Ո՞վ է կանգնած Էդմոնդ Խուդյանի գործի հետեւում
Լրագրողների հետ հանդիպմանը սփյուռքահայ ներդրողներին թալանելու արատավոր սովորությանն են անդրադարձել փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը:
Փաստաբանները խոսեցին սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործի մասին, ումից մեծ գումար են յուրացրել:
Էդմոն Խուդյանի գործի էությունը հետեւյալում է. Խուդյանին պատկանող «Արին Կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի, Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և այլ անձանց կողմից ընկերությանը հասցվել է մոտ $ 8.000.000-ի վնաս, և միտումնավոր ընկերությունը սնանկացվել է:
Էդմոնդ Խուդյանի խոսքերով՝ արդարությունը վերականգնելու համար ինքը դիմել է իրավապահ մարմիններին (պետական եկամուտների կոմիտե, ոստիկանություն, դատախազություն): Բոլոր դիմումների հիման վրա կազմված նյութերը դատախազության կողմից ուղարկվել են ՊԵԿ, որտեղ էլ «կանխամտածված սնանկության» փաստով 03.05.2011 թ. քրեական գործ է հարուցվել:
Գործի նյութերով հիմնավորվել է, որ, նախնական տվյալներով, նաև 139.000.000 ՀՀ դրամ հարկ չի վճարվել: Սակայն արդեն 1,5 տարի է, որ քրեական գործով փաստացի քննություն չի կատարվում, և դատախազությունն, աչք փակելով այդ ապօրինության վրա, երկու ամիսը մեկ երկարաձգում է գործի քննության ժամկետը:
«Երբ 100.000-150.000 դրամի գողություն է կատարվում, անմիջապես բացահայտում են գործը, բարձրաձայնում այդ մասին, բայց երբ նման խոշոր գումարների մասին է խոսքը գնում, պատկան մարմինները, չգիտես ինչու, ոչ մի կերպ ջանք չեն գործադրում գողերին հայտնաբերելու համար»,- ընդգծեց Ն. Բաղդասարյանը:
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ թեեւ Էդմոնդ Խուդյանին պատկանող ընկերությանը սնանկացման տանելու գործով հարուցվել է քրեական գործ, սակայն առ այսօր այդ գործով անգամ կասկածյալ չկա: Այսինքն՝ անպատժելիության արդյունքում պետական բարձրաստիճան չինովնիկների միջոցով հովանավորվորվում և խրախուսվում է այս թալանը:
Գրեթե նույնքան խճողված եւ անհասկանալի է նաեւ սփյուռքահայ Նարեկ Հարթունյանի գործը, որտեղ շոշափվում են նույն անուններն, ինչ Է. Խուդյանի գործում. «Հարուցված քրեական գործով Նարեկ Հարթունյանի շինծու մեղադրանք է առաջադրված, որում տրամաբանություն փնտրելն անիմաստ է, քանի որ մեղադրանքի հիմքում այն փաստն է, որ նա ընկերության սեփականատիրոջ որդին է, եւ ենթադրվում է, որ մինչ 2010 թ. սեպտեմբեր ամիս փաստացի ինքն է ղեկավարել ընկերությունը:
Այդ գործով արդեն դատավարություն է ընթանում Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ամեն անգամ վկաները, ցուցմունք տալով, հակասում են քննինչին տված ցուցմունքին. այսինքն նախաքննություն չի ընթացել, ՊԵԿ քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կորզել է այն ցուցմունքը, որը ցանկացել է: Արդյունքում մեղադրանքն առաջադրվել է մի մարդու` Նարեկին, որը կապ չունի իրեն մեղսագրված հանցագործությունների հետ»,- նշեց Լ. Հովհաննիսյանը:
Եվ Լեռնիկ Հովհաննիսյանը, եւ Նիկոլայ Բաղդասարյանը վստահ են` այս ամենն իրականացվում է իշխանական էլիտայի ակնհայտ հովանավորչությամբ, քանի որ միևնույն խումբն առաջին անգամ չէ նման գործողություններ իրականացնում, եւ հափշտակածն էլ մեծ գումարներ են, հետեւաբար իրենք մենակ չեն վայելում գողոնը` «առույծի բաժինը վերեւներին են մաս հանում»:
Ասուլիսին «Սկայպ»-ի միջոցով լրագրողների հետ ԱՄՆ-ից կապ հաստատեցին նաեւ Էդմոնդ Խուդյանն ու լրագրող Ասյա Ասատրյանը, ովքեր եւս հայտնեցին, որ այսպես շարունակելու դեպքում կբարձրաձայնվեն հանրահայտ ազգանուներ:
Վերջում Էդմոնդ Խուդյանն իր խոսքն ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով նրան անձամբ միջամտել այս գործին, այս տեսակ հարցերին լուծում տալ, վերականգնել արդարությունը, ինչպես որ նման դեպքերի համար խոստացել էր վերջին խորհրդաժողովի ժամանակ:
Մարիամ Մուղդուսյան
Հարթունյան ընտանիքի մամուլի քարտուղար
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել