
ԲՀԿ-ի «նորեկները» արդեն միլիոնատերեր են
ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը բավականին լուրջ կարողությունների տեր է եւ ամենեւին էլ ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավաձի հույսին չէ: Նա 2003 թվականին էլ է եղել ԱԺ պատգամավոր:
Աբրահամ Մանուկյանի ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրից պարզվում է, որ Երեւան քաղաքում ունի 3 հողամաս` 8.5 հեկտար ընդհանուր մակերեսով, ինչպես նաեւ 3 շենք-շինություն եւ հողին ամրացված 5 անշարժ գույք, որից 2-ը` 8 եւ 9 հա մակերեսով, Կոտայքի մարզի Արզական գյուղում է:
ԲՀԿ-ական պատգամավորն ունի նաեւ 2007թ. արտադրության «Մերսեդես Բենց S500» մակնիշի ավտոմեքենա:
Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
Այս տարվա մարտի 1-ի դրությամբ, նա իր ղեկավարած ՍՊԸ-ից ստացել է 1 մլն 575 հազ. 825 դրամի աշխատավարձ: Նույն ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամի եկամուտ էլ ստացել է վարձակալության վճարից, ինչպես նաեւ 3 մլն 400 հազար դրամ «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ-ից` որպես ներդրված գումարի վերադարձ:
Մարտի 29-ի դրությամբ, նորընտիր պատգամավորն ունեցել է 217 մլն դրամ, 117 հազար դոլար:
Նրա կուսակից Վահան Կարապետյանը նույնպես առաջին անգամ է պատգամավոր ընտրվել: Նա էլ պակաս կարողությունների տեր չէ: Մինչեւ պատգամավոր ընտրվելը, Վ. Կարապետյանը զբաղեցրել է «Վասանավի» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Պատգամավորը Երեւան-Արտաշատ խճուղու հարեւանությամբ ունի բենզալցակայանի կառուցման համար նախատեսված հողատարածք, 2 բնակարան, հողամասեր, կիսակառույց տարածք եւ շինություն Երեւան քաղաքում:
Քիչ չեն նաեւ Վահան Կարապետյանի ովտոմեքենաները՝ «ՄԱԶ», «ԿԱՄԱԶ», «ԶԻԼ», ինչպես նաեւ «Ինֆինիտի» եւ «Ռենջ Ռովեր»: Ինչպես պարզվում է Վ. Կարապետյանը սեր ունի «գոլդ» պետհամարանիշերի նկատմամբ: «Ռենջ Ռովերի» և «Ինֆինիտիի» համարանիշերը «գոլդ» են:
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2012թ. մարտի1-ի դրությամբ պատգամավորը որպես աշխատավարձ «Նեսա Կոմֆորտ» ՍՊԸ-ից ստացել է 600 հազար դրամ, իսկ «Վասանավաից»՝ 1 մլն 200 հազար դրամ: Վահան Կարապետյանը նաեւ 122 հազար դոլարի վարկ ունի:
Այդ ամենով հանդերձ, ապրիլի 2-ի դրությամբ ԲՀԿ-ական պատգամավորն իր հաշվեհամարին ունեցել է 1 միլիարդ 230 միլիոն դրամ, 5 մլն 150 հազար դոլար եւ 650 հազար եվրո:
Լուսանկարում` Աբրահամ Մանուկյանը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել