
Վրացի արվեստագետները փորձել են քաղաքականացնել Բիենալեն, սակայն արժանի հակահարված են ստացել գյումրեցի արվեստագետներից
Զրոյական բյուջե ունեցող Գյումրիի 8-րդ միջազգային Բիենալեն չունեցավ պատշաճ ավարտ` գոնե գյումրեցիների համար: Սկիզբն ազդարարվեց սեպտեմբերի 14-ին Գեղարվեստի ակադեմիայի դահլիճում, այդ օրը տեղի ունեցան նաեւ մի քանի նախագծերի ցուցադրություն, Քիքիի պերֆորմանսը: Հաջորդ օրը նույնպես հագեցած անցավ` նախագծեր, Սեւ Բլեկի պերֆորմանսը օրվա երկրորդ կեսին, վատ չէր կազմակերպված նաեւ սեպտեմբերի 16-ը, իսկ հետո… Հետոն արդեն գյումրեցիների համար չէր: Բիենալեի շարունակությունը տեղափոխվեց Երեւան: Սեպտեմբերի 21-ից 23-ը նշանավորվեց ժամանակակից արվեստի թանգարանում արդի ստեղծագործողների գործերի ցուցադրությամբ:
Կա սերմը գցելու ժամանակը, կա եւ բերքը հավաքելու ժամանակը: Հետեւելով 8-րդ Բիենալեի ընթացքին եւ ավարտին՝ դժվար է հավատալ, որ երկու տարի անց 9-րդ Բիենալեն ինչ որ բան կավելացնի նախորդներին, շատ հնարավոր է եւ չկայանա:
Արաքս Մարգարյանը դասավանդում է Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայում հայ եւ արտասահմանյան արվեստի պատմություն: Հետեւելով 8-րդ Բիենալեի ողջ ընթացքին` եկել է այն եզրակացության, որ գլխավոր բացթողումներից մեկը Գյումրիին հուզող խնդիրների անտեսումն էր: «Չկարողացան ճիշտ կազմակերպել եւ չգտան էս քաղաքին առավել հուզող կարեւորագույն խնդիրները, որի շուրջ պիտի քննարկում ծավալվեր: Ավելի շուտ գլոբալ խնդիրների շուրջ ծավալվեց այդ ամենը: 8-րդ Բիենալեն ուներ սոցիալական ուղղվածություն, նաեւ թվայնացման միտում կար: Ներկայացված գործերի հիմնական մասը վիդեոարտի սկզբունքով էր արված»,- նկատում է արվեստաբանը:
Մյուս բացն, ըստ Արաքս Մարգարյանին, այն էր, որ լիարժեք ներգարվված չէր Գյումրիի ներուժը` հիմնականում երեւանյան կուրատորների գործերն էին: Գյումրին ներկայացված էր միայն «5-րդ հարկ» խմբի նախագծում, «Ակոս» խմբի մեջ որոշ ներգրավվածություն ունեին գյումրեցի նկարիչները, նույնը կարելի է ասել «Կանաչ եւ սեւ» նախագծի վերաբերյալ: «Լիարժեք ընդգրկում տեղի արվեստագետների առումով էլի չեղավ, գուցե մեղավորությունը նաեւ մերն է, չենք կարողանում ինչպես հարկն է պատաստվել,- ասում է Արաքս Մարգարյանը,- բացի դրանից էլ՝ նրանք ովքեր առաջին անգամ էին ընդգրկվել այս Բիենալեում, հիմնականում ընտրել էին թվայնացումը, արվեստի, նկարչական գործեր շատ քիչ կային»:
Նրանք, ովքեր մշտական մասնակցություն են ունեցել բոլոր Բիենալեներին, ամեն անգամ հիշում ու շեշտում են առաջին Բիենալեն, որ տեղի ունեցավ 1998 թ.-ին: Բացման պահից սկսած մինչեւ այդ օրվա ավարտը, երբ փոքրիկ զբոսայգում կազմակերպվել էր բացօթյա համերգ ու ելույթ էին ունենում սիրված ռոք արտիստները, քաղաքի փողոցները մինչեւ կեսգիշեր լի էին մարդկանցով: Հաջորդ օրերին արդեն որոշակի հետաքրքրություն կար կատարվող ամեն ինչի նկատմամբ: Գյումրեցիներին իրոք հետաքրքրում էր, թե ինչ է կատարվում սեփական քաղաքում, ինչ են անում ծանոթ ու անծանոթ արվեստագետները: Հավաքվում էին, դիտում, պատմում հարեւաններին, թե ինչպիսի «գժությունների» են ականատես եղել: Առաջին երկու Բիենալեներն անցան այդ մթնոլորտում:
«Նախորդ մի քանի Բիենալեների ոչ այդքան մասսայականությունը գուցե կապված է հենց գումարների սղության հետ, եւ շատ խմբեր երեւի չէին ուզենա առանց վճարի համագործակցել: Դժվարանում եմ ասել, գուցե այլ պատճառներ կան: 90-ականներին այնքան ընդունված էնտուզիազմ կոչվածը հիմա չկա: Կարծում եմ, եթե լիներ նորմալ ֆինանսավորում, հնարավոր կլիներ միջոցառումների սկիզբը հենց համաքաղաքային տոնի վերածել: Նախորդները ֆինանսավորված էին, 7-րդ եւ 8-րդ Բիենալեները զրոյական բյուջեով են անցկացվել, անգամ դրսի արվեստագետների մասնակցությունն էր հասցված մինիմումի: Գուցե համագործակցությունն է ոչ ճիշտ հարթության վրա, չգիտեմ, այս ամենը վերլուծության կարիք ունի»,- նկատում է Արաքսը:
Ավանգարդ արվեստի դասականներ համարվող Քիքիի եւ Սեւ Բլեկի մասնակցությունը 8-րդ Բիենալեին, արվեստաբանը գնահատում է դրական եւ ողջունելի: Սեւով սպիտակի վրա եւ սպիտակով սեւ ֆոնի վրա արված գործերը յուրահատուկ ներակայացում էին, բաց դասի նման մի բան հատկապես Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների համար:
«Պերֆորմանսի վիճակը, կենդանի արվեստի հետ շփումը արվեստագետի համար շատ կարեւոր է: Այս երկու արվեստագետների մոտ կա էսթետիկա: Երբ նայում ես, թվում է, թե շատ պրիմիտիվ գործողություն է կատարվում, սակայն այն խորը փիլիսոփայական հիմք ունի եւ համահունչ է ժամանակին` լցնել դատարկ տարածությունը, լցնել այդ մաքրությունը:
Օրինակ Սեւ Բլեկի մոտ կա սպիտակով սեւից, նեգատիվից դուրս գալու մոտիվացիաներ: Քիքին սպիտակի վրա սեւով ներկայացնում է իրեն անհանգստացնող մտքերը, մարդու մեջ նստած «Բոբոն»»:
Արվեստաբանին 8-րդ Բիենալեի հետ կապված անհանգստացրել էր մեկ այլ խնդիր, որին առնչվել էր սեպտեմբերի 16-ին ծավալված բանավեճ-քննարկման ժամանակ: Այդ օրը ներկայացվել էր «Հայ-վրացական մանրանկարչություն» խորագրով վրացի մասնակիցների նախագիծը: Ժամանակակից արվեստի փառատոնին, չգիտես ինչու, հարեւան պետությունից ժամանած արվեստագետները որոշել էին խոսել քաղկեդոնականությունից, հայկական պատմական Անի մայրաքաղաքի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների իբրեւ թե վրացական պատկանելիությունից եւ այլն: Վրացական նախագիծը ներկայացնողները սկզբում ոգեւորված են եղել` հաշվի առնելով արտասահմանցի մի քանի արվեստագետների ներկայությունը, սակայն անակնկալի են եկել, երբ հայկական կողմից արժանի հակահարված են ստացել:
«Նրանք չէին սպասում, որ մենք կհակադարձենք,- պատմում է Արաքսը,- նախ Արթուրը Գեւորգյան խոսեց, հետո ես: Մենք կոռեկտության սահմաններում նրանց կարելի է ասել իրենց տեղը դրեցինք: Նախ անհասկանալի էր ընտրված թեման` միջնադարյան մանրանկարչության ներկայացում ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում: Միթե Բիենալեի կազմակերպիչները տեղյակ չէին, թե ինչ նախագիծ են ներկայացնելու վրացիները: Կարծում եմ՝ տեղյակ էին: Ուրեմն ինչպես հասկանալ, որ նրանց թույլատրվեց Բիենալեն հարթակ ծառայեցնելով մեկ անգամ եւս պահանջատիրական դիրքերից հանդես գալ զուտ հայկական Տիգրան Հոնենցի, Աբուղամրի եկեղեցիների նկատմամբ: Վրացիները պնդում էին, որ իրենց մշակույթը հեգեմոնիկ է, այսինքն հայերը ազդվել են վրացական մշակույթից: Նրանք հավակնություններ էին հայտնում Անիի նկատմամբ ու դա անում էին շատ լավ կազմված տեսական նյութը ներկաներին հրամցնելով»:
Վրացական կողմին հայկական կողմն ապացուցել է, որ քաղկեդոնականությունը դեռ չի նշանակում վրացականացված մշակույթ: Բերվել են օրինակներ, ծավալվել է երկխոսություն: Արաքսի փոխանցմամբ վրացական կողմն անակնկալի է եկել` չպատկերացնելով, որ Բիենալեի մասնակիցների մեջ կլինեն դասական արվեստի ու միջնադարյան մանրանկարչության գիտակներ: Հասկանալով, որ բանավեճն իրենց օգտին չի լինելու՝ վրացի արվեստագետները գերադասել են այն չշարունակել: «Բայց սա ելք չէ, պետք է ուշադիր լինել, պետք է հասկանալ, թե ում ենք մենք հարթակ տրամադրում արտահայտվելու»,- մտահոգվում է արվեստաբանը:
Արաքս Մարգարյանին անհանգստացնում է Գյումրիում ժամանակակից եւ դասական արվեստի թանգարանների բացակայությունը: Բիենալեն, որպես այդպիսին, պիտի մնա ու շարունակի իր առաքելությունը, սակայն նրան հակակշիռ է հարկավոր:
«Պատկերասրահը հնարավորություն կտա գյումրեցի ստեղծագործողների գործերը մեկ տեղ հավաքել: Քաղաքում դեռ ունենք արվեստագետներ, ովքեր ստեղծագործել են 60-ականներին, ունենք 80-90-ականների սերունդ, հիմա նոր սերունդն է ասպարեզում, բայց նրանց գործերը ոչ մի տեղ չեն ցուցադրվում,- անհանգստությունն է փոխանցում արվեստաբանը,- Բիենալեն շատ արվեստագետների ստիպում է ժամանակակից արվեստի ուղղությունն ընտրել, թեպետ նրանք հրաշալի հասկանում, ընկալում ու արտահայտում են դասականը: Ինչքան շուտ ստեղծվի իմ ասած այդ հակակշիռը, այնքան երկու ճյուղերն էլ առավել արագ կայանալու հնարավորություն կունենան, արվեստագետը ընտրելու հնարավորություն կունենա: Տեղի արվեստագետը ցուցադրվելու տեղ կունենա, քաղաքը լքելու ցակություն չի ունենա, մենք էլ սերունդներին կկարողանանք արժեք ներկայացնող ինչ որ բան թողնել»:
Մեկնաբանել