
Կոմիտասի թանգարան Կոմիտասի պանթեոնի ծառերի հաշվին
Կոմիտասի անվան պանթեոնում քաղաքապետարանի որոշմամբ կառուցվելու է Կոմիտասի թանգարան: Ճարտարապետն է Աթրուր Մեսչյանը: Բնապահպանները դեմ են կանգնել այդ նախաձեռնությանը, քանի որ թանգարանի շինարարությունը կատարվելու է այգու հաշվին: «Այգին ունի հստակ սահմանում` դա ծառ է և խոտ, իսկ կոմիտասագիտությունն ու սերը կոմիտասյան երաժշտության հանդեպ հասարակության մեջ պետք է բարձրացնել այգին բարեկարգելով, ոչ թե այն ոչնչացնելով»,- այս թեմայով ասուլիսի ժամանակ ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Արբակ Վարդանյանը հավաստիացրեց, որ երկհարկանի համալիր շինությունը գտնվելու է այգու տարածքում արդեն գործող մշակույթի տան հարևանությամբ, և որ այդ տարածքը մտնում է ոչ թե այգու, այլ հենց մշակույթի տան սահմաններում: 400 մետր քառակուսի մակերեսով մշակույթի տան հարևանությամբ կառուցվելիք թանգարանի մակերեսը լինելու է 800 մետր քառակուսի. արդյունքում շուրջ 1200 մետր քառակուսի կանաչ տարածք պակասելու է ընդամենը 3000 մետր քառակուսի մակերեսով այգուց:
Բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ Հայաստանում գիտության զարգացման համար շենքի խնդիր չկա, նորերը կառուցելու իմաստ չկա, կան գործող շինություններ, որոնք կարելի է բարեկարգել, այդ թվում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ շինարարության ընթացքում, եթե հարկ լինի, ստիպված են ծառեր կտրել, իսկ շինարարական աշխատանքները կատարվելու են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, նախագիծն իրականացնելու է «Հայաստան» հիմնադրամը:
Բնապահպանները նշեցին, որ իրենք դեմ չեն թանգարանի կառուցմանը որպես այդպիսին, սակայն չեն ցանկանում, որ դա տեղի ունենա քաղաքի առանց այդ էլ սակավ կանաչ տարածքի հաշվին, բացի այդ՝ իրենք մտավախություն ունեն, որ կառուցվող շինությունը հետագայում կարող է ծառայել այլ նպատակների համար` վերածվելով ժամանցի վայրի. այդպիսի նախադեպեր շատ են եղել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել