HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում հունիսի 6-ից 13-ը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը

Այսօր` աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, Կոմիտասի անվան այգու պանթեոնում նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, 7-րդ անգամ մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որը կտևի մինչև հունիսի 13-ը:

Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր և կոմպոզիցիա (մրցույթի պատմության մեջ առաջին անգամ) անվանակարգերում: Մրցույթին մասնակցելու է 47 երաժիշտ` 36 դաշնակահար (16-32 տարեկան) և 11 կոմպոզիտոր (առանց տարիքային սահմանափակման) ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացման արարողությանը հանդես կգա արդեն մի քանի տարի մրցույթի պաշտոնական նվագախումբը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Համերգին հանդես կգա Արմեն Բաբախանյանը, ով մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների, այդ թվում Լիդսի, Դուբլինի, Վան Քլիբերնի, Ուիլյամ Քեփելի, Գինա Բախաուերի անվան մրցույթների և համաշխարհային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր է:

Համերգին կհնչի նաև Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը հայտնի մենակատար, ջութակահար Միխայիլ Սիմոնյանի (ԱՄՆ) կատարմամբ: «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը և Միխայիլ Սիմոնյանը համատեղ հանրահայտ «Դոյչե Գրամոֆոն» ձայնագրման ընկերությունում ձայնագրել են Արամ Խարատրյանի ջութակի կոնցերտը:

Միջազգային մրցույթի կազմկոմիտեն դաշնամուր մասնագիտության համար սահմանել է 15.000, 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակ` համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար, և դափնեկրի դիպլոմներ: Իսկ եզրափակիչ փուլի այն մասնակիցները, ովքեր չեն դառնա մրցանակակիր, կպարգևատրվեն մասնակցության դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Մրցույթի կազմկոմիտեն կոմպոզիցիա մասնագիտության համար սահմանել է 1-ին մրցանակ` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և դափնեկրի դիպլոմ: «Դաշնակահարների և կոմպոզիտորների պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենան հունիսի 13-ին` ժ.19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում»,- հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մրցույթի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter