Ստեղծվել է հանձնաժողով` աղետի գոտու 1756 բնակարանների հանձնումից առաջ
Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ԾԻԳ-ի և քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներ, ինչպես նաև «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը:
Վերոնշյալ հրամանի համաձայն` աշխատանքները իրականացվելու են կառուցապատողի` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկեն թերություններն ու բացթողումները վերացնելու համար: Հանձնաժողովին հանձնարարված է մինչև սեպտեմբերի 29-ը ՀՀ քաղաքաշինության նախարարին ներկայացնել տեղեկանք` իրականացված ուսումնասիրության արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին:
Վերոնշյալ հրամանը հետևել է նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի Գյումրու «Մուշ 2-2» և «Անի» թաղամասեր կատարած այցին: Նախարար Թադևոսյանն այցելել էր վերոնշյալ թաղամասեր` շահագործման հանձնելուց առաջ, շինարարության ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել