HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ես լալ չեմ, ես համր էլ չեմ, այլ խոսում եմ ժեստերի լեզվով»

«Ես լալ չեմ, ես համր էլ չեմ, քանի որ միտքս կարողանում եմ փոխանցել ժեստերի լեզվով, ես ինձ լիարժեք մարդ եմ համարում իմ տարիքային երեխաների նման ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ, տարբերությունը միայն այն է, որ ես չեմ լսում, միայն այդքանը»,- խուլերի միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրինան, ով Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտ է:

Նրա և նույն դպրոցում սովորող Արգիշտիի միտքը փոխանցում էր ժեստերի ուսուցչուհի Զուբեդյա Մելիքյանը:

Իրինան նշեց, որ դպրոցում ինքը ստանում է բավարար կրթություն. «Այնտեղ ես համարձակ եմ, իմ սպեցիֆիկ ձայներին սովոր են ընկերներս և ուսուցիչները, իսկ փողոցում՝ լսողների աշխարհում, այլ է, այնտեղ ինձ չեն հասկանում, ես շատ բան ունեմ մարդկանց ասելու, մտահորիզոնս բավականին լայն է, բայց մտքերս առանց թարգմանիչի չեմ կարող փոխանցել մարդկանց»:

Իրինայի երազանքն է դառնալ պարուսույց և իրենց դպրոցում սովորեցնել լատինոամերիկյան պարեր ոչ միայն լսողության խնդիր ունեցող, այլև լավ լսող երեխաներին: «Ես գեղեցիկ եմ, ես կարող եմ անել շատ բաներ, որոնք չեն կարող անել լսող մարդիկ, ինձ հետաքրքիր է լսողների աշխարհում կատարվող շատ բաներ, բայց շփումը մի փոքր բարդ է այդ աշխարհի հետ»,- ասաց Իրինան և հավելեց, որ կուզենար նաև հանրակրթական դպրոցներում լիներ առարկա, որի ընթացքում երեխաներին կսովորեցնեին ժեստերի լեզուն:

Իսկ ահա Արգիշտին, ով նաև հաճախում է կրթահամալիրի ըմբշամարտի և ֆուտբոլի խմբակներ, մի փոքր տարօրինակ, բայց անկեղծ ու հետաքրքրիր ցանկություն հայտնեց. «Ես ուզում եմ, որ աշխարհում բոլորը խուլ լինեն, այդ դեպքում կստացվի, որ ոչ ոք էլ խուլ չի, և մարդիկ իրար ավելի լավ կհասկանան, բացի այդ՝ խուլերի աշխարհը շատ հետաքրքիր է»:

Երեխաները նշեցին նաև, հասարակության վերաբերմունքն իրենց հանդեպ դրական առումով փոխվել է, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց խղճահարույամբ են վերաբերում, ինչի կարիքն ամենևին չկա, քանի որ իրենք հասարակության լիիրավ անդամ և առողջ մարդիկ են:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են մասնագետներ և նյութեր տրամադրել հանրակրթական դպրոցներին, որպեսզի այնտեղ կազմակերպվի լսողության խնդիր ունեցող երեխաների կրթությունը:

«Լսողության և նմանատիպ այլ խնդիրներ ունեցող երեխաները տուժում են մեր հասարակության մենթալիտետի պատճառով,- ասաց Ա. Ավետիսյանը,- ծնողներն իրենց վատ լսող երեխային ուղարկում են սովորական հանրակրթական դպրոց միայն այն բանի համար, որ հարևանների մոտ պարծենան, թե իրենց երեխան խուլերի դպրոց չի գնում. արդյունքում այդ երեխան, ով չի կարողանում իր միտքն արտահայտել դպրոցում, դառնում է ինքնամփոփ և ձեռք է բերում երկրորդական արատ, և միայն դրանից հետո նրան բերում են մեզ մոտ, որտեղ ամեն ինչ սկսում ենք զրոյից սովորեցնել նրան»:

Ա. Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք դեմ չեն ներառական կրթությանը, սակայն կցանկանային, որ այն ճիշտ մեթոդներով իրականացվեր. «Կրթել սկսել պետք է ոչ թե երեխաներին, այլ ծնողներին, որոնք հաճախ այդքան ծայրահեղ անհանդուրժող են լինում՝ բողոքելով, թե ինչու պետք է իրենց «առողջ» երեխան սովորի հաշմանդամի ու մտավոր հետամնացի հետ նույն դասարանում: Բացի այդ՝ հանրակրթական դպրոցներում չկա հատուկ ծրագիր, որով կարելի կլիներ ուսուցանել խուլ երեխաներին. մաթեմատիկայի ուսուցիչը մեջքով կանգնում է դեպի լսարանը և գրատախտակին ինչ-որ բան է գրում ու բացատրում, խուլ երեխան ինչպե՞ս պետք է ընկալի այդ նյութը»:

Հիշեցնենք, որ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը, որն ունի 136 աշակերտ, անվճար ուսումնական հաստատություն է:

Մեկնաբանություններ (1)

Vardan
Երևանի թիվ 27 դպրոցում նուընպես կան նման երեխաներ:Ես առիթ եմ ունեցել ներկա լինել այդ դպրոցում և մարմինս փշաքաղվել էր տեսնելով ոչ հաշմանդամ երեխաների վերաբերմունքը , հոգատարությունը հաշմանդամ երեխաների նկատմամբ: Ասեմ ,որ ես զարմացած էի նաև այդ դպրոցի տեխնիկական զինվածության մակառդակի վրա: Նման դպրոց դեռ չեյ տեսել Հայաստանում, և շատ կուզենայի որ մեր բոլոր դպրոցները այդպիսի լինեին:Շնորհակալ եմ նաև դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Սարգսյանին ,որ այդ մեծ աշխատանքը կատարում է մեծ սիրով և նվիրվածությամբ,անտեսելով բոլոր ծառացած դժվարությունները:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter