Ճանապարհային ոստիկանապետը փորձել է 3 տարով երիտասարդանա՞լ
Արդեն 2-3 օր է, Էջմիածնում չեն դադարում խոսել ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ստեփան Սեդրակյանի` աշխատանքից դուրս գալու մասին: Նա էր ղեկավարում Արմավիրի և Արարատի մարզի ճանապարհային ոստիկանների աշխատանքը:
Էջմիածնում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նա կարող է «հեշտությամբ» թոշակի անցնել: Ճանապարհային ոստիկանները և էջմիածնեցիները Ս. Սեդրակյանին գիտեն որպես «ամենայն հայոց ոստիկանապետ»: Վերջինս հենց այդպիսի համբավ ուներ Էջմիածնում:
Ըստ շրջանառվող լուրերի` Ս. Սեդրակյանի աշխատանքից ազատվելն ամենևին կապ չունի թոշակի անցնելու հետ: Ասում են, որ նա ինչ-ինչ փաստաթղթեր է հանել և փորձել է անձնագրում 3 տարով «փոքրացնել» տարիքը, որպեսզի համակարգում երկար աշխատի, սակայն պատկան մարմինները բացահայտել են կատարվածը և ստիպել են, որ աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:
Ըստ էջմիածնեցիների` աշխատանքից ազատվելու «պարարտ հող» են եղել նաև վերջին ժամանակներում Ստեփան Սեդրակյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի լարված հարաբերությունները: Իբր Ս. Սեդրակյանը հրաժարվել է ուղեկցել կաթողիկոսին, վերջինս էլ դիմել է պատկան մարմիններին, որ կադրային փոխոխություններ անեն:
Երբ զանգահարեցի Ստեփան Սեդրակյանին, տեղեկանալով, որ լրագրող եմ` ասաց, որ այլես չի աշխատում համակարգում և հարցս կիսատ թողնելով, «չէ, չէ, չէ » ասելով` անջատեց հեռախոսը: Երբ երկրորդ անգամ զանգահարեցի, որպեսզի ճշտեմ` արդյոք շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը` պատասխանեց. «Չէ, չէ, սուտ ա, ցավդ տանեմ, նման բան չկա: Մարդկանց հետևից որ ընկնում են, ինչ ասես խոսում են, նման բան չկա»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է աշխատանքից դուրս եկել` Ստեփան Սեդրակյանն ասաց, թե թոշակի է գնացել: «Ձեր կենսաթոշակային տարի՞քն է» հարցին էլ հետևյալ պատասխանը տվեց. «Այո, այո, այո»: Երբ հարցրի, թե քանի տարեկան է, կրկին անջատեց հեռախոսը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հունիսի 3-ի հրամանով Ստեփան Սեդրակյանն աշխատանքից ազատվել է երկարամյա ծառայության թոշակի անցնելու պատճառով, և իրեն այլ բան հայտնի չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել