HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամյանցի ժառանգները Ախթալայում են. Արամյանցի տուն մտնել լրագրողներին թույլ չտրվեց

Երեկ Ախթալա քաղաքի թիվ 2 միջն. դպրոցն անվանակոչվեց հայ մեծ բարերար Միքայել Արամյանցի անունով: Թիվ 2 դպրոցը ստեղծվել է Միքայել Արամյանցի կողմից Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցու հարող տարածքում` Ախթալայի հանքերում աշխատող բանվորների երեխաների համար` 1905 թ.-ին բացած դպրոցի հենքի վրա: Անվանակոչության արարողությանը մասնակցելու համար կնոջ և աղջկա հետ Անգլիայից Ախթալա էր ժամանել հայ բարերարի աղջկա` Աննա Արամյանցի կողմից ծոռը` Ալեքսանդր Ջանոևը: Թիվ 2 դպրոցի աշակերտները դպրոցի բակում դիմավորեցին և ողջունեցի հյուրերին: Ալեքսանդր Ջանոևը բացեց Միքայել Արամյանցի անունով դպրոցի անվանակոչության ցուցատախտակը:

Համայնքի ավագանու որոշմամբ` Ալեքսանդր Ջանոևին Ախթալա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց:

«Ես ուզում եմ ասել, որ ես շատ հուզված եմ Ախթալայում գտնվեու և այս ջերմ ընդունելության համար: Մեծ պապս շատ ուրախ կլիներ տեսնելու այս պահը»,-իր խոսքում ասաց Ջանոևը:

Վերջիս հանդիպեց նաև դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ: Ջանոևները քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ուղեկցությամբ այցելեցին նաև Ախթալայի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց և Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցի: Դիտեցին դպրոցի գլխավոր սրահում փակցված Արամյանցի ընտանեկան լուսանկարները: Ալեքսանդրը իր հետ Ախթալա էր բերել իր տատից` Աննա Արամյանցից ժառանգություն մնացած ընտանեկան այլ լուսանկարներ:

«Իմ ձեռքի տակ եղած նկարները կրկնօրինակված են, օրիգինալները ես պահում եմ խնամքով, որովհետռւ այդ լուսանկարները մոտ 100 տարի առաջ Ռուսաստանի Նիկոլայ 2-րդ ցարի անձնական լուսանկարիչի կողմից նկարված լուսանկարներ են»: Միքայել Արամյանցը ժամանակին այդ լուսանկարիչին հրավիրել է իր ընտանիքին նկարելու:

Հյուրերը ծանոթացան նաև եկեղեցու պատմությանը: Այնուհետև Ջանոևը իր ընտանիքի հետ պետք է այցելեր իր մեծ պապի կողմից 1898 թ.-ին կառուցած Ախթալայի հանրահայտ դղյակը, որը ներկայումս Սերոբ Տեր–Պողոսյանի սեփականությունն է:

Լեռնահարստացման կոմբինատի անվտանգության աշխատողները Ալեքսանդր Ջանոևին և նրա ընտանիքին ընկերության սև ջիպերով եկեղեցու բակից տեղափոխեցին Արամյանցի տուն: Բարերարի ծոռի հետ դղյակ մտնելու իրավունքից զրկվեցին լրագրողները: Սկզբում ասացին, որ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը թուլլ է տվել դղյակի տարածք մտնել միայն մեկ օպերատորի, սակայն վերջինիս առաջ նույնպես Արամյանցի տան դարպասները փակեցին ԼՀԿ-ի մի խումբ անվտանգության աշխատողներ:

Արամյանցի դղյակը պատմամշակութային հուշարձան է: Ժամանակին այստեղ կազմակերպվել է գրական և մշակութային երեկոներ: Դղյակում Արամյանցի հրավերով հանգստացել են Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, գրողներ Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, նկարիչ Վարդգես Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը և շատ այլ հայտնի գործիչներ: Ինչու է ազգային մշակութային այս գեղեցիկ օջախը, այն էլ ջրի գնով `1,2 մլն դրամով դարձել Սերոբ Տեր–Պողոսյանի սեփականությունը:   

Իսկ մինչ այդ «Հետքը» մի քանի հարցեր ուղղեց Ալեքսանդր Ջանոևին 

-Ինչպես են Միքայել Արամյանցի ժառանգները հայտնվել Անգլիայում: 

Երբ 1921 թ.-ի հեղափոխության հետ կապված խնդիրները առաջացան, տատիկը ` Աննա Արամյանցը եկավ Լոնդոն: Իսկ մինչ այդ իմ տատիկը իմ քեռուն 1914-15թթ.-ին ուղարկել էր Անգլիա սովորելու: Ցավոք, իմ այդ քեռին շատ շուտ մահացավ: Եվ այսպիսիով, նրանք չկարողացան հետ վերադառնալ, փաստորեն Իռլանդիայում իրենց կյանքը սկսեցին զրոյից: 

- Ինչո՞վ եք դուք ներկայումս զբաղվում Անգլիայում: 

- Ես ծնվել եմ Վինձորում, որը Լոնդոնի արվարձանն ու թագուհու ամառանոցներից մեկն է: Սովորել եմ հայտնի գիշերօթիկներից մեկը` «Սիթի» կոլեջը, որտեղ ես ֆինանսական գործ եմ սկսել սովորել և հավաստագրված հաշվապահ եմ: Նաև ուզում էի պապիկիս պես ճարտարապետ դառնալ, սակայն հայրս ասեց, որ ավելի լավ է ֆինանսիստ լինել, որովհետև մեր օրերում ֆինանսիստները շատ ավելի բարձր ու կայուն եկամուտներ են ունենում և բարեկեցիկ են ապրում: Ախթալայի հետ իմ հուշերը հիմնականում գալիս են իմ մայրիկի և տատիկի պատմածներից: Մայրս ծնվել է 1903թ.-ին Ախթալայում, և նա հաճախ էր հիշատակում այս վայրը: Եվ միշտ ասում էր, որ սա մի կախարդական վայր է: 

 -Ինչպե”ս եք վերաբերում Ձեր մեծ պապի կողմից կառուցած և նրա անունով կոչվող Արամյանցի դղյակի ժառանգորդ լինելու և այն մշակութային թանգարան դարձնելու մտքին: 

-Ես գիտեմ, որ այդ հարցի հետ կապված` իրականում շատ քիչ բան է կախված ինձանից: Դա ավելի շատ ՀՀ կառավարության գործն է, այս պահին միայն կարող եմ ասել, որ ես շատ ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում և Ախթալայում լինելու համար և ես բարձր տպավորությունների տակ եմ: 

-Եթե ՀՀ կառավարությունը, այնուամենայնիվ, Ձեզ առաջարկեի տեր կանգնել Ձեր պապի թողած այդ հրաշալի դղյակին, դուք ցանկություն և հնարավորություն կունենա՞ք այն վերակառուցելու: 

- Դա հնչում է որպես շատ լավ միտք, գաղափար, իհարկե, շատ հաճելի է ինձ համար նման կարծիք լսելը տեղում, բայց, գիտեք, ես իրականում ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանությունից, որովհետև դա ավելի շուտ կառավարության գործն է: 

 -Դուք մայրական կողմից հայ եք, ո՞վ եք դուք հայրական կողմից: 

-Տատս Աննա Արամյանցն էր: Հայրական կողմից Ջանոևները Թիֆլիսի հայերից են: Մայրս ու հայրս Թիլիսից են միմյանց ճանաչել: Բայց ավելի մոտ շփվել և ամուսնացել են Անգլիայում: Ես մորս միակ որդին եմ: Ծնվել եմ, երբ մայրս 48 տարեկան էր, բժիշկը ասել է, որ դա հրաշք է, կնոջ մոտ 48 տարեկանում ծննդաբերություն հազվադեպ է լինում:  Կնոջս մայրը բելգիացի է, հայրը անգլիացի: Կինս` Ան Ռոդնին ` հին անգլիական տոհմից է: Անգլիայի պատմության մեջ շատ հայտնի ծովակալ կար 18 –րդ դարում, Անը նրա ուղղակի ժառագորդն է: Աղջիկս` Կատյան հենց նոր է ավարտել կաթոլիկ դպրոցը: Երկուշաբթի նա կսկսի իր դասերը Օքսֆորդի համալսարանում: 

Մեկնաբանություններ (2)

Gevorg
Ays toxn asum e amen inch - Veradarcnel joxovurdin!
Marianna
ՀՀ Կառավարությունը ժամանակին չի մտածել, թե ումէ տալիս կամ բառիս բուն իմաստով, նվիրում Արամյանցի դղյակը: Մանկապիղծ մի մարդու, որն իր սև գործերը հենց այդտեղ էլ արել է. փչացրել մեր երեխաներին, մեր ազգը շարունակողներին: Հիմա կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ դղյակը հետ վերադառնա ԱԽԹԱԼԱՅԻՆ: Միայն այսպես, միայն որոշ զոհողությունները, ներդրումների արդյունքում, Ախթալայում զարգացման նշույլներ կնշմարվեն: Զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունեցող այս բնակավայրն այսօր խայտառակ աղքատության ու հոգեկան ճնշվածության մեջ է ապրում: Գոնե մեկ անգամ մտածեք ժողովրդի մասին, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, փորձեք սիրել ձեր ժողովրդին, հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ ամոթանք տվեք, թե լավ գործեր անելու փոխարեն, ինչու եք հարստացնում առանց այն էլ, տրաք-տրաք լինող ձեր գրպաննները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter