HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին և պատասխանել լրագրողների հարցերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին իրականացվել են»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն է: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ կատարվող բարեփոխումների և երկկողմ բանակցությունների հաջող ընթացքը և նշել, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս շարունակել դրանց արագ և արդյունավետ գործընթացը:

Փաստելով բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած մեծ ծավալի աշխատանքը՝ Շտեֆան Ֆյուլեն կարևորել է դրանց արդյունավետ շարունակականությունը: «Ես տեսնում եմ կատարված բարեփոխումների ծավալը: Մենք կշարունակենք հնարավորինս արդյունավետորեն օգնել ձեզ, որպեսզի բարեփոխումների ներուժը բարձր լինի»,- ասել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Շտեֆան Ֆյուլեն մեծ առաջընթաց է արձանագրել վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրման բանակցություններում և նշել, որ դրանց ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կշարունակի կիրառվել «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 60 մլն եվրո ու ևս 15 մլն եվրո՝ հենց «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի շրջանակում:

Միաժամանակ, Շտեֆան Ֆյուլեն առաջարկել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինել Ասոցացման օրակարգով:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև դոնորների կոնֆերանսի անցկացմանը, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցը: Մասնավորապես, վարչապետը նշել է, որ եվրոպական հանրության գնահատականներն այդ հարցում պետք է լինեն հստակ: Կառավարության ղեկավարը Շտեֆան Ֆյուլեի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, սպառազինության ուղղությամբ մեծածավալ միջոցների հատկացմանը, որով վերջինս շարունակում է նախապատրաստվել պատերազմի: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի ուժի կիրառում, հակառակ պարագայում՝ այդ սկզբունքը խախտողի նկատմամբ կկիրառի միջազգային պատժամիջոցներ:

Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել են «Եվրոպական Միություն-Հայաստան համաձայնագրերին կից շրջանակային ծրագիր-տարեկան գործողությունների ծրագիր-2011» և «Աջակցություն Հայաստանի կառավարությանը Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ապագա Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար-փուլ 2-Տարեկան գործողությունների ծրագիր-2011» ֆինանսական համաձայնագրերը:

Համաձայնագրերը, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 43 մլն եվրոյի օժանդակություն, ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը

Հարց Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին – Պարոն Ֆյուլե, ինչպե՞ս Հայաստանը հավատա Եվրամիությանը, երբ Ադրբեջանը ոտնահարում է Եվրոպական դատարանի որոշումը (խոսքը Սաֆարովի մասին է): Եթե նրա փոխարեն լիներ Բրեյվիկը, և Ադրբեջանը Բրեյվիկին ազատ արձակեր, Եվրամիությունն ինչպե՞ս կարձագանքեր, էլի՞ հայտարարություններով:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե - Այդ խնդրի հարցով, կարծում եմ, հստակ լսել եք ոչ միայն Եվրոպական միության, այլև այլ կազմակերպությունների ներկայացուցիչների արտահայտած դիրքորոշումները: Այս հարցում ամբողջությամբ հարգում եմ հայերի դիրքորոշումը, վերաբերմունքը և զարյույթն արտահայտելու իրավունքը: Թույլ տվեք առիթն օգտագործել և կրկին իմ խորը մտահոգությունն ու ափսոսանքն արտահայտել պատճառված վնասի կապակցությամբ, վնաս, որը պատճառվել է խաղաղության գործընթացին՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով և ոմանց կողմից նրա կատարած հանցանքը փառաբանելով: Սա արժեքների վրա հիմնված գործընկերության շրջանակներում մեզ համար կարևոր խնդիր է և այդպես էլ մենք այս հարցին մոտեցել ենք: Միևնույն ժամանակ, ես շարունակում եմ կոչ անել դրսևորելու զսպվածություն և բառերի, և գործողությունների մեջ: Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության, որովհետև միայն խաղաղությամբ և կայունությամբ կարող ենք արժեք հաղորդել մյուս նպատակներին: Հայաստանի կողմից իր վիթխարի ներուժի իրացումը կախված է կայունությունից և կանխատեսելիությունից, որին կարելի է հասնել միայն հակամարտության վտանգը վերացնելու միջոցով:

Հարց «Հայկական ժամանակ» օրաթերթից - Պարոն Ֆյուլեին է հարցս ուղղված: Դուք ասեցիք, որ Հայաստանում բարեփոխումների հարցով բավականին դրական տեղաշարժ կա: Ինչո՞վ կբացատրեք, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում եվրոպական երկրներից ներդրումները Հայաստանում կրճատվել են, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական կապիտալը գնում է երրորդ երկրներ՝ Եվրոպայում առկա խնդիրների պատճառով:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե - Դուք որոշակիորեն ինքներդ ձեր հարցին պատասխանեցիք: Ճգնաժամի օրեր են, մենք իսկապես ճգնաժամի մեջ ենք, նաև առկա է եվրոյի նկատմամբ վստահության ճգնաժամ: Խախտվում է նաև այլ պետություններում ներդրումներ անելու համար անհրաժեշտ վստահությունը: Միևնույն ժամանակ, Ասոցացման համաձայնագրի բանակցությունները կան, բայց միամտություն կլինի ասել, թե Ասոցացման համաձայնագրի՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի բանակցությունները վաղը կամ վաղը չէ մյուս օրը կառաջացնեն ներդրումների համար անհրաժեշտ փոփոխություններ: Եթե դիտարկում ենք մեր կողմից Հայաստանի կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունը, ապա մի շարք խնդիրներ կան, որոնք կարճաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում պետք է լուծել, որպեսզի գործարարության և ներդրումների համար միջավայրը բալելավվի:

Բայց ներդրումների աճն իսկապես կխթանվի, երբ մենք մեր շուկաներին առնչվող իրավական կարգավորումները կարողանանք բերել համընթաց ռեժիմների: Ամբողջ աշխատանքի նպատակն էլ հենց դա է: Երբ ասում էի, որ տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ՝ դա ի նկատի ունեի: Մեր նպատակն է հող հարթել այնպիսի Հայաստանի համար, որը ներդրումների համար կլինի գրավիչ հանգրվան, ստեղծել ավելի լավ պայմաններ այն ձեռնարկությունների ու տնտեսվարողների համար, որոնք կուզենան օգտվել ձեր շուկայի ընձեռած հնարավորություններից, այնպիսի պետական կառույցներ, որոնք ավելի հարմարավետ կլինեն քաղաքացիների համար: Մենք գնո՞ւմ ենք արդյոք այդ ուղղությամբ՝ այո, գնում ենք այդ ուղղությամբ, կա՞ արդյոք բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու Կառավարության կամքը՝ այո, կա այդ կամքը, պատրա՞ստ ենք արդյոք մենք օժանդակել այդ ջանքերին՝ այո, մենք պատրաստ ենք: Գործընթացն ավելի բարեհաջող կլինի, եթե նրանում ներգրավենք քաղաքացիական հասարականությանը: Այդ հարցը քննարկվեց նաև վարչապետի հետ և այո, կլինի նաև այդ գործընթացը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter