Հրազդանում հորատման աշխատանքներ են ընթանում. բաց նամակ բնապահպանության նախարարին
Բաց նամակ բնապահպանության նախարարին ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին
Հարգելի պարոն նախարար,
Սեպտեմբեր 27-ին «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, քաղաքացիներից ստացված ահազանգի հիման վրա, դիտարկում են կատարել Հրազդանի երկաթահանքի հնարավոր շահագործման տարածքում: Ինչպես պարզվեց, տեղում արդեն մոտ մեկ շաբաթ հորատման աշխատանքներ են կատարվում: Մեր ներկայացված պահանջին` ցույց տալ կատարվող աշխատանքների իրավական հիմքերը` հորատողները հայտնեցին, որ որևէ փաստաթուղթ չունեն: Հարցին, թե արդյո՞ք բնապահպանության նախարարությունը տեղեկացված է գործընթացի մասին, «Ֆորչուն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչը հեռախոսով հայտնեց, որ իրենց կողմից նման ծանուցում չի կատարվել: Ահազանգել ենք ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին, ինչպես նաև հեռախոսազրույց ենք ունեցել նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի հետ, սակայն վերջինս հրաժարվեց գործնականում արձագանքել ահազանգին` պատճառաբանելով, որ համապատասխան ընթացակարգը նման հնարավորություն չի տալիս:
Ցանկանում ենք անդրադառնալ նախորդ տաեվերջին Ձեր իսկ նախաձեռնությամբ հրավիրված բանապահպանների և «Ֆորչուն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչների հանդիպման արդյունքներին:
Հանդիպման ընթացքում փաստվեց, որ Հրազդանի երկաթահանքի շահագործման նախկին նախագիծն անցել է հասարակական լսումների «քողարկված» ընթացակարգով, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը իրականացվել է աղաղակող թերություններով, ինչը զարմանալի չէ, քանի որ հիշյալ հանքը հանդիսանում է տվյալ պահին որպես բնապահպանության նախարար պաշտոնավարող Վարդան Այվազյանի սեփականությունը:
Փորձաքննության եզրակացության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ «հանքավայրի շրջանում բացակայում են ջրային ռեսուրդները և մշակովի հողերը», այնինչ հանքային մարմնից ընդամենը 80-100 մետր հեռավորության վրա է գտնվում Հայաստանի խմելու ջրի ամենաջրառատ աղբյուրները, որոնք ջուր են մատակարարում Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներին, նույն բլրի ստորոտով են անցնում Հրազդան գետը Մարմարիկ վտակի հետ միասին, Սևան-Հրազդան կասկադի ջրատարը, որոնք 500 մետր հանքային մարմնից հեռու գտնվող Ծովինար ջրամբարի հետ կազմում են Արարատյան դաշտավայրի ոռոգման կարևորագույն հանգույցը: Իսկ հանքավայրի տարածք համարվող հողակտորների վրա այս տարի սեփականատերերը կանաչ ոլոռի, ցորենի և գարու բարձր բերք են ստացել:
Հանդիպման արդյունքում «Ֆորչուն Ռիզորսիս» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ չեն աշխատելու հանքի շահագործման նախկին նախագծով և պատվիրել են նոր նախագիծ, իսկ Դուք, ամփոփելով հանդիպումը, Ձեր կողմից հավաստիացրեցիք, որ նոր նախագիծը կանցնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը` այդ թվում, հասարակական լսումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և այլն:
Ակնկալում ենք հարգալից վերաբերմունք առ Ձեր խոստումը, ինչը ենթադրում է տարածքի հանդեպ որևէ միջամտության բացառում մինչև ՀՀ օրենքներով նախատեսված, հանքի շահագործման համար անհրաժեշտ, բոլոր ընթացակարգերի կայացումը, ինչպես նաև խնդրում ենք տրամադրել պարզաբանումներ կատարվող աշխատանքների իրավական հիմքի և այդ մասին նախարարության իրազեկության մասին:
Հարգանքներով,
«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել