
ՏՄՊՊՀ-ն հսկողություն է սահմանում ձվի շուկայի նկատմամբ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված՝ հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Որպեսզի տնտեսվարողները առիթից օգտվելով թույլ չտան չարաշահումներ, Հանձնաժողովը այսօր կայացած նիստում որոշեց սահմանել ամենօրյա հսկողություն՝ վերջիններիս գործունեության նկատմամբ:
Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև համապատասխան հիմնավորումներ:
Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առևտրի կետերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հավի ձվի ապրանքային շուկային:
Մեկնաբանել