
«20 տարում ընդամենը ծեծն են հանել ընտրատեղամասից դուրս». Ստեփան Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ՏԻՄ ընտրություններին իր գնահատականը տալիս նշեց, որ դրանք ևս մեկ անգամ ապացուցելում են, որ ընտրությունները բավականին հղկված եղանակով վերածվել են քվեարկության մեխանիզմի: »Ընտրությունը կատարվում է հետևյալ սկզբունքով` «մեր ախպոր ախպերն ա թեկնածուն, քվեարկենք, որ ընտրվի» »,- ասաց Ս. Սաֆարյանը:
Նա նշեց, որ ծրագրային քննարկումներ որպես այդպիսին տեղի չեն ունենում, թեկնածուները չեն խոսում նույնիսկ ամենապարզ բաներից, օրինակ` այն քաղաքի զարգացմանն ուղղված իրենց ծրագրերից, որի քաղաքապետն ուզում են դառնալ:
«Համեմատաբար ազդեցիկ թեկնածուները, որոնք, որպես կանոն կամ թաղային նեղինակություններ են, կամ սոցիալական նպաստ տրամադրողներ ու բանկիրներ, զբաղված են իրենց հասու ռեսուրսներով ընտրատեղամաս «մարդ հասցնելով» »,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Ավելացրեց, որ իր դիտարկմամբ 20 տարվա ընթացքում ընտրական գործընթացը Հայաստանում իր զարգացման մեջ հասել է միայն այն բանին, որ ընդամենը ծեծն է դուրս հանվել ընտրատեղամասից. «Այսպիսի պատկերի պատճառներից մեկն էլ այն է, որ ընտրազանգվածն ինչ-որ առումով դարձել է ապաքաղաքականացված և ապագաղափարականացված»:
Մեկնաբանել