HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցի ուսանողները բողոքի ցույց կանցկացնեն

Երևանում սովորող վրաստանցի հայ ուսանողները, այդ թվում` ջավախքահայերը, սեպտեմբերի 29-ին` ժամը 17:30-ին, բողոքի ցույց են անցկացնելու Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց: Նրանք իրենց անհանգստությունն են հայտնելու Գլդանի բանտի վերջին դեպքերի վերաբերյալ: Ավելին, լինելով Վրաստանի քաղաքացիներ` մտահոգված են նաև Սամցխե-Ջավախք տարածաշրջանում կատարվող իրադարձություններով և հիասթափված իշխանությունների գործողություններից, որոնք պարբերաբար խախտում են մարդու իրավունքները Սամցխե-Ջավախքում` չպահպանելով և անտեսելով միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը:

Ինչպես «Հետքին» տեղեկացրին ջավախքահայ ուսանողները, իրենք անդրադառնալու են նաև վերջին տարիներին Ջավախքի ակտիվիստների ձերբակալություններին և հետապնդումներին:

«Գործազրկության, աղքատության և կրթության ոչ հասանելիության պատճառով մարդիկ, կորցնելով բարվոք ապագայի նկատմամբ հույսի նշույլները, անվերադարձ լքում են իրենց տները: Ի դեպ, Բակու-Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունից ջավախքահայերը դիվիդենտներ չշահեցին, շատերը ինչպես գործազուրկ էին, այդպես էլ մնացին գործազուրկ»,- նշում են երիտասարդները:

Նրանք նամակ են հանձնելու Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, որով պահանջելու են Գլդանի բանտի գործով դատավարությունն անցկացնել արդար և պատժել մեղավորներին, այդ թվում` իշխանության վերևներում կանգնած մարդկանց, բաց թողնել բոլոր քաղբանտարկյալներին, հոկտեմբերի 1-ին անցկացնել ազատ և դեմոկրատական ընտրություններ, ապահովել Սամցխե-Ջավախքի տնտեսության կայուն  աճը, ստեղծել մշտական աշխատատեղեր, կրճատել գործազրկությունն ու աղքատությունը Ջավախքում, դադարեցնել քաղաքական հետապնդումները ջավախքյան ակտիվիստների նկատմամբ, վերացնել այսպես կոչված «սև ցուցակը», որի համաձայն` արգելվում է Սամցխե-Ջավախքով մտահոգված որոշ հայ գործիչների մուտքը Վրաստան: 

Լուս.` javakhk.livejournal.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter