HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռեցիները մարզպետից աշխատանք են ուզում

Երեկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր աշխատանքային օրն անցկացրեց Ալավերդիում: Մարզպետը քաղաքապետարանում ընդունեց 32 քաղաքացու: Ընդունելությանը 3 քաղաքացիներ եկել էին մարզպետից սոցիալական օգնություն հայցելու, 12 քաղաքացի` աշխատանք, 7 քաղաքացի` անվճար բուժօգնություն և 3 քաղաքացի խնդրում էին մարզպետին միջամտել հաշմանդամության կարգ ստանալու գործում:

«Վորլդ Վիժն» կազմակերպության Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի 10 շահառու համայնքների աշակերտական միությունների անդամներ մարզպետին ներկայացրեցին դպրոցներում աշակերտների բժշկական զննության իրենց կատարած մոնիտորինգի արդյունքները և պահանջեցին մարզի ղեկավարից ապահովել աշակերտների ամենյա բժշկական զննությունն ու զբաղվել Ախթալայի պոչամբարների անտվտանգության հարցերով:

Լոռու մարզպետի ընդունելության ընթացքը փաստեց, որ Ալավերդի քաղաքի և տարածաշրջանի բնակչության ապրելակերպը օրեցօր վատանում է: Անօգնական վիճակում են հայտնված հատկապես թոշակառուներն ու գործազուրկները, հրատապ է դառնում կանանց աշխատատեղերի ստեղծման և համայնքներում կուտակված բնապահպանական խնդիրների լուծումը:

Սոցիալապես անապահով բնակչության համար շարունակում է ոչ մատչելի մնալ ստացիոնար անվճար բժշկական օգնությունը: Ստեղծված վիճակում բնակիչները դարձել են իշխանությունից ապրելու հնարավորություն մուրացողներ: Հայաստանի կառավարությունը գրեթե անգործունեության է մատնված համայնքների բնակչության արժանապատիվ ապրելակերպ ապահովելու գործում:

Զավեշտալին այն էր, որ ընդունելությանը չափահաս բնակիչների աշխատանքի տեղավորվման հարցով մարզպետին դիմում էին նրանց ծնողները կամ կանայք: Ալավերդի քաղաքի բնակիչ Սամվել Մուկուչյանը մարզպետից աշխատանք խնդրեց դեռ 7 տարի առաջ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական ֆակուլտետն ավարտած աղջկա համար: Մարզպետը խորհուրդ տվեց Ս, Մուկուչյանին հետևել «Լոռու մարզ» թերթի դպրոցների ուսուցիչների թափուր տեղի մրցույթների մասին հայտարարություններին և աղջկան ուղարկել դրանց մասնակցելու:

Սամվել Մուկուչյանը մարզպետին դիմեց նաև տղայի աշխատանքի տեղավորման հարցով. «Տղայիս ազգանունը Մանվել Մուկուչյան է: Թեղուտում էս 4 ամիս է` դիմումը տված է»,- ասաց հայրը:

«Ախթալայի ԼՀԿ-ում, եթե տարբերակ լինի կաշխատի՞»,- հարցրեց մարզպետը: Քաղաքացին պատասխանեց, որ տղան երևի կաշխատի: Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի 100 տան բնակիչ Իրինա Կիրակոսյանը մարզպետից աշխատանք խնդրեց Վանձորում ամուսնացած աղջկա համար: Վերջինս ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը. Արթուր Նալբանդյանը բացատրեց, որ մարզի բոլոր դպրոցները հոգեբանների կարիք ունենք, բայց դպրոցների ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս հոգեբանների հաստիքներ պահել: Նա նշեց, որ աշակերտների թիվը, միայն նախորդ տարվա համեմատ 1300 –ով պակասել է` մարզի կտրվածքով: Իսկ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով: Մարզպետը խորհուրդ տվեց քաղաքացուն աղջկա աշխատանքի համար դիմել Վանաձորի միջազային գրասենյակներին:

Արթուր Նալբանդյանը մտահոգություն հայտնեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի տարեկան 500 շրջանավարտների հետագա աշխատանքի տեղավորման համար:

«Ես ի վիճակի չեմ հիվանդանոցում պառկել` հիվանդության կենսաթոշակ ստանալու համար: Խնդրում եմ պետպատվերի տակ դուք ինձ օգնենք»,- խնդրեց Ալավերդի քաղաքի բնակիչ, հիպերտոնիկ և շաքարային դիաբետով հիվանդ Ասյա Մելքոնյանը: Մարզպետը բավարեց կնոջ խնդրանքը:

Արթուր Նալբանդյանը խոստացավ աջակցել նաև Աքորի գյուղի բնակիչ Փառանձեմ Գալստյանին, սոցիալական օգնություն խոստացավ Ալավերդու Զորավար Անդրանիկի 65 տան բնակչուհի Մագդա Դալլաքյանին, հանձնարարեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին լուծել 2-րդ խմբի հաշմանդամ Անահիտ Մամաջանյանին լսողական սարք տրամադրելու խնդիրը: Վերջինիս հանձնարաեց լուծել նաև ընդունելության ներկայցած սոցիալապես անապահով, ուռուցքով հիվանդ երկու կին հիվանդների պետպատվերով վիրահատության խնդիրները:

Մարզպետի հետ վրդովված խոսակցություն սկսեց Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 13/4 տան բնակիչ Անյուտա Պեպանյանը: Վերջինս, ինչպես ինքը հայտնեց, 17 տարի Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայի գծանցի հարևանությամբ առևտուր է արել և պահել իր ընտանիքի գոյությունը. «Ինչու այսպիսի խնդրի առաջ կանգնեցինք, որ այլևս չաշխատենք: Ձայնային կամ լուսային ազդանշան դնեիք, լուծումը պարիսպներն էր արդյոք»,- հարցրեց Անյուտա Պեպանյանը. «Մեզ համար մարդկային կյանքը շատ ավելի թանկ է»,- ասաց մարզպետը և խորհուրդ տվեց ափերից դուրս եկած Ա. Պեպանյանին մնացած հարցերը լուծել Ալավերդու քաղաքապետի հետ: Անյուտա Պեպանյանն էլ մարզպետին տեղեկացրեց, որ իրենց խնդրին պատշաճ լուծում չտալու դեպքում շուկայի առևտրականներով քանդելու են գծանցը պատնեշող և շուկայի մուտքը փակող պանելները:

Ընդունելության լարված մթնոլորտը և ուղղվածությունը փոխեցին «Վորլդ Վիժն» կազմակերպության Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի 10 շահառու համայնքերի աշակերտական միությունների ներկայուցիչները. «Առողջական խնդիրներ ունեցող աշակերտները շա՞տ են, դրա համար եք ուզում բուժզննություն արվի»,- աշակերտներին հարցրեց մարզպետը: «Վորլդ Վիժն» կազմակերպության Ալավերդու զարգացման ծրագրի, հովանավորչական ծրագրի համակարգող Մարիանա Պեպանյանը մարզպետին տեղեկացրեց, որ աշակերտական միությունների մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ աշակերտնների պետականորեն սահմանված բժշկական զննությունն ընդհանրապես չի անցկացվում Ախթալայում:

Հաղpատի դպրոցի աշակերտ Լենա Մաթոսյանն էլ հայտնեց, որ Հաղպատի դպրոցում աշակերտների տեսողական բժշկական զննությունները թերի է կատարվում` անհրաժեշտ սարքավորումներ չունենալու պատճառով. »Երեխեք ջան, ես հարցին ավելի մանրամասը կծանոթանամ և Ձեզ գրավոր կպատասխանեմ»,- խոստացավ Արթուր Նալբանդյանը:

Ախթալայի աշակերտական միության անդամ Արևիկ Սոխակյանն էլ մարզպետին տեղեկացրեց, որ Ախթալայի ռեկուլտիվացված և մյուս պոչամբարների տարածքներում աճող բույսերը և հատապտուղները անտեղյակ մարդիկ քաղում և վաճառում են. «Դրա հետ կապված Ախթալայում գրանցվել են թունավորման դեպքեր»,- հայտնեց Արևիկը:

Մարզպետը աշակերտներին հայտնեց, որ տեղյակ է Ախթալայի պոչամբարների բնապահպանական խնդիրներին: Նա խոստացավ աշակերտական միության անդամների և լեռնահարստացման կոմբինատի ղեկավարների մասնակցությամբ կազմակերպել Ախթալայի պոչամբարների վիճակի լուրջ քննարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter