
Բախչագուլյանի եւ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի հակամարտությունը շարունակվում է
Արմեն Ավագյանը` մասնագիտությամբ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, տվյալ բնագավառում մոտ 24 տարվա ստաժ ունի: 1988 թ.-ից աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղխորհրդի գործկոմի անասնաբուժական սպասարկումների կենտրոնում, աշխատել լաբորանտ, այնուհետև որպես անասնաբույժ, լաբորատորիայի վարիչ, հիշյալ կենտրոնի փոխտնօրեն մինչև 2005 թ.: Դրանից հետո, երբ քաղաքապետարանի նշված կառույցն ընդգրկվել է գյուղատնտեսության նախարարության կազմում, նշանակվել է անասնաբուժական պետական տեսչության Երևանի մարզային կենտրոնի առաջին պետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը: «Հետքը» պատրաստ է հրապարակել նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատասխանը, պարզաբանումները, եթե կլինեն այդպիսիք:
- Ձեր նկատմամբ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության կողմից իրո՞ք հետապնդումներ են սկսվել, եթե այո, երբվանի՞ց:
- Ունենալով մոտ 24 տարվա աշխատանքային ստաժ, 23 տարի աշխատել եմ հանգիստ, ոչ մի հետապնդում չի եղել ոչ ղեկավարության, ոչ էլ այլ պաշտոնյաների (մայրաքաղաքի 9 ղեկավար, գյուղատնտեսության 4 նախարար) կողմից: 2010 թ. նոյեմբերից գյուղատնտեսության նախարարի հրամանով նշանակվեցի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի (ներկայիս` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն): Ինչպես նախկինում, այժմ էլ այդ կազմակերպությունը լաբորատոր փորձաքննություններ է իրականացնում: 2011 թ. մայիսին, երբ ծառայության պետը դեռ Գրիգոր Գրիգորյանն էր, ինձ ազատեցին աշխատանքից:
- Ինչո՞ւ:
- Գրիգոր Գրիգորյանը ծառայության պետ նշանակվելուց կարճ ժամանակ անց ինձ ազատեց աշխատանքից` առանց հիմքի, հիմնավորման, առանց ստուգումների պատճառաբանելով, թե ղեկավարությունը կորցրել է իմ նկատմամբ վստահությունը: Առանց բացատրության ուղղակի վերցրեց ու ազատեց, որովհետև ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին նշանակելու համար երևի իր մարդն ուներ, այսինքն` նրա համար հովանավորչական վերաբերմունք կար, կամ էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր: Ինձ համար այդ ամենը շատ անհասկանալի էր, որովհետև շուրջ 24 տարվա աշխատանքային ստաժ ու, կարծում եմ, նորմալ համբավ ունեի համակարգում: Տվյալ ծառայության հիմնասյուներից մեկն եմ համարվել: Ասեմ նաև, որ երբ 2010 թ. ստանձնեցի այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, նշածս կազմակերպությունը կանգնած էր քայքայման, լուծարման եզրին` չնայած նրան, որ մոտ 6 ամիս առաջ Համաշխարհային բանկի միջոցներով շուրջ 1 միլիոն դոլարի ներդրում էր կատարվել և այդ լաբորատորիան վերազինվել էր: Տնօրենի պաշտոնը ստանձնել եմ այն պարագայում, երբ ամբողջ հաշիվները սառեցված էին, արգելանքի տակ էին, շուրջ 88 միլիոն դրամի տուգանք էր նշանակված պետության կողմից, որն իմ նշանակումից հետո անմիջապես բողոքարկվեց դատական կարգով: Լաբորատորիայում պարտքերի պատճառով չկար ջեռուցում, չկար ջրամատակարարում, կապ, խայտառակ վիճակ էր, ավելին` լաբորատոր գործունեության համար չուներ համապատասխան արտոնագիր, որը սովորաբար 1 տարով ունենում են լաբորատորիաները: Ես այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին աշխատեցի մոտ 6 ամիս, այդ ընթացքում հասցրեցի հաշիվները հանել արգելանքից, հաջորդ տարվա հունվարի 1-ից 20-25%-ով ամբողջ աշխատակազմի աշխատավարձը բարձրացրեցի, այդ ՊՈԱԿ-ի գործունեության համար ստեղծեցի անհրաժեշտ բոլոր պայմանները` էլեկտրամատակարարում, ջեռուցում և այլն, ամենակարևորը` արտոնագրեցի լաբորատորիան 5 տարով, այն էլ` բազմաթիվ ոլորտներում գործունեության իրավասությամբ: Դա կատարելուց ընդամենը մի քանի օր հետո Գրիգոր Գրիգորյանն ինձ ազատեց աշխատանքից: Դիմեցի ընդհանուր իրավասության դատարան, վճիռը կայացվեց հօգուտ ինձ: Այդ վճռի դեմ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ բողոքներ ներկայացրեց արդեն Աբրահամ Բախչագուլյանի գլխավորությամբ, որովհետև Գրիգոր Գրիգորյանն իմ ազատման հրամանից մոտ մեկուկես ամիս հետո վարչապետի հրամանով հեռացվեց աշխատանքից: Պարոն Բախչագուլյանի կողմից վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ բողոքարկված առաջին ատյանի դատարանի` հօգուտ ինձ կայացված վճիռը վերադաս դատարանները թողեցին անփոփոխ: 2012 թ. մարտի 6-ին պարոն Բախչագուլյանը շուրջ 20 օր ձգձգելուց հետո, չնայած նրան, որ իմ հայցի կապակցությամբ կայացված վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել փետրվարի 15-ից (նա չէր ցանկանում կատարել օրինական ուժի մեջ մտած վճիռը), ինձ հարկադրաբար վերականգնեց իմ նախկին պաշտոնին: Պետությունն այս դեպքում, բնականաբար, ավելի մեծ ֆինանսական կորուստ է կրում, որովհետև եթե վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 15-ից, իսկ նա ինձ իմ աշխատանքում վերականգնում է մարտի 6-ին, հարկադիր պարապուրդի դիմաց ստիպված է լինում վճարել և, ի վերջո, վճարեց նաև իմ չաշխատած այդ մոտ 20 օրվա դիմաց:
Դատավարությունը տևեց, ընդհանուր առմամբ, 10 ամիս, և իմ հայցի պահանջներից մեկն էր նաև ղեկավարության մեղքով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վճարումը: Դա դարձավ նաև դատարանի վճռի պահանջ, որը հիշյալ ծառայությունը պարտավոր էր կատարել: Սակայն այս տարվա մարտի 6-ին պարոն Բախչագուլյանը, այն էլ շուրջ 20 օր ուշացումով, ինձ միայն վերականգնեց իմ աշխատանքում, չվճարեց հարկադիր պարապուրդի դիմաց: Թեև անհարմար էր հարազատ հիմնարկի նկատմամբ ԴԱՀԿ-ի միջամտությանը դիմելը, բայց աշխատանքում վերականգնվելուց մոտ 1 ամիս հետո ստիպված եղա: Բախչագուլյանը աշխատանքում ինձ վերականգնելուց 5-6 ամիս հետո միայն ԴԱՀԿ-ի պարտադրանքով, այն էլ բազմաթիվ անհիմն ձգձգումներից հետո հարկադրված եղավ կատարել իմ հարկադիր պարապուրդի դիմաց վճարումը: Աշխատանքում վերականգնելուց հետո 2-3 օրվա ընթացքում այդ գումարը, կարծում եմ, պետք է վճարվեր, չէ՞որ ես 10 ամիս չէի աշխատում, զրկված էի եկամտից, և դատարանի վճիռ կար, որ ինձ պետք է վճարվեր:
- Կարծում եք, սա վկայում է Ձեր նկատմամբ ծառայության պետի կողմից որոշակի միտումի՞, դիտավորությա՞ն առկայության մասին:
- Արդեն այո: Մարդը, որ կոչված է օրենքի տառը պահելու, որովհետև նա մեր ոլորտում, այդ ծառայությունում ամենաբարձր պաշտոնն ունի, արհամարհել է անգամ մեր դատական համակարգի նույնիսկ ամենաբարձր ատյանի որոշումը:
- Ի՞նչ կատարվեց դատարանի վճռով ու ԴԱՀԿ-ի հարկադրանքով ձեզ աշխատանքում վերականգնելուց հետո:
- Հենց առաջին իսկ օրվանից սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը սկսեց անբարենպաստ պայմաններ ստեղծել:
- Ինչո՞վ արտահայտվեց դա:
- Երբ ժամանակին ղեկավարել էի այդ կազմակերպությունը, իսկ ես արդեն ասացի, թե ինչ ծայրահեղ վիճակում եմ ընդունել այն, նախ նվազեցրել էի հաստիքների քանակը 70-80-ով: Իմ տնօրինության կարճ ժամանակահատվածում այդքան մարդու ազատման պարագայում ազատված աշխատակիցների կողմից ոչ մի առարկություն, բողոք չի եղել, որովհետև դրանք արհեստականորեն ստեղծված, ավելորդ, ուռճացված հաստիքներ էին, ու տվյալ հաստիքները զբաղեցնողները գիտակցում էին դա: Նաև դրա արդյունքում էր, որ ՊՈԱԿ-ը հայտնվել էր այդ ծանր վիճակում: Ես հիմնականում ազատել եմ անբան, անգործ, ուղղակի հաստիքներ զբաղեցնող մարդկանց:
Տնօրենի պաշտոնում վերականգնվելուց հետո եկա տեսա նորից գրեթե նույն վիճակը` ուռճացված հաստիքներ ու դրանք զբաղեցնողների: Հավանաբար Բախչագուլյանի կամ ծառայության այլ ղեկավարների ծանոթ-բարեկամներն էին: Նորից ավելացված այդ հաստիքները զբաղեցնողներից շուրջ 20-ը թեև իրենց հաստիքներով ձևակերպված էին իմ ղեկավարած ՊՈԱԿ-ում, սակայն աշխատանքներ էին իրականացնում կամ չէին իրականացնում ծառայության համար:
Հարցնում էի` ո՞վ է այս մարդը, ասում էին ծառայության պետի, օրինակ, վարորդն է, մյուսը, ենթադրենք, արտաքին կապերի ծառայության աշխատակիցն է և այլն:
Իմ գործողությունները մի միտում ունեին. Երբ սկսեցի ուսումնասիրել պետության տված բյուջեն, պարզվեց, որ հաստիքացուցակով նախատեսված աշխատավարձերի վճարման համար պահանջվող գումարը գերազանցում է բյուջեի նույնիսկ 100%-ը, երբ սովորաբար բյուջեի 60-65%-ն է նախատեսվում աշխատավարձերի համար: Այսինքն` ի սկզբանե հասկացա, որ ոչ միայն առաջընթաց, բարելավում չի լինելու, այլև, հնարավոր է, աշխատավարձերի վճարումն էլ մի օր դառնար անհնար: Մնում էր, որ իմ հույսը դնեի ենթադրյալ արտաբյուջետային գանձումների վրա, որովհետև պետության նախատեսած բյուջեն եթե նույնիսկ 100%-ով վճարեի հաստիքացուցակով նախատեսված մարդկանց, չէր բավարարելու: Սակայն արտաբյուջետային գանձումներն անորոշ են, կարող են լինել շատ, կարող են լինել քիչ, արտաբյուջետային վճարումների դինամիկան անկանխատեսելի է, բացի այդ, հատկացումներ պետք է կատարեի նաև կոմունալ վճարումների, քիմիական ռեակտիվների, անհրաժեշտ նյութերի ձեռքբերման և այլ ծախսերի համար: Բնականաբար, բարձրացրեցի այս խնդիրը, բայց իմ բարձրացրած հարցը սվիններով ընդունվեց: Ես զգուշացրեցի, որ մենք կիսամյակից հետո, հնարավոր է, աշխատավարձի պրոբլեմ ունենանք:
- Պարոն Բախչագուլյանն ինչպե՞ս ընդունեց ձեր այս զգուշացումը:
- Նա տևական ժամանակ նույնիսկ զրույցներում չէր ցանկանում ինձ ուղղակի ասել, որ չեմ ցանկանում քեզ որպես աշխատող: Ընդամենը նրա գործողություններով էի ես հասկանում դա, նույնիսկ այդ տղամարդկությունը չկար, կամ չէր էլ կարող ասել, որովհետև գիտեր իմ անձը, ով լինելը, աշխատանքային ստաժը, անցած ուղին, պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական որակավորումը: Սակայն, կարծում եմ, դա էլ լրացուցիչ ազդակ հանդիսացավ իմ դեմ նրա տրամադրվածության և ներքուստ ինձանից ազատվելու որոշում կայացնելու: Բացի այդ, երբ նոր էի աշխատանքում վերականգնվել, ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների (որտեղ ձևակերպված էին դե յուրե ՊՈԱԿ-ում, բայց դե ֆակտո ծառայությունում աշխատող կամ գուցե չաշխատող անձինք) ղեկավարների կողմից զեկուցագրեր ստացա, որոնցով հենց այդ աշխատակիցներին ներկայացնում էին աշխատավարձի չափով խրախուսավճարի համար` այն դեպքում, երբ նրանց ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով աշխատավարձ տալն էր արդարացի չէր: Սակայն, ինչպես պարզ դարձավ, կազմակերպության հաստիքացուցակում խցկված աշխատակիցներին խրախուսավճար տալու այդ «ավանդույթը» սկիզբ էր առել ինձ աշխատանքից անօինականորեն ազատելուց հետո ծառայության պետի նշանակած ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից: Ի դեպ, ՊՈԱԿ-ի հաշվեկշռում կան մեկ տասնյակից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ, կազմակերպության նպատակների համար իրականում շահագործվում էր միայն ինձ (տնօրենին) կցված մեքենան, որի վարորդին պաշտոնում վերականգնվելուց հետո միջոցների տնտեսման նպատակով ստիպված եղա աշխատանքից ազատել ու մեքենան վարել ինքս: Կարծում եմ, հասկանում եք, ոչ թե Բախչագուլյանի ղեկավարած ծառայության համար աշխատող վարորդներին, այլ միայն նրան կարող էի ազատել:
ՊՈԱԿ-ը փորձաքննություններ է իրականացնում և տեսչական ստուգումների, և ներկրման, արտահանման պարագայում և այլ դեպքերում: Տնօրենի պաշտոնում ինձ վերականգնելուց մի քանի օր հետո ներկրման, արտահանման համար վճարովի փորձաքննությունները, որոնք որոշ դեպքերում, գրեթե համոզված եմ, ուղղորդում է պետական տեսուչը, սկսեցին ՊՈԱԿ գրեթե չգալ, իրականացվել այլ լաբորատորիաներում: Կտրուկ զգացվեց այդ տարբերությունը: Միգուցե այստե՞ղ եղել է այդ «ատկատ» կոչվածը, որոշակի շահագրգռվածություն: Ինչպե՞ս հասկանալ, որ իմ ղեկավարած և լիազոր մարմնի միակ պետական լաբորատորիա չեն ուղարկել: Կարծում եմ, պատճառը, որքան էլ անհեթեթ է, այն է, որ ես իր յուրայինը չէի… Եթե ինձ մոտ գային այդ փորձաքննությունները, «ատկատ» չէր կարող լինել, գումարներն ես առաջինը կուղղեի իմ աշխատողների աշխատավարձի բարելավմանը, որովհետև այնտեղ մարդիկ կան, որ տառապում, աշխատանք են կատարում ու ստանում ընդամենը 40-50 հազար դրամ աշխատավարձ` այն էլ իմ կատարած բարձրացումից 2 տարի հետո:
Ինչպես արդեն նշեցի, պետական բյուջեից ՊՈԱԿ-ին նախատեսված հատկացումն ուռճացված հաստիքների առկայության պատճառով անբավարար էր նույնիսկ աշխատավարձերի վճարման համար: Կազմակերպության բնականոն գործունեությունը կարող էի պահպանել միայն բավարար արտաբյուջետային միջոցներ ստանալու շնորհիվ, որոնք, սակայն, ՊՈԱԿ-ի բնականոն աշխատանքը խանգարելու այդ դիտավորության հետևանքով չէին ստացվում: Այս բոլոր հարցերը բարձրացրեցի պարոն Բախչագուլյանի առջև, մի օր էլ նա ինձ կանչեց, ասաց` չեմ ուզում դու աշխատես:
Ոչ մի ընդհարում, ուղղակի պարզ էր, որ ես իր համար ի սկզբանե ցանկալի չեմ: Հարցրեցի` ինչո՞ւ: Վերջապես նա մի պատասխան տվեց, բայց շատ տարօրինակ, ասաց` մեր բնավորությունները… Ես սկսեցի զարմանալ` մենք ամուսիննե՞ր ենք, ինչ է: Քանի որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախընտրական շրջան էր, նաև սկսեց ինչ-որ անհասկանալի շահարկումներ` կուսակցական և այլն: Չմանրամասնեմ, որովհետև դա չէ էականը, ես երբեք պետության դեմ չեմ աշխատել, պետականամետ եմ եղել: Ասացի` տարօրինակ է, դուք գնահատական տվեք ինձ վատ գործունեության, մասնագիտական անբավարար որակավորման համար, եթե կան այդպիսիք: Ասացի նաև, որ նույնիսկ զավեշտի է հասնում, եթե նույնիսկ ես ուզենայի հեռանալ, դուք որոշ ժամանակ չպետք է թույլ տայիք ձեր բարձր դիրքից ելնելով, որովհետև, կարծում եմ, թե կոլեկտիվը, թե բնագավառի մասնագետները, թե ձեր վերադասը, թե դատական համակարգը ձեզ համար պրոբլեմ կառաջացնեն: Մի խոսքով, ասաց` դիմում գրի, թե չէ կհեռացնեմ: Բացատրեցի, որ չեմ կարող հրաժարականի դիմում ներկայացնել, որովհետև խնդիրը ոչ թե աթոռից կառչելն է, ինձ էլ արդեն տհաճ է նման պայմաններում աշխատելը, այլ դրանից հետո ինձ պարզապես չեմ հարգի, չեմ կարողանա շիտակ նայել իմ երեխաների աչքերին ու պատասխանել, որ իրենց հորը ինձանից քառակի պակաս ստաժ ունեցող և ոլորտի համար բացարձակապես օտար տնտեսագետը գնահատական է տվել: Ես իմ չափահաս երեխաներին, իմ շրջապատին ի՞նչ պատասխան կարող եմ տալ: Ինձ աշխատանքից ազատելու դեռ առաջին դեպքն էր զարմանալի ամբողջ բնագավառում, որովհետև այդ ոլորտին առնչվողներն ինձ Հայաստանի մի ծայրից մյուս ծայրը գիտեն որպես մասնագետի: Ուշադրություն դարձրեք` «բեսպրեդելն» այն աստիճանի է, որ նույնիսկ այլ աշխատանք չառաջարկեց, հաշվի չառավ, որ ես 50 տարեկան էլ չկամ, դեռ շատ ժամանակ ունեմ մինչև թոշակի տարիքը, այդ մի մասնագիտությունն ունեմ, հղկվել եմ այդ մի բնագավառում, ինձ շատ դժվար կլինի այլ մասնագիտություն և աշխատանք ձեռք բերելը, քանի որ նաև շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Սա կարելի է անբարոյականություն չհամարել, եթե կա բարոյականության մեկ այլ գնահատական:
Իմ վերոնշյալ բացատրությունից հետո ասաց` շատ լավ: Հաջորդ օրը կանչեց, ասաց` դիմո՞ւմ եք գրում, թե ոնց: Պատասխանեցի` թե ոնց, ու գնացի իմ աշխատանքը կատարելու: Դրանից անմիջապես հետո իր արձակուրդի պահն էր, գնաց արձակուրդ, իրեն փոխարինողի` ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով ստեղծեց հանձնաժողով, հանձնաժողովն եկավ, ինձ աշխատանքի վերականգնելուց հետո իմ փաստացի աշխատանքից մոտ 1 ամիս անց ինչ-որ շրջայց կատարեց, ասաց, որ խախտումներ է հայտնաբերել` մի քանի հոգի աշխատանքից 10-15 րոպե ուշացել են, կադրերի բաժնում «Արխիվացման մասին» օրենքի պահանջով չեն աշխատում, ընդհանուր բաժնում գրանցամատյան չի վարվում, մի խոսքով, նման բաներ: Ընդգծեմ, որ այդ խախտումները թույլ տված բոլոր աշխատողները ՊՈԱԿ են ընդունվել ոչ իմ պաշտոնավարման շրջանում:
Ինձանից բացատրություն ուզեցին, ես 8-9 թերթով բացատրություն ներկայացրեցի այդ ընթացքում պետի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դավթյանին: Ապրիլի 27-ին նշանակված էր քննարկում, որն այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև տիկին Դավթյանն էլ, կարծում եմ, համոզված էր, որ իրենց կողմից կազմված և իմ նկատմամբ նկատողություն ենթադրող տեղեկանքն օրենքի հետ լուրջ հակասություններ ունի: Նա ձեռնպահ մնաց քննարկումից, սպասեցին մինչև պարոն Բախչագուլյանը մայիսի 7-ին, ընտրություններից անմիջապես հետո արձակուրդից եկավ: Նա նույն օրն էլ ինձ տվեց խիստ նկատողություն: Հետո, երբ հանդիպեցինք, ասաց` դե քեզ չասեցի՞, որ դիմում գրի, թե չէ կհեռացնեմ, դու էլ համաձայնեցիր հեռացվելու հետ, ես էլ քեզ պատժում եմ, որ հեռացնեմ:
Ի դեպ, այդ շատ կարճ ժամանակաընթացքում էլ, ոչինչ հաշվի չառնելով, նորից լծվել եմ աշխատանքի, ամիսուկեսի ընթացքում մասնակցեցինք լաբորատոր փորձաքննության մրցույթներին, երկու մրցույթում էլ, չնայած բազմաթիվ խոչընդոտների առկայությանը, շահեցինք: Այս դեպքում այլևս չէին կարող ուղղորդել փորձաքննություններն այլ լաբորատորիաներ:
Տեղեկացնեմ նաև, որ ստամոքսի խրոնիկ հիվանդություն ունեմ, այդ ժամանակաընթացքում լարվածությունից իմ առողջական վիճակը շատ վատացավ: Դիմում գրեցի և խնդրեցի իմ արձակուրդը (3 տարի արձակուրդ չէի գնացել): Նույնիսկ մերժեցին ինձ արձակուրդ տրամադրել` անհեթեթ, անհիմն պատճառաբանությամբ, թե պարոն Բախչագուլյանը կգա, նոր կորոշի: Բայց չէ՞որ ծառայության պետը փոխարինող ուներ, պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակված: Նա դիմումիս վրա մակագրեց, թե քննարկումից հետո արձակուրդ կտրամադրեն, քննարկումը չեղավ, իսկ երբ մայիսի 7-ին ինձ նկատողություն տալուց հետո նորից բարձրացրեցի այս հարցը, խնդրեցի ինձ հասանելիք արձակուրդը, դարձյալ չտվեցին: Դրանից մոտ մեկ շաբաթ անց առողջական վիճակս ավելի վատացավ (արյունահոսություն և այլն) և, առանց արձակուրդ ստանալու, սկսեցի բուժվել, մոտ երկու ամիս գտնվեցի «բյուլետենի» մեջ: Մինչ այդ, հենց հանձնաժողովի տեղեկանքին ծանուցվելու օրը, մինչև ինձ առաջին խիստ նկատողությունը տալը, հրավիրեցի ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործակարգավարական խորհրդակցություն: Կատարեցի իմ կազմակերպչական պարտականությունները և, նկատի ունենալով տեղեկանքում հանձնաժողովի արձանագրած խախտումները, մի քանի աշխատակիցների տվեցի նկատողություն ու խիստ նկատողություն, որպեսզի եթե կան էլ թերացումներ, խախտումներ, դրանք հետագայում իսպառ բացառվեն:
Բուժումից վերադառնալուց հետո, երբ դեռ 1 օր էի աշխատում, եկավ գրություն` բացատրություն տալու պահանջով, թե ինչո՞ւ եմ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից չորսին նկատողություն տվել: Հուլիսի 21-ին երկրորդ խիստ նկատողությունը ստացա իմ աշխատակիցներին նկատողություն տալու համար: Այդ նկատողության 2-րդ կետով պահանջվում էր, որ անհապաղ չեղյալ համարեմ իմ տված այդ նկատողությունը: Սակայն ես, եթե նույնիսկ իմ աշխատակիցներին նկատողություններն անհիմն էի տվել, օրենքի սահմաններում իրավունք չունեի առոչինչ, չեղյալ համարել դրանք, որովհետև նկատողության իրավական գնահատականը տվողը ես չեմ: Այդ նկատողությունները վերացնելու իրավասություն ուներ և ունի ինքը` պարոն Բախչագուլյանը, կամ` դատարանը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդված), սակայն Բախչագուլյանը դա չարեց, որպեսզի պատճառահետևանքային արհեստական կապ ստեղծի և իմ դեմ օգտագործի: Բացատրեցի, որ ես դա չեմ կարող անել, եթե գտնում են, որ իմ տված նկատողություններն անհիմն են, թող դիմեն դատարան: Երկրորդ խիստ նկատողության 2-րդ կետի պահանջը, այսինքն` անօրինական գործողություն չկատարելու համար նա ինձ հուլիսի 25-ին երրորդ խիստ նկատողությունը տվեց և նույն օրվա մեկ այլ հրամանով ինձ ազատեց աշխատանքից: Ընդգծեմ, որ մինչ ինձ հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը, հուլիսի 25-ի առավոտյան երկու կարգապահական տույժերի մասով արդեն դիմել էի դատարան ու նույն օրը նրան տեղեկացրել, որ երկու կարգապահականները բողոքարկման փուլում են, ուստի պետք է ժամանակավոր կասեցնի այդ ազատման հրամանը` մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը, քանի որ օրենքի պահանջ է դա: Բացատրեցի, որ այդ պարագայում իրավունք չունի բողոքարկված երկու խիստ նկատողությունները հիմք համարելու, սակայն նա իմ ներկայացրած այդ իրավական փաստարկներն արհամարհեց:
Ես արդեն հայցով, ապա նաև հայցի լրացմամբ ու համապատասխան փաստարկներ ներկայացնելով, դիմել եմ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Կարծում եմ, կատարվածը Բախչագուլյանի կողմից «բեսպրեդել» է, գուցե զորեղ հովանավոր ունի, չգիտեմ, կամ էլ բախտի հույսով է շարժվում: Սակայն միաժամանակ կարծում եմ նաև, որ վարչապետը Բախչագուլյանին այդ պաշտոնը նվեր չի տվել, որ, ումը ցանկանա, այդ «կոնֆետից» ինչ-որ բաժին նվիրի, թողնի աշխատել կամ թույլ չտա աշխատել: Ես, չգիտեմ ինչու, դեռ մի քիչ հույս ունեմ, որ վարչախմբում լիարժեք չգիտեն, որ նման կամայականություններ են կատարվում: Կարծում եմ նաև, որ դատական համակարգում ամեն ինչ կորած չէ, բարեխիղճ, արդարադատություն իրականացնող դատավորներ էլ կան, ինչն ապացուցում է իմ անցած ճանապարհը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (23)
Մեկնաբանել