Գիտական հասարակությունը նշում է լեզվաբան Արտեմ Սարգսյանի ծննդյան 70-ամյակը
2012 թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտում (Գր.Լուսավորչի 15, 3-րդ հարկ) տեղի կունենա լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` նվիրված անվանի լեզվաբան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանի ծննդյան 70-ամյակին:
Արտեմ Եղիշեի Սարգսյանը հայ անվանի լեզվաբաններից է: Ավարտել է ԵՊՀ-ը (1965 թ.): Բ.գ.դ. (1988 թ.), պրոֆ. (1990 թ.): 2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ:
Նրա հիմնական աշխատությունները նվիրված են գրաբարի կառուցվածքային նկարագրությանը (ժամանակակից ճշգրիտ մեթոդների կիրառմամբ), արևմտահայերենի կառուցվածքային նկարագրությանը (հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն), արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննությանը, բառարանագրությանը, բարբառագիտությանը, լեզվաբանական աշխարհագրության և հանրալեզվաբանության հիմնախնդիրներին:
ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր է (1986 թ.): Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով և բազմաթիվ այլ պարգևներով: Ընտրվել է աշխարհի մի շարք ակադեմիաների և գիտական կազմակերպությունների անդամ:
Բուհը ավարտելուց հետո եղել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ասպիրանտ, այնուհետև գիտաշխատող (1969-82), բաժնի վարիչ (1982-92), թեմատիկ խմբի ղեկավար /1998-ից/: Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության հայագիտական առարկաների պատասխանատու /1972-82/, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի դասախոս, տեսուչ (1992-95): ՀՀ լեզվի պետ. տեսչության լեզվաշինության վարչության պետ (1995-98): Այժմ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչն է:
ՀՀ ԳԱԱ
Լուս.` http://www.av-show.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել