Ալավերդու աղբավայրի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են
Դեռևս 2010-ի տարեվերջին` Ալավերդու 2011թ. բյուջեի հաստատման ժամանակ, քաղաքապետ Արթուր Նալբանդյանը «Հետքին» տեղեկացրել էր 2011թ. բնապահպանական սուբվենցիաների 35 մլն դրամ հատկացումով Ալավերդու նոր աղբավայր կառուցելու մասին: Աղբավայրը պետք է կառուցվի Ալավերդու Մադան թաղամաս գնացող ճանապարհի հարևանությամբ գտնվող Ալավերդու մկնդեղի գերեզմանոցից ներքև ընկած տարածքում:
Աղբավայրի կառուցման աշխատանքների ընթացքի մասին հունիսի 6-ին «Հետքի» հարցին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Կարելի է ասել, քաղաքի նոր աղբավայրի կառուցման նախապատրաստական խնդիրը արդեն վերջին փուլում է, և մենք ՇՄԱԳ-ի անցնելուց հետո կհայտարարենք մրցույթ` աղբավայրի շինարարական աշխատանքները սկսելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա: Համոզված եմ, որ մեր մարզում էլ կգտնվեն այդպիսի շինարարական կազմակերպություններ»:
Արթուր Նալբանդյանը նշեց, որ 2010թ. իր հայտարարությունից հետո 2011թ.-ին հատկացված բնապահպանական սուբվենցիայի գումարը` 35 մլն դրամը, ամբողջությամբ ուղղվել է աղբավայրի կառուցմանը: «2012թ.-ի նախատեսված բնապահպանական ամբողջ սուբվենցիան նույնպես ուղղելու ենք աղբավայրի կառուցմանը»,- ասաց քաղաքապետը:
Նա հավատացած է, որ դոնոր կազմակերպություններից մի փոքր աջակցություն ստանալու դեպքում` մինչև 2012թ.-ի վերջ աղբավայրը կկառուցվի: Այս առումով նա պահանջված աջակցությունը ստանալու համար դիմել է միջազգային բոլոր այն դոնոր կազմակերպություններին, որոնք Հայաստանում զբաղվում են բնապահպանական խնդիրներով:
Աղբավայրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Աղբավայրի կառուցման նախահաշվային արժեքը, ըստ այդ փաստաթղթերի, կազմել է 160 մլն դրամ:
Քաղաքապետարանը աղբավայրի շինարարությունը սկսելու համար 2011թ. փաստացի կարող է կատարել 35 մլն դրամի շինարարական աշխատանքներ:
«Աղբավայրի շինարարական աշխատանքները մենք իրականացնելու ենք փուլերով: Երկրորդ փուլի բնապահպանական սուբվենցիաները 2012թ.-ի համար նախատեսվում են մոտ 50 մլն դրամ, որը մենք նույնպես պետք է ամբողջությամբ ներդնենք աղբավայրի կառուցման մեջ: Մնացած 75 մլն դրամ գումարը մենք պետք է ձեռք բերենք դոնոր կազմակերպություններից»,- ասաց քաղաքապետը:
Եթե, այնուամենայնիվ, այդ գումարները դոնոր կազմակերպություններից չհայթայթվեն, Արթուր Նալբանդյանի կարծիքով` աղբավայրի կառուցմանը կուղղեն նաև 2013 թ. բնապահպանական սուբվենցիաները:
Քաղաքապետը աղբավայրն ավելի վաղ շահագործման հանձնելու նպատակով փորձել է աղբավայրի ֆինանսական ներդրումներին ներգրավել նաև Թումանյանի տարածաշրջանի մյուս խոշոր համայնքներին: Այս առումով տարածրջանի արդյունավետ աղբահանության համար մինջհամայնքային միավորումներ ստեղծելու հետ կապված` նրա փորձերն անհաջող են եղել, քանի որ Հաղպատ, Ախթալա Օձուն, Հագվի, Աքորի համայնքերը, որոնք պետբյուջեից ստանում են բնապահպանական մասհանումներ, չեն համաձայնել ֆինանսներ ներդնել աղբավայրի կառուցման աշխատանքներին:
Արթուր Նալբանդյանը համարում է, որ Հայաստանի ռելիեֆը թույլ չի տալիս ամեն համայնքի համար առանձին աղբավայր կառուցել, բացի դրանից` միայն աղբավայրի փաստաթղթային գործընթացը Ալավերդու քաղաքապետարանի բյուջեի վրա մոտ 8 մլն դրամ է նստել: Փոքր համայնքերի համար դա ահռելի գումար է. նրանք չեն կարող նույնիսկ այդ փաստաթղթերով զբաղվել: «Եթե նրանք նույնիսկ տարիներ հետո փորձեն մեր աղբավայրից օգտվել, դա կլինի միայն վճարով»,- ասաց նա:
Արթուր Նալբանդյանը նաև հավաստիացրեց, որ նոր կառուցվող աղբավայրը միանշանակ համապատասխանելու է ժամանակակից պահանջներին: Քաղաքի աղբահանության գործում քաղաքապետը կարևոր հանգամանք համարեց այն, որ վերջին տարում Ալավերդիում կենցաղային աղբից տարանջատվում են պոլիէթիլենային տերեֆտալատե թափոնները: Այս ծրագիրը Ալավերդու քաղաքապետարանն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ալավերդու քաղաքապետարանի միջև կնքած համաձայնության հուշագրով:
Համագործակցության շրջանակներում ՄԱԶԾ-ն մեկ տարով անհատույց օգտագործման համար քաղաքապետարանին փոխանցել է ՊԵՏ աղբի հավաքման համար հատուկ աղբամաններ, որից հետո դրանք կնվիրաբերվեն քաղաքապետարանին` պարտավորությունները իրականացնելու դեպքում:
«Վաղը մյուս օրը մենք քաղաքում կտեղադրենք այդ աղբամանները: Արդեն կա կազմակերպություն, որ մեզանից վերցնում է մեր տարանջատած պոլիէթլենային տարաները, առայժմ շատ էժան գնով` 1 կգ/55 դրամով: Համենայնդեպս, մի քանի ամիս առաջ, երբ ծրագիրը սկսում էինք, դա էլ չկար»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել