը մեր ուժերից վեր է: Շատ դեպքերում մենք գրքերը նվեր ենք ստանում: Գրադարանի համալրումը հիմնականում կատարվում է հենց այդ նվիրատվությունների հաշվին»:
Մոտ 1300 կտոր նոր գրականություն «Հայկական տպագրության 500-ամյակին» նվիրված միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզային գրադարանը հատկացրել է Ախուրյանի նախկին տարածաշրջանի 33 համայնքների գրադարաններին: Բաշխումն իրականացվելու է Ախուրյանի գրադարանից: Ռուզաննա Իգիթյանն ասում է, որ հրավիրելու են բոլոր համայնքների գրադարանավարներին: Եթե պարզվի, որ տվյալ համայնքը գրադարան չունի, հատկացում չեն կատարի:
«Ախուրյանի նախկին տարածաշրջանի գյուղերից շատ ակտիվ են Վահրամաբերդի, Այգաբացի, Արեւիկի, Հացիկի գրադարանավարները: Միշտ ձգտում են նոր գրականություն ձեռք բերել: Շատ հարուստ գրադարան ունի Ազատան համայնքը: Մեզ նման ակցիաները շատ ուրախացնում են, որովհետեւ սեփական միջոցներով հատկապես տեխնիկական գրականություն ձեռք բերելը խնդիր է: «Խնկո Ապոր» անվան գրադարանում երբ գրքի ցուցահանդես-վաճառք է լինում անպայման մասնակցում ենք, բայց պիտի խոստովանեմ, որ շատ քանակությամբ գրականություն չենք կարողանում գնել,-խոստովանում է Ռուզաննա Իգիթյանը,-կան օրինակ հրաշալի պատկերազարդումներով երգող գրքեր մանուկների համար, շատ թանկ արժեքով վաճառվող իրաբանական եւ տնտեսագիտական գրականություն, բայց մենք մեզ չենք կարող թույլ տալ դրանք ձեռք բերել: Եվ հետո, ցանկացած գրքից մեկ օրինակ ունենալը գրադարանի համար խնդրի լուծում չի, որ ասենք լավ, արի 20 հազար դրամ տամ էս մի օրինակը գնեմ»:
![]() |
![]() |
Մկրտիչ Արմենի անվան գրադարանը | Մելանյա Վարդանյանը |
Գյումրիում գործող գրադարաններից Մկրտիչ Արմենի անվան գրադարանն համարվում է կենտրոնական: Նրանից զատ քաղաքում գործում են մասնաճյուղ համարվող եւս 5 գրադարան` ընդհանուրը 180 հազար կտոր գրքային ֆոնդով: Կենտրոնական գրադարանի տնօրեն Մելանյա Վարդանյանն ասում է, որ նախքան երկրաշարժը շատ ավելի հարուստ գրքային ֆոնդ են ունեցել: Քաղաքային գրադարանի շենքը չէր փլվել (այնտեղ հիմա տեղակայված է Շիրակի թեմի առաջնորդարանը), սակայն ողջ գրականությունը տարվել էր քաղաքին մոտ գտնվող գյուղական համայնքներ: Աղետի գոտու շատ հաստատությունների նման, իրենք էլ թափառականի կարգավիճակ են ունեցել, մինչեւ որ կարգավորվել են շենքային պայմանները: 1997թ-ին եղավ տարանջատում: Ձեւավորվեցին մարզային եւ քաղաքային գրադարանները, բնականաբար գրքային ֆոնդն էլ կիսվեց:
Քաղաքային 6 գրադարաններն ունեն 58 աշխատակից: Կենտրոնական գրադարանի տնօրեն Մելանյա Վարդանյանը նախկինում համայնքապետարանից ստացած աշխատավարձից չխոսեց, միայն նշեց, որ հուլիս ամսից Վարդան Ղուկասյանը բարձրացրել է աշխատավարձերը եւ հիմա գրադարանավարը ստանում է միջինը 42 հազար դրամ աշխատավարձ (Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ ԱԺ ընտրություններից հետո բյուջետային հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել, այդ թվում եւ գրադարանների-հեղ.Ե. Ս.)
![]() |
![]() |
«Այս 7 տարիներին մեր մասնաճյուղերը գրքային համալրում ունեցել են շնորհիվ քաղաքապետի, որ գումար է հատկացրել մենք էլ գնել ենք, մարզային գրադարանից ենք ստացել գրքեր, նվիրատվություններ են լինում: Այս երկու օրը 1097 կտոր նոր գրականություն ենք ստացել մարզային գրադարանից: Վատն այն է, որ ինքներս չունենք այնքան միջոցներ, որ կարողանանք հրատարակչություններից գրքեր ձեռք բերել,-ասում է Մելանյա Վարդանյանը,-համայնքային բյուջեից տարեկան մեզ հատկացվող գումարները մեծ չեն»:
Հրատարակչությունները հնարավորություն են ընձեռում համալրելու գրադարանները նոր գրականությամբ, ավելի հարստացնելու եղածը, սակայն սպասել, որ հրատարակիչը կզբաղվի նվիրատվությամբ` աբսուրդ է: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ դա նույնն է, թե հացթուխը կամ մսավաճառն իրենց արտադարանք վաճառելու փոխարեն նվիրատվություն անեն:
«Թումանյանի ծննդյան օրը նշվում էր գիրք նվիրելով եւ մենք լսում էինք, հատկապես Գրողների միության նախագահի կողմից, թե ինչու հրատարակիչը գիրք չի նվիրում, դա նույնն է, որ հացթուխին ասենք ինչու թխածդ հացը չես նվիրում: Մեր գործը գիրք հրատարակելն է, այլ կազմակերպությունների, մարդկանց գործն է գնել այդ գրքերը եւ ցանկության դեպքում նվիրել,-նկատում է Արմեն Մարտիրոսյանը,-գիտեք, ես շատ գյուղերի գյուղապետերի եմ տեսել, որ «Ջիպ» են քշում, բայց եթե վերցնես ու նայես նրանց համայնքային զարգացման ծրագրերն, այնտեղ ոչ միտող չես տեսնի համայնքային գրադարանին վերաբերող: Չգիտես ինչու, այդ մարդկանց թվում է, թե գիրքն այն ապրանքն է, որ պիտի անպայման նվեր ստանան: Այդպես մտածող համայնքապետերը զլանում են մի քանի հազար դրամ ծախսել ու նոր գիրք գնել գրադարանի համար, զլանում են նորմալ աշխատավարձ տալ գրադարանավարին, հարմարավաետ պայմաններ ստեղծել գրադարանի պահոցների համար»:
Ստեղծված իրադրությունը որոշ չափով շտկելու նպատակով «Անտարես» հրատարակչության տնօրենը որոշել է «Լավագույն համայնքային գրադարան» խորագրով մրցույթ հայտարարել: «Ամեն մարզից կընտրվի երկու համայնք` լավագույնը կարժանանա խրախուսական մրցանակի, իսկ վատագույնին ես մտածում եմ կացին նվիրել: Հնարավոր է համեմատությունը կոպիտ է, սակայն լինում են պահեր, որ երբ որոշ համայնքապետերի ռամիլսաֆարովյան կացնային այդ վարքագիծը գիրք-գրականության նկատմամբ այլ կերպ չես կարողանում ընկալել: Գուցե այս տիպի միջոցառումները խթան հանդիսանան, որպեսզի գրադարանին, գրքի հրատարակությանը այլ մոտեցում ձեւավորվի հատկապես գյուղական համայնքներում»,-նկատում է Արմեն Մարտիրոսյանը:
Մեկնաբանել