HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու եւ ինչպես «հանձնել» Օսկանյանին

Այն, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը հիմնականում քաղաքական ենթատեքստ ու նշանակություն ունի, հիմնավորվում է մի քանի պարզ իրողություններով: Նախ` այս նախաձեռնությունը ցուցաբերվեց ԱԱԾ-ի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողերի լվացման և յուրացման հատկանիշներով քրգործի հարուցումից միայն չորս ամիս անց, երբ արդեն հետևում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օսկանյանի նկատմամբ նման պատասխանատու քայլի ձեռնարկումը պարունակում էր քաղաքական ցնցումների  լուրջ պոտենցիալ, որը բացասական ֆոն էր ստեղծելու և գուցե առաջացներ նաև ԲՀԿ-ի էական հակազդեցությունը՝ դրանից բխող հետևանքներով, իշխանությունը պարզապես որոշեց նախկին արտգործնախարարի «հարցերը լուծել» ՏԻՄ ընտրություններում հերթական հաղթանակը հանգիստ, ԲՀԿ-ի հետ փոխհամաձայնության մթնոլորտում ձևակերպելուց հետո: 

Երկրորդ` դատախազը միջնորդագիրը ներկայացրեց 2 շաբաթ առաջ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության գործունեությունը խիստ քննադատության ենթարկելուց, այսպես կոչված «ատկատային» բացահայտումներն անելուց և գնումների գործակալության պետին պաշտոնանկ անելուց հետո: Եթե հաշվի առնենք, որ միջնորդագիրն ուղարկելուց անմիջապես հետո, միանգամայն անսպասելի ձերբակալվեց նաև սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ակնհայտ է դառնում, որ խնդիր է դրվել Օսկանյանի «հարցերը լուծելու» օպերացիան իրականացնել այնպես, որ դա դիտարկվի հենց կառավարության աղմկահարույց խորհրդակցությամբ մեկնարկած, իբր կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ Սերժ Սարգսյանի սկսած լուրջ ու աննահանջ պայքարի համատեքստում:

Սա ինքնանպատակ չի արվում: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Վարդան Օսկանյանը որևէ ձևով չի համաձայնելու գնալ խնդրի բացառապես իրավական լուծման ճանապարհով. մի կողմից` որովհետև նախապես հայտարարել է իբրև իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման դրսևորում, և երկրորդ` որովհետև այդ դեպքում մնալու էր մեն-մենակ:

Պատահական չէ, որ անձեռնխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդագրի ներկայացումից հետո, որոշակի կամուկացից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ այդ նախաձեռնությունը քաղաքական հետապնդում  է ոչ միայն Օսկանյանի, այլև ողջ կուսակցության նկատմամբ, ինչը նշանակում է, որ հարցն ամբողջությամբ քաղաքականացվելու է: Մյուս կողմից՝ միջնորդագրի մասին հայտնի դառնալուց հետո Օսկանյանը «Սիվիլիթաս»-ում հրավիրում է այլ երկրների դեսպանների և նրանց պարզաբանումներ տալիս գործի բովանդակության և դրանում իր ներգրավվածության մասին, որով հստակ հասկացնում է, որ հարցին տալու է միջազգային հնչեղություն` փորձելով պաշտպանություն փնտրել նաև միջազգային հանրության և կազմակերպությունների մոտ:

Սա չափազանց լուրջ մարտահրավեր է իշխանությանը, որն առանց այն էլ մեծ դժվարություններ ունի ապացուցելու «Սիվիլիթաս»-ի և Օսկանյանի կողմից հատկապես փողերի լվացման գործառնություններ իրականացնելու փաստը: Եվ իշխանության ներսում սկսված ատկատային այս որսերը, փոքր ու միջին տրամաչափի շնաձկների պաշտոնանկություններն ու ձերբակալությունները կոչված են ստեղծելու իշխանության ինքնապաշտպանության անհրաժեշտ ֆոնը: Երբ իշխանության նկատմամբ մեղադրանք հնչի, թե ի դեմս Օսկանյանի նկատմամբ սկսված հետապնդումների՝ Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձում է շարքից հանել իր հիմնական քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին, իշխանությունը կփորձի հակադարձել նրանով, որ Օսկանյանի նման պատասխանատվության են կանչվում նաև նախագահի թիմակիցները, «յուրայինները», հետևաբար սա ուղղորդված գործընթաց չէ: Կարճ ասած` իշխանությունը փորձում է խուսափել «տիմոշենկոյի սինդրոմից»:

Սակայն հարցն այն է, թե ինչու է իշխանությունը, այնուամենայնիվ, ուզում մինչև վերջ «ճզմել» նախկին արտգործնախարարին: Պարզ է, որ այստեղ Օսկանյանի ընդդիմադիր հայացքներն ու սուր քննադատությունները երկրորդական են: Դրանք հնչում էին նաև մինչև Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելը: Սակայն միայն այն հանգամանքը, որ հենց այս կուսակցությանն անդամակցելուց և այդ դաշտից քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելուց հետո ԱԱԾ-ն հանկարծ հայտնաբերեց մի քանի տարի գործող «Սիվիլիթասի» «փողալվացման մեքենան», վկայում է, որ խնդիրն ավելի շատ ՀՀԿ-ԲՀԿ-Օսկանյան եռանկյունու մեջ է, որտեղ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ նկատառումներից ելնելով` Սերժ Սարգսյանը Օսկանյանի դերակատարությանը, նրա գործոնին հատկացնում է շատ կարևոր, ըստ էության՝ հանգուցային նշանակություն: Եվ, փաստորեն, նա ոչ այնքան անձնապես Օսկանյանի, որքան նրանով պայմանավորված՝ այդ հանգուցային կետի հետ կապված իր խնդիրներն է փորձում կարգավորել: Այս իմաստով կարող է լինել երեք հնարավոր տարբերակ:

Տարբերակ 1.

Սերժ Սարգսյանը փորձում է ԲՀԿ-ից հանել այն «կույր աղիքը», որը ԲՀԿ-ին իր համար դարձնում է անվերահսկելի և դրդում ոչ թե համագործակցության, այլ մրցակցության: Այս տարբերակը իրական էր թվում Օսկանյանի նկատմամբ քրգործի հարուցման շրջանում, երբ ակնհայտ էին ԲՀԿ-ին իշխանությունից պոկելու և ինքնուրույն քաղաքական միավոր դարձնելու վերջինիս անթաքույց նկրտումները: Սակայն վերջնարդյունքի վրա Օսկանյանի այս ազդեցությունն էական նշանակություն չունեցավ: ԲՀԿ-ն ընդդիմություն չդարձավ և ընդամենը ֆորմալիզացրեց այն կարգավիճակը, որն ուներ կոալիցիոն իշխանության մեջ գտնվելիս: ԲՀԿ-ն ընդունեց ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, չգնաց բողոքարկման, ռադիկալ քայլերի, համակերպվեց երկրորդի կարգավիճակի հետ: Ավելին. Ծառուկյանն ըստ էության նույնիսկ գործակցության մեջ մտավ իշխանության հետ Գյումրիում և խոշոր համայնքներում տեղական իշխանությունների ընտրության հարցում, և դա տեղի ունեցավ Օսկանյանի ճչացող լռության ֆոնին: Օսկանյանն այս ընթացքում ակնհայտրորեն խուսափում էր հրապարակային ակտիվ գործունեությունից: Նույնիսկ ինչ-որ առումով մեկուսացած էր ԲՀԿ-ի կորիզից և վերծվել էր «օտարների մեջ յուրայինի և յուրայինների մեջ օտարի»: Այսինքն` ընտրություններից հետո Օսկանյանն այլևս էական գործոն չէր ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում: Եթե Սերժ Սարգսյանի խնդիրը  միայն նրա գործոնը ԲՀԿ-ում թուլացնելը կամ չեզոքացնելը լիներ, ապա տեղի ունեցած այս դիրքային փոփոխությունից հետո նման ռիսկերի, քաղաքական ցնցումներ ենթադրող այսպիսի պրոցեսներ ձեռնարկելու անհրաժեշտություն չէր ունենա:

Տարբերակ 2.

Սերժ Սարգսյանը փորձում է ԲՀԿ-ին ստիպել համաձայնել իշխանության վերաբաժանման այնպիսի սցենարի, որից Գագիկ Ծառուկյանն ու գուցե նաև նրա թիկունքում Ռոբերտ Քոչարյանի «ստվերը» ստանան նվազագույն օգուտներ: Հայտնի է, որ ԲՀԿ-ն իշխանության հետ պայքարը կամավոր կերպով իջեցնում է վարչապետի պորտֆելի և կառավարության կաբինետի նկատմամբ ունեցած հավակնությունների տիրույթ:

Սա կարելի է համարել Վարդան Օսկանյանի սցենարը, ավելի ճիշտ դրա մոդիֆիկացված տարբերակը, որի մասին նախկին արտգործնախարարը անընդհատ խոսում ու ակնարկում էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Այն ժամանակ Օսկանյանը փաստացի ընտրողներին առաջարկում էր ձայն տալ ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս ԱԺ-ում մեծամասնություն կազմի և կառավարություն ձևավորելու իրավունք ստանա: Այս սխեման աշխատելու դեպքում Սերժ Սարգսյանն ավտոմատ վերածվում էր «անգլիական թագուհու» և սկսում նախագահ աշխատել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական կառավարության մոտ: Հիմա ԲՀԿ-ն կառավարություն կազմելու հարցում որոշիչ փաթեթն ուզում է ձեռք բերել արդեն կուլիսային պայմանավորվածությունների միջոցով:

Պատահական չէր Ահարոն Ադիբեկյանի հրապարակած վերջին սոցհարցումների արդյունքները, որով հաստատվում էր, թե Գագիկ Ծառուկյանին նախագահ է ուզում տեսնել ընտրողների ավելի քան 60 տոկոսը: Սա ակնհայտ ճնշում էր Սերժ Սարգսյանի նկատմամբ առ այն, որ վարչապետի և կառավարության հարցում ԲՀԿ-ի համար նախընտրելի լուծումների չգնալու դեպքում ԲՀԿ-ն կարող է նաև այլընտանքային թեկնածու առաջադրել` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, կամ գուցե նույնիսկ Վարդան Օսկանյանի: Եվ օգտագործելով «Սիվիլիթասի» միջոցով փողեր լվանալու և յուրացնելու թեման` իշխանությունը կարող է այն որպես զսպաշապիկ օգտագործել ԲՀԿ-ի նկատմամբ ճիշտ այնքանով, որքանով կարող են ինչ-որ մութ պատմություններ բացահայտել ԲՀԿ-ական նախկին նախարարների պաշտոնավարման շրջանում, նրանց ենթակայության ոլորտներում կատարված չարաշահումների  հետ կապված: Եթե այդպես է, ապա թե քաղաքաշինության և առողջապահության նախկին նախարարներ Վարդան Վարդանյանի և Հարություն Քուշկյանի և թե Օսկանյանի շուրջ ընթացող վերջին այս զարգացումները կարելիէ համարել որպես ՀՀԿ-ի հետ ընթացող կոմպրոմատային պատերազմի հերթական հանգրվանը կամ ԲՀԿ-ի նկատմամբ շանտաժի որոշակի դրսևորում: Տրամաբանությունը թվում է շատ պարզ. ճնշել ԲՀԿ-ին ու Ծառուկյանին այնքան, որ նրանք համաձայնեն պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունն սպասվող նախագահական ընտրություններին, բայց հրաժարվեն վարչապետի պաշտոնի նկատմամբ իրենց հավակնություններից:

Սակայն հարց է առաջանում. արդյո՞ք Սերժ Սարգսյանը մինչև վերջ հաշվարկել է սկսած այս խաղի բոլոր հնարավոր հետևանքները: Խնդիրն այն է, որ Օսկանյանի  դեմ սկսված այս պրոցեսը կարող է վերջնականապես ԲՀԿ-ին մղել ընդդիմության և այնտեղ գործող հիմնական խաղացողներին իր շուրջը բյուրեղացնելու դաշտ: Ի վերջո ԲՀԿ-ն կարող է հայտարարել, որ ընտրություններին հանդես է գալու սեփական թեկնածուով և այդ թեկնածուն ոչ ավել ոչ պակաս կարող է լինել հենց Վարդան Օսկանյանը: Նրա թեկնածության առաջադրումը այսպիսով կարող է վերածվել նախկին արտգործնախարարի և ԲՀԿ-ի քաղաքական պաշտպանության ամենակարևոր կռվաններից մեկը: Այդպիսով ԲՀԿ-ն կարող է Սերժ Սարգսյանին ներքաշել մրցակցին այս քրգործով շարքից հանելու քարոզչական դաշտ:

Միակ բանը, որը կարող է Սերժ Սարգսյանին ստիպել անտեսել նման զարգացումները, նրա մոտ այն