HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դրամատիկ մրցամարտ` անտրամաբանական ելքով

Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը երկակի զգացողություններ առաջացրեց` ուրախություն եւ հիասթափություն: Մեր ազգային հավաքականի մարտունակ խաղն ու 2-3 սխալների արդյունքում գրանցված, խաղին  չհամապատասխանող հաշիվը մտորելու տեղիք են տալիս:

Հաստատապես կարելի է ասել, որ մեր թիմը Սանկտ Պետերբուրգում շատ ավելի լավ խաղաց, քան Երեւանում: Կարելի է համեմատել թեկուզ միայն առաջին կեսերը: Եթե Երեւանում ռուսները առաջին կեսի երկրորդ մասում «նստել» էին մեր տուգանային հրապարակում ու անկյունայիններով անընդհատ լարվածության մեջ էին պահում տանտերերին եւ նրանց երկրպագուներին, ապա այս վերջին խաղը ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ կեսում ընթացավ լրիվ հավասար պայքարում: Ռուսների մեկնարկային փորձը` տիրել նախաձեռնությանն ու հայերին իրենց դարպասին սեղմել, ձախողվեց հյուրերի գրագետ խաղի շնորհիվ, որոնք գնդակի խաղարկումներով կարողացան գցել Ադվոկատի թիմի թելադրած տեմպը: Ռուսների մեկնարկային գրոհներն էլ առանձնապես վտանգավոր չէին: Հետաքրքիր է, որ եթե Հայաստանի հավաքականի խաղում մարտյան հանդիպման համեմատ աճ էր նկատվում ֆուտբոլիստների ֆիզիկական, ֆունցիոնալ, տեխնիկական պատրաստվածության առումով, ապա նույնը չի կարելի ասել ռուսների մասին, որոնց ներքին առաջնությունը ընթանում է մերին հավասար` գարուն-աշուն մրցակարգով:

Առաջին իրապես վտանգավոր գրոհը կամ, ավելի ճիշտ, հակագրոհը կազմակերպեց Հայաստանի ընտրանին: Ըստ էության, դա դասական, դասագրքային հակագրոհ էր, որը շատ նման էր Մադրիդի «Ռեալին» հատուկ սրընթաց հակագրոհներին: Ձախ եզրից Մովսիսյանը ճեղքեց ռուսների աջ թեւը, իր դեմ «հրավիրեց» երկու պաշտպանի, որոնք աչքաթող արեցին կենտրոնից ընթացող Մարկոսին: Յուրայի հաշվենկատ փոխանցումն ու Մարկոսի հարձակողական բրազիլական հոտառությունը տվեցին ցանկալի արդյունքը: Վերջինս խաբս տվեց դարպասապահ Ակինֆեեւին ու ոչ ուժեղ հարվածով գնդակն ուղղեց դեպի դարպասը: Դեպի դարպասը նետված պաշտպան Իգնաշեւիչը չկարողացավ դարպասային գծի վրայից հետ մղել արդեն իր թիկունքից ցանցն ընթացող գնդակը` 0-1: Սա բրազիլացի-հայի երրորդ գնդակն էր ազգային հավաքականում:

Սակայն մերոնց ցնծությունը վայրկյաններ տեւեց: Հաջորդ իսկ` 26-րդ րոպեին ռուսների աջ գրոհային, պաշտպան Անյուկովի փայլուն փոխանցումից հետո Պավլյուչենկոն գնդակը մխրճեց դարպասը. Բերեզովսկին այն դուրս մղեց ցանցի ներսից, սակայն մրցավարն ամեն ինչ տեսել էր: Այդ գրոհի ընթացքում սխալվեց պաշտպանության աջ թեւը` ի դեմս թիմի ավագ Հովսեփյանի: Անյուկովի փոխանցումը դեպի Պավլյուչենկոն ակնհայտ էր, ու վերջինս էլ շատ հարմար դիրք էր բռնել, ընդ որում` նրա կողքից բացակայում էր Հովսեփյանը: Հարվածի պահին էլ Սարգիսը ոչ թե պառկեց գնդակի ճանապարհին, ինչպես կարելի է տեսնել եվրոպական գրանդների խաղերում, այլ թիկունքով շրջվեց դեպի այն եւ, փաստորեն, չխոչընդոտեց դրա ընթացքին, Բերեզովսկին էլ չհասցրեց գնդակի հետեւից:

