Ջուրը դույլերով՝ աղբյուրներից
Դեռ 2008թ.-ին Ալավերդի համայնքի պետբյուջեին հատկացված բնապահպանական սուբվենցիաների 9 մլն. դրամ հատկացումով Ալավերդու Ս. Սարահարթ թաղամասի ջրամբարից ջրագիծ է կառուցվել Սանահին գյուղական թաղամասի ջրամատակարարման համար: Ալավերդու քաղաքապետարանի կողմից ջրագիծը հասցվել է Սանահին գյուղի ջրամբար, սակայն խմելու ջուրն առ այսօր անմատչելի է գյուղի բնակիչներին` ջրագծերի ներքին ցանցի վթարային վիճակի պատճառով:
Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը սանահինցիներին դեռ 2008թ.-ին հայտնել է, որ ջրի ներքին ցանցի վերանորոգումը պետք է կատարվի նրանց միջոցներով, որն էլ սոցիալապես անապահով գյուղացիներին արդեն 3 տարի՝ չի հաջողվում իրականացնել: Գյուղացիները, ընդ որում՝ հիմնականում կանայք, շարունակում են ջուրն աղբյուներից դույլերով կրել:
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը «Հետքի» հետ զրույցում խնդրի վերաբերյալ ասաց. «Գյուղի այն հատվածը, որն ավելի մոտ է Ս. Սարահարթ թաղամասին, մոտ 45 տուն, ջուր է ստանում մեր կառուցած ջրագծից»:
Ըստ քաղաքապետի՝ այսօրՍանահինի եկեղեցու աջ հատվածում գտնվող սանահնեցիները նույնպես կարող են ջուր ստանալ, սակայն նրանք խուսափում են տեղադրել ջրաչափ և վերանորոգել ճանապարհից իրենց բնակարաններ գնացող ներքին ջրագիծը: Քաղաքապետարանն էլ առայժ ի վիճակի չէ այդ գյուղացիների առանձին բնակարանների ջրագծերի վերանորոգման ծախսերը հոգալ:
Իսկ գյուղի ներքին հատվածի ջրամատակարարման առնչությամբ քաղաքապետն ասում է.«Այս տարի մենք «Հայջրմուղկոյուղու» հետ ծրագիր ենք իրականացրելու, կգանք ընդհանուր հայտարարի ճանապարհի քանդման և ասֆալտապատման հետ կապված, և արդեն գյուղի այս թաղամասի 20-25 ընտանիք ծրագրի կատարումից հետո ջուր կստանան: Այսինքն՝ Սանահին գյուղի մոտ 250 տներից նոր ջրագծից ջուր կստանան 75 ընտանիքներ»:
Արթուր Նալբանդյանը գյուղի մնացած 175 տների ջրամատակարարման խնդրի հետագա լուծումը տեսնում է միայն գյուղի նշյալ թաղամասերի ջրագծի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման մեջ:
Սանահինի նոր ջրատարը սնուցվում է Ագարակի ջրագծից, որը պատկանում է «Հայջրմուղկոյուղուն»: Վերջինս, սակայն, խուսափում է գյուղի ջրագծի ներքին ցանցի վերանորոգումից, քանի որ վախենում է խմելու ջրի գողություններից. «Բացի այդ՝ ներդրման ծախսերի ծավալները մեծ են, իսկ շահառուների թիվը՝ փոքր, որն էլ ներդրումների համար ձեռք չի տալիս «Հայջրմուղկոյուղուն»»,- մանրամասնում է քաղաքապետը:
Արթուր Նալբանդյանը , սակայն, կարծում է, որ Սանահինի ջրամատակարարման գործում դեռ ամեն ինչ կորած չէ: Նա նշում է, որ առաջիկայում հանդիպելու է «Հայջրմուղկոյուղու» ղեկավարության հետ .«Մեր առաջին խնդիրը հենց Սանահին գյուղի ջրամատակարարման խնդիրն է լինելու, իրենք էլ խնդիրներ ունեն: «Հայջրմուղկոյուղու» Ալավերդու մասնաճյուղի շենքը հանդիսանում է Ալավերդու քաղաքապետարանի սեփականությունը: Ճիշտ է՝ նրանք վերանորոգել են այդ շենքը, բայց խնդիրներ կան: Պատրիկ Լորենն ուզում է մեզ հանդիպել: Անպայման հանդիպման ժամանակ Սանահին գյուղի ջրամատակարարման վերջնական լուծման խնդիրը մեր կողմից կդրվի: Ու ինձ թվում է՝ «Հայջրմուկոյուղու» կողմից Սանահին գյուղի ջրագծերի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման համար ներդրում կկատարվի»:
Քաղաքապետը խոստանում է խնդրի լուծման ժամկետի հետ կապված տեղեկատվություն «Հետքին» տրամադրել Պատրիկ Լորենի հետ հանդիպումից հետո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել