
Գյումրին՝ հայ եւ ֆրանսիացի արտիստների ժամանակակից գործերում
Գյումրու «5-րդ հարկ» ստեղծագործական խմբի եւ ֆրանսիական Pas Vu Pas Pris կազմակերպության կողմից արտիստական ռեզիդենսի շրջանակներում մշակվել է «Ավերակների կառուցապատում» ծրագիրը: Մեկ շաբաթ շարունակ հայ եւ ֆրանսիացի արտիստները աշխատել են Գյումրիում` անդրադարձ կատարելով քաղաքի հետերկրաշարժյան տարիներին` փորձելով շատ խնդիրներ վերանայել արվեստի միջոցով:
Ծրագրի կազմակերպիչը Ֆլավի Լապոխտն է, համադրողները` Սարգիս Հովհաննիսյանն ու Վերջինյա Պիոտրովսկին: Հայ-ֆրանսիական խմբի ստեղծագործությունները ցուցադրվելու են Գյումրու Գեղարվեստի պետական ակադեմիայում, «Ստիլ» պատկերասրահում եւ «Բեռլին» հյուրերի տանը:
Ֆրանսիացի Սոֆի Դոդենի թղթե քանդակներում արտացոլված է Գյումրին: Քաղաքի իր յուրօրինակ քարտեզագրումն է կատարել Վերջինյա Պիոտրովսկին` շրջելով Գյումրիի հին թաղամասերում: Ալեքսեյ Մանուկյանը Մուշ թաղամասում կարի մեքենայով կարում է շենքերի եւ մարդկանց դիմանկարները`փորձելով ցույց տալ ստեղծված սոցիալական վճակը: Սարգիս Հովհաննիսյանը անդրադառնում է Գյումրու «Սեւ Ղուլ» բերդի պատմությանը լուսանկարների միջոցով: Մելիքսեթ Փանոսյանը քաղաքի պատմությունը փորձում է ամփոփել ձայնային ելեւէջների մեջ: Գոհար Սմոյանը, մեխեր մեխելով տնակի պատին, ամրագրում է հետերկրաշարժյան տարիների հիշողությունը:
Մեկնաբանել