Ամենաուրախալին այն էր, որ սա ոչ թե ընկճեց, այլ մարզական իմաստով չարացրեց մերոնց: Դա հաղթողի հոգեբանություն ունեցող թիմի մտածելակերպ է, ինչը, կարելի է պնդել, ձեւավորվել է ազգային թիմում: Այնինչ կարելի էր սպասել, թե ռուսները պիտի ոգեւորված շարունակեին գրոհները, սակայն նման բան չեղավ: Առաջին կեսն ավարտվեց հավասար խաղով, հավասար հաշվով:

Երկրորդ կեսում մերոնց խաղում արժանահիշատակ էին Մովսիսյանի, Մարկոսի, Մխիթարյանի հարվածները: Մովսիսյանը մեկ-երկու դրվագում գերադասեց հարվածել փոխանցում կատարելու փոխարեն, ինչը, թերեւս, լավագույն որոշում չէր, Մարկոսը մի պահ հապաղեց, ու գնդակի ճանապարհը փակեցին պաշտպանները, Մխիթարյանն էլ ձախ ոտքով լավ դիրքից հարվածելու փոխարեն աջով թույլ հարված կատարեց: Ընդհանրապես, հենակետայինի դիրքում խաղացող Հենրիխը մի տեսակ աննկատ էր մնում առաջ քաշված Մարկոսի եւ Մովսիսյանի ակտիվության ֆոնին, ինչը չի կարելի ասել այն դեպքերում, երբ Մխիթարյանը խաղում է ենթահարձակվողի գոտում:

Ռուսների երկրորդ գոլը նման էր անամպ երկնքում ամպրոպի: Հայկական պաշտպանության աջ եզրում ֆուտբոլիստների կուտակում առաջացավ, մերոնք կրկին դիմեցին մանր փոխանցումների, կորցրին գնդակը, հետեւեց փոխանցում դեպի Բերեզովսկու տուգանային հրապարակ, որտեղ կոպիտ սխալ թույլ տվեց կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը: Մինչ փոխանցումը մեր բոլոր պաշտպանները առաջ շարժվեցին` փորձելով ստեղծել արհեստական խաղից դուրս վիճակ: Մկոյանը երերաց, հապաղեց ու այդպիսով «փակեց» միանգամից երկու ռուսի, այդ թվում` Պավլյուչենկոյին: Փոխանցումն էլ առաջին գոլի պես կրկին նրան էր ուղղված, «Տոտենհեմի» հարձակվողը կրկին չվրիպեց: Միանգամայն ճիշտ էր Մկոյանից դժգոհ Բերեզովսկու զայրույթը:

2-1 հաշվից հետո ռուսները ակնհայտորեն հետ քաշվեցին` նախաձեռնությունը զիջելով հյուրերին: Նկատելի էր, որ Ադվոկատի թիմը զգուշանում է հայերից: Մի կողմից` սա խոսում է Հայաստանի հավաքականի ուժի մասին, որի հետ արդեն հաշվի են նստում, զգուշանում, մյուս կողմից` զարմացնում էր ռուսների նման տակտիկան, երբ խաղավարտին դեռ 30 րոպե կար: Ադվոկատի ու նրա սաների հասցեին քննադատությունները տեղին են, քանի որ նման խաղով թիմը «Եվրո-2012»-ի եզրափակիչում (եթե, իհարկե, հայտնվի այնտեղ) շատ առաջ չի գնա: Այս ֆոնին աչք էին շոյում փոխարինման ելած Մանուչարյանի տեխնիկական հնարքներն ու անցումները գրոհի աջ թեւում, պակասում էր միայն վճռական փոխանցումը կամ հարվածը:

Իսկ ռուսների 3-րդ գոլը չնայած չէր բխում խաղի ընթացքի տրամաբանությունից, բայց, կարելի է ասել, գործեց «չես խփում դու, խփում են քեզ» սկզբունքը: Ժիրկովի անցումը տուգանայինի ներսում կասեցրեց Հովսեփյանը, ընդ որում` նկատվեց, որ Սարգիսն ամեն կերպ փորձեց խուսափել խախտումից, սակայն ընթացքի մեջ իներցիայով բախվեց մրցակցին, եւ նշանակվեց 11-մետրանոց, որը հստակ իրացրեց Պավլյուչենկոն` 3-1:

Խաղավարտին դեռ 15 րոպե կար, եւ հայերը ամեն կերպ փորձում էին հետ բերել կորցրածը: Դրվագներից մեկում տուգանայինի խաղարկումից հետո Մխիթարյանը գլխով գոլ խփեց, սակայն ֆրանսիացի գլխավոր մրցավար Ստեֆան Լանուան արձանագրեց շատ կասկածելի խաղից դուրս: Ընդհանրապես, նկատելի էր Լանուայի ոչ միանշանակ վարքագիծը: Հատկապես մի դրվագում Պաչաջյանի խախտումից հետո նա, թվում էր, կրկին բավարարվեց բանավոր զգուշացմամբ: Սակայն խոտածածկին հայտնված մրցակցի գալարումներից հետո ֆրանսիացին տեղի տվեց ու հաշվելով Լեւոնի խախտումները` 1, 2, 3, հանեց դեղին քարտը: Իսկ երբ մինչ այդ Բերեզուցկին իրար հետեից «հնձեց» Մովսիսյանին ու Մխիթարյանին, ինչն ակնհայտ խախտում էր, Լանուան ֆրանսիական լոյալություն դրսեւորեց, նույնը եղավ, երբ երկրորդ կեսում Բերեզուցկին հետեւից գցեց գրոհող Մովսիսյանին, բայց նորից անպատիժ մնաց ու միայն չորրորդ խախտումից հետո ստացավ իր բաժին դեղինը: Նմանատիպ այլ դրվագներ էլ եղան, որոնցում հյուրերը պատժվում էին քարտով, տանտերերը` բանավոր զգուշացումով: Դեղինի պատճառով Անդորրա-Հայաստան հաջորդ խաղը բաց կթողնի մասնավորապես Յուրա Մովսիսյանը, բայց դա, թերեւս, չի ազդի գալիք հանդիպման ելքի վրա:

Այս հանդիպումը վերջնականապես հաստատեց, որ Հայաստանի ազգային ընտրանին իր խաղային ձեռագրով ու թիմային ոգով դարձել է ամուր թիմ եւ լուրջ մրցակից բարձրակարգ հավաքականների դեմ: Ինչպես ասում են, եթե խաղը կա, արդյունքը երկար սպասել չի տա:

2-րդ խմբում կայացան նաեւ Մակեդոնիա-Իռլանդիա` 0-2, Սլովակիա-Անդորրա` 1-0, հանդիպումները: Սեպտեմբերի 2-ին կհանդիպեն Անդորրա-Հայաստան, Ռուսաստան-Մակեդոնիա, Իռլանդիա-Սլովակիա զույգերը: Այս պահին մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը:

 

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գոլեր

Միավոր

1

Իռլանդիա

6

4

1

1

11-6

13

2

Ռուսաստան

6

4

1

1

9-4

13

3

Սլովակիա

6

4

1

1

6-4

13

4

Հայաստան

6

2

2

2

10-7

8

5

Մակեդոնիա

6

1

1

4

5-8

4

6

Անդորրա

6

0

0

6

1-13

0

Լուս.` rian.ru-ի

Մեկնաբանություններ (1)

David
Արդեն երկար ժամանակ է Ես ինքս իմ մեջ քննադատում եմ Վարդան Մինասյանին այն բանի համար, որ նա Սարգիս Հովսեփյանին սարքել է անփոխարինելի Այս պարտության միակ մեղավորը հենց Սարգիս Հովսեփյանն է.... 1ին գոլի մասին արդեն Դուք նշել եք, 2րդ գոլային փոխանցումն այն դիրքից էր, որտեղ պետք է լիներ Հովսեփյանը ու խանգարեր դե իսկ երրորդնել պարզ է.. Մի խոսքով մեզ աջ պաշտպան է պետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter