ԱՊՀ երկրների բժշկական բուհերի ներկայացուցիչները՝ Երևանում
Սեպտեմբերի 27-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) մեկնարկեց ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի 9-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն մշտապես պահպանել է գիտական համագործակցությունն այլ երկրների բուհերի հետ, և մեր երկրում այս նստաշրջանի անցկացումը դրա ապացույցն է։ Ըստ Կ. Ակոպյանի՝ Հայաստանում նստաշրջանի անցկացումը կնպաստի ԱՊՀ երկրների բժշկական բուհերի կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, նոր կապերի ձևավորմանը։ Եռօրյա նստաշրջանի ընթացքում կքննարկվեն երիտասարդական գիտական կառույցների գործունեության կառավարման և ֆինանսավորման հարցեր, վեր կհանվեն առկա խնդիրները, և կնախանշվեն դրանց լուծման ուղիները։
ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Սարանդաևը նշեց, որ ֆեդերացիան գործունեության ընթացքում առաջին անգամ է նիստ գումարում Հայաստանում։ ՙԱՊՀ երկրներում վերակազմավորվել են ուսանողական, գիտական, երիտասարդական կազմակերպությունները, փոխվել են ենթակառույցները, գործունեության մեթոդները։ Բնականաբար, ծառացել են նոր խնդիրներ, և մեր նպատակն է գտնել այդ խնդիրների լուծման տարբերակներն ու իրականացնել փորձի փոխանակում այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ՝ փորձի փոխանակումն էլ ավելի արդյունավետ կդարձնի բոլոր կողմերի աշխատանքը՚,- նշեց Ա. Սարանդաևը՝ ավելացնելով նաև, որ առաջիկայում տարբեր երկրների բժշկական բուհեր հանդես կգան համատեղ ծրագրերով, որպեսզի ընդլայնվեն գիտական համագործակցության ոլորտները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել