HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումը, նկատել է, որ այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների շարունակական սերտացման ևս մեկ կարևոր դրսևորում է, ինչը զարգացման լայն դաշտ և հեռանկար ունի.

«Երևանն այսօր հսկայական ներուժ ունի և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի տնտեսական առաջընթացին: Օգտվելով առիթից նաև շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` պարոն Մարգարյան, որ շատ արագ արձագանքեցիք մեր առաջարկին ու այսօր Երևանը և Ստեփանակերտը դարձան գործընկեր քաղաքներ»,- նշել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով ԼՂՀ նախագահին ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է ստորագրված համաձայնագրով նախատեսված համագործակցության ուղղություններն ու վստահեցրել, որ ըստ ոլորտների ձևավորված աշխատանքային խմբերի կողմից առաջնահերթությունների հստակեցումից հետո, կարճ ժամանակում գործնական հիմքերի վրա կդրվեն համագործակցության ծրագրերը:  Քաղաքապետը հույս է հայտնել, որ արդյունքները ևս երկար սպասել չեն տա:

«Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումները իսկապես մեծ փորձ ունեն և մենք սիրով այն կփոխանցենք մեր գործընկերներին, ինչը վստահ եմ մեծապես կնպաստի Ստեփանակերտի արդյունավետ կառավարման ու զարգացման գործին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանը պատրաստ է համագործակցության ձեռք մեկնել նաև ԼՂՀ մյուս համայնքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter