HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Վաղուց հասունացել է բնապահպանության նախարարի պաշտոնանկության հարցը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի վիճակը, որի արդեն պաշտոնանկությունն են իրավացիորեն պահանջում բնապահպանները, հավանաբար լավ չէ, որ այսպիսի հուսահատ ու խայտառակ քայլերի են դիմում:

- Մենք արշավի էինք դուրս եկել և անցնում էինք Կաքավաբերդի տարածքով, երբ հայտնաբերեցինք առաջին խարույկը,- ներկայացնելով ս. թ. սեպտեմբերի 18-ին Խոսրովի արգելոց իրենց այցելության մանրամասները` ասաց «Պահպանենք Խոսրովի արգելոցը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը:- Փաստորեն հենց արգելոցի տարածքում էր խարույկը, չնայած այնտեղ ոչ մի սահման էլ չկա, այսինքն` ցուցանակներ չկան` որտեղ է սկսվում արգելոցը և որտեղ է վերջանում:

Բնապահպանի տեղեկացմամբ` Կաքավաբերդի կողքին գտնվող ձորում այդ խարույկի շուրջ հայտնաբերել են օղու շշեր և սպանված, մորթված նապաստակի մնացորդներ: Ձորից շատ ուժեղ գարշահոտ է եկել: Նեղ արահետով իջել են այդ ձորը, կտրված բազմաթիվ ծառերի հետքեր են տեսել, ապա հանդիպել երկրորդ խարույկի օջախին, որտեղ կենդանիների մնացորդներ չեն տեսել, սակայն դարձյալ ուժեղ գարշահոտ է եղել: Որոշ ժամանակ անց տեսել են բեզոարյան քարայծի գլուխ ու վերջույթներ:

- Հոտը ծառերի միջից գալիս էր, երբ մոտեցանք, ծառերի մեջ արդեն աղիքներն էր, ամբողջ ներքին օրգանները թափված էին այնտեղ,- պատմեց Ե. Ներսիսյանը:- Շատ երկար է ճանապարհը, որ տանում է Կաքավաբերդ, և ամբողջ ընթացքում հոտը չէր վերջանում ընդհանրապես:

Բնապահպանը տեղեկացրեց նաև, որ 6-7 հատ մետաղական լարված թակարդներ են հայտնաբերել` ծառերից կախված, որ երբ կենդանին գա, վիզը կամ ոտքը բռնվի, և իրենք գան, կենդանուն վերցնեն կամ ուտեն:

Փաստորեն ոմանք Խոսրովի պետական արգելոցը կերուխումի վայրի են վերածել, այնտեղ քեֆ են անում, ինչպես, օրինակ, իրենց մասնավոր բախչայում, դեռ ձեռքի հետ էլ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ են որսում, սպանում, խարույկից դատելով` հավանաբար խորովում և ուտում:

Պարզ տրամաբանությունն իրոք հուշում է, որ հանցագործը կամ հանցագործները դրսից չեն, սովորական որսագողեր չեն, որովհետև որսագողը` գող, սիրտը դող: Նա իր որսը կատարելիս րոպե առաջ աշխատում է ծլկել տվյալ վայրից, որ չբռնվի, ոչ թե խարույկ կամ խարույկներ է վառում, կերուխում անում, օղի խմում ու շշերը շաղ տալիս խարույկի շուրջ: Նշանակում է` որսագողերը, ամենայն հավանականությամբ, «տնից» են եղել, այսինքն` արգելոցի, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, այդ նախարարության կամ նրա որևէ այլ ստորաբաժանման աշխատակիցներ:

Հետաքրքիր է` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ունա՞կ է այս տրամաբանական պարզ վերլուծությունը կատարելու կամ գուցե ունակ է, կատարել է, բայց չի ուզում այդ մասին ասել, որովհետև դա ձեռնտու չէ իրեն: Փոխարենը` նա փորձել ու փորձում է սահմանափակել նույն բնապահպանների մուտքը Խոսրովի արգելոց, մասնավորապես պահանջ է ներկայացրել, որ այնտեղ գնալու համար նախապես դիմեն իրեն, տեղեկացնեն, մոնիտորինգի համար իր թույլտվությունը ստանան: Ինչո՞ւ, վախենո՞ւմ է, որ բնապահպաններն այնտեղ հանկարծ կհայտնաբերեն ոմանց, հնարավոր է նաև` իր առանձին ենթակաների կատարած հանցագործությունների հետքերը` որսված կենդանիների մնացորդներ, կտրված ծառերի բներ և այլն, որոնք նաև վկայությունն են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և բնապահպանական պետական տեսչության համապատասխան աշխատակիցների հանցավոր անգործության:

Ընդգծենք, որ ոչ միայն տրամաբանական վերլուծության, այլև նախադեպի վրա է հիմնված այն կարծիքը, կասկածը, որ որսագողության հեղինակը կամ, ինչն ավելի հավանական է, հեղինակները հիշյալ ՊՈԱԿ-ի, բնապահպանական պետական տեսչության կամ բնապահպանության նախարարին ենթակա այլ աշխատակիցներ կարող են լինել: 2007 թ., երբ երիտասարդ բնապահպանները, նրանց թվում` նաև Մարիամ Սուխուդյանը, Խոսրովի արգելոցում են եղել, հենց նույն Կաքավաբերդի անտառապահը, ավելի ճիշտ` անտառապետ Գոռը, Կալաշնիկով ինքնաձիգով կրակել է վարազի:

- Ամբողջ աշխատակազմը հետևում էր, մեկը հեռադիտակով նայում էր որսի գալուն, և այդ ամենը հենց մեր կողքին,- ասաց Մ. Սուխուդյանը:

Հանցագործ անտառապետի մտքով էլ չի անցել, որ երիտասարդները կարող են նկարահանել ու տեսագրությունը տարածել: Ըստ նախարարության պաշտոնյաներից Արթուր Բեգլարյանի` անտառապահն ազատվել է աշխատանքից, բնությանը պատճառած վնասի համար 1 միլիոն դրամ տուգանվել է, վճարել այդ գումարը և դատապարտվել 2 տարի ազատազրկման (այս վերջին տեղեկությունը դեռ պետք է ճշտել, որովհետև, ըստ քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկի, նա փաստացի չի ազատազրկվել):

Նկատի ունենանք, որ նորմալ կամ գոնե մինչև ողնուծուծը չկոռումպացված երկրում բնապահպանության նախարարությունն այսպիսի բնապահպաններին, որոնց շնորհիվ բնության նկատմամբ կատարված հանցագործություն է բացահայտվում, պետությունը հանցագործից 1 մլն դրամ տուգանք կամ փոխհատուցում է ստանում, կվերցներ, իր գլխին կդներ: Այսինքն` կպարգևատրեր կամ գոնե սիրով ու հարգանքով կվերաբերվեր նրանց, կհամարեր իր երիտասարդ դրուժինան, կհենվեր նրանց վրա բնության նկատմամբ նորանոր ոտնձգություններ բացահայտելու նպատակով, միանգամից կտար ցանկացած ժամանակ ազատ մուտքի իրավասություն բոլոր այն վայրեր, որտեղ մտնելու համար իրոք կա նախարարի թույլտվության կարիքը: Սակայն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վարվել է ճիշտ հակառակ կերպ, ինչին դեռ կանդրադառնանք:

Բնապահպանները լիարժեք հիմքեր ունեն ՀՀ բնապահպանության նախարարությանը, նրա աշխատակազմի հիշյալ տեսչությանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին չվստահելու և, առանց նրանց գիտության ու թույլտվության, Խոսրովի արգելոց մեկնելու ու մոնիտորինգ իրականացնելու համար: Նախարարությունում, ի՞նչ է, այդպես շո՞ւտ մոռացան իրավապահների կողմից նշված տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանին կոռուպցիոն բնույթի հանցագործության կատարման մեջ մերկացնելու, առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար ձերբակալելու, կալանավորելու, նրանց մեղադրանք առաջադրելու, ապաև դատարանի կողմից դատապարտելու փաստերը հենց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարության շրջանում, ավելին` նախարարի 2009 թ. հոկտեմբերի 27-ի, նոյեմբերի 16-ի և այլ հանձնարարագրերի հիման վրա տարբեր ընկերություններում ստուգումներ կատարելու ընթացքում:

Որոշ տնտեսվարող սուբյեկտների բողոքի շնորհիվ իրավապահներին հաջողվեց այդ խայտառակ դեպքերը բացահայտել, ինչը, սակայն, դեռ չի նշանակում, թե նույն կամ տեսչության, նախարարության այլ պաշտոնյաների կողմից նախկինում կաշառք վերցնելու կամ կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների դեպքեր չեն եղել, որ դեռ մնում են, համենայն դեպս, դե յուրե չբացահայտված:

Ինչևէ, իր բարձրաստիճան ենթակաների հիշյալ մերկացումից հետո նախարարը, կարծում ենք, առնվազն պետք է բարոյական պատասխանատվության ենթարկվեր և ինքնակամ հրաժարական տար (սա, իհարկե, այն դեպքում, եթե իրոք չի ունեցել վերցված կաշառքից իր մասը ստանալու պայմանավորվածություն, կամ տեսչության պետի, նրա տեղակալի միջոցով նախկինում կաշառքներ չի ստացել տնտեսվարող սուբյեկտներից, որսագողերից): Ինքնակամ հրաժարական չներկայացնելու դեպքում էլ նորմալ, չկոռումպացված, քաղաքական կոռուպցիայով չախտահարված երկրում, մի շարք փաստեր հաշվի առնելով, իշխանությունները նրան վաղուց պաշտոնանկ արած պետք է լինեին:

Բնապահպաններն այլ հիմքեր էլ ունեն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին չվստահելու, իրենց այցելության մասին նախարարին և ՊՈԱԿ-ին նախապես չիրազեկելու, քանի որ այս կազմակերպության գիտությամբ ու թողտվությամբ է խոսրովի արգելոցում ապօրինի շինություն կառուցվել, որն, ի դեպ, մի քանի օր առաջվա դրությամբ դեռ մնում էր չքանդված:

- Գիտեք, որ երկու ամիս առաջ, երբ մենք գնացել էինք Խոսրովի արգելոց, վերադառնալուց հետո այդ ապօրինի շինության ապամոնտաժման հարցը բարձրացրինք,- ասաց հիշյալ նախաձեռնության անդամ Մարիամ Սուխուդյանը:- Դրանից հետո նախարարը մեզ կանչեց և առաջինը հարցրեց` իսկ դուք ինչպե՞ս էիք այնտեղ հայտնվել, ո՞վ էր ձեզ թույլ տվել, ասաց` առաջինը պետք է սկսել ձեզանից, ձեր մուտքն արգելել: Այսինքն` պարզ երևում էր, որ այստեղ բնապահպանների, այդ ահազանգող քաղաքացիների համար է մուտքն արգելոց արգելվում:

Փոխանակ պետությանն ավելի քան 20 մլն դրամի վնաս պատճառած որսագողության դեպքի բացահայտման համար բնապահպաններին շնորհակալություն հայտնելու` սեպտեմբերի 25-ին «Արմատ» մամուլի ակումբում բնապահպանների մամուլի ասուլիսում անկոչ հյուրի նման հայտնված բնապահպանության նախարարության պատվիրակներից կամ ներկայացուցիչներից ոմանք նույնիսկ ասացին կամ սպառնալիքի ենթատեքստով ակնարկեցին, թե նախարարությունը դիմել է իրավապահներին` պարզելու համար նաև, թե բնապահպաններն ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով են մտել արգելոց: Կարծում ենք` սա քաղաքացիական նախաձեռնության անդամներին ահաբեկելու անհեթեթ և ապարդյուն փորձ է, որը միաժամանակ վկայում է դրա հեղինակների ցինիզմի մասին:

Հենց այստեղ էլ նշենք, որ «Արմատ» մամուլի ակումբը թեև խնդրի շուրջ քննարկում չէր կազմակերպել, այլ մամուլի ասուլիս, ուր բնապահպանության նախարարության ներկայացուցիչներն իրավունք ունեին ներկա լինելու, լսելու, ձայնագրելու, տեսագրելու, սակայն նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանի հետ միասին գալով ասուլիսի սկսվելուց բավական ուշացումով և անտեղյակ, թե բանախոսները մինչ այդ ինչ են ասել, նրանք խանգարեցին հանդիպման բնականոն ընթացքը` լրագրողներին ի վերջո զրկելով ասուլիսում բնապահպաններին հարցեր տալու հնարավորությունից, իրենք էլ խուսափելով բազմաթիվ հարցերի պատասխանելուց և իրենց ղեկավարին` նախարարին, արջի ծառայություն մատուցելով:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը, կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանն իրենց իրավունք վերապահեցին ոչ միայն ասուլիսով հանդես գալու, այլև անհեթեթ մեղադրանքներ ու «փաստարկներ» ներկայացնելու, ծիծաղելի հարցեր տալու, ողորմելի արդարացումներ մոգոնելու, հակասությունների մեջ ընկնելու: Ավելին` Արտաշես Զիրոյանը, որը վաղուց պետք է օրենքի առաջ պատասխան տված լիներ, նույնիսկ անտեղի, անհիմն և անբարո կերպով վիրավորեց հիշյալ նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանին: 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանություններ (7)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մի բան ես որ ՀԱՍՏԱՏ գիտեմ.Սյունիքի բնությունը/բնաշխարհը ԱՆՊԱՏԻԺ սպանում են:
Mari
Տպավորություն էր որ Գյուլնազ տատի հեքիաթներից էս կարդում:
Armen
Bolor@ mexadrum en irar,tpavorutyun e te duq avelilav kkaravareq erkir@
Gevorg
Հարգելի հայրենակիցներ, մենք պետք է շնորհակալություն հայտնենք բնապահպաններին:Այն ինչ նրանք պատմել են, փաստ է: Կարծում եմ, որ Դուք ինքներդ շուտով կհամոզվենք, որ իսկապես տեղի է ունեցել այն, ինչ նրանք նկարագրել են: Բացի դա, բնապաապանության որոշ պաշտոնյաններ ուղղակի իրավունք չունեն նման բնապահպանների գործելավոճը ոչ միայն կասկածի տակ առնեն, այլ նաև որոշ առումներով ծաղրեն և մեղադրեն: Որքան գիտեմ, հարուցված է քրեական գործ: Բացի դա, կարծում եմ, որ շուտով նոր հետաքրքիր մանրամասների կտեղեկանաք, իսկ մեր պաշտոնյանները, թող այս անգամ էլ այլ պատճառաբանություններ գտնեն, չնայած խորհուրդ չեմ տա:
Karo
Bnapahapanutyan nakhararutyun, chhashvats vorosh storin yev mijin oghaki pashtonyaneri, amenakorumpatsvats yev lkti nakhararutyunne. Ghekavar pashtonnerien himnakanum V. Ayvazyani koghmits nshanakvats kam mijnordats mardik. Ainpes vor bnapahpanakan gortsuneutyun aid mardkantsits petq che spasel. Orinak hetaqarqire imanal te Bnapahpanakan Porzaqnnutyun POAK yerbevitse merjele vorevitse hanqavayri shahagortsman nakhagits, kam Bnapahpanakan Teschutyun yerbevitse tekuz karchajamket gortsuneuyan kasetsum irakanatsrele vorevitse hanq shahagortsogh ynkerutyan nkatmamb? Yndhakarak, yerb mot 1-2 amis araj HH Siuniqi marzi pghnza-molibdenayin hanqavayrerits meki pochambari khoghovaki vnasman patcharov keghtajrer ltsvumein get, Teschutyun handes yekav meghmatsutsich hertapah haytararutyamb. Hasarak hartse arajanum, inchu? Voch miain hargeli Nakharar, ail ais nakhararutyan bolor ghekavar kazm petqe azatvi ashkhatanqits, yete uzumenq HH bnutyan gone pahpanum ais drutyamb.
Nare
Իսկ դուք էլ երեվի այդ ստորին կամ միջին օղակում եք աշխատել,այո
Smbat
joxovurd inchi hetevic eq @ngel,incha katarvum mer erkrum,duq spanvatz napastaki hamar irar utum eq.Heriq chi erkri nersum uteq irar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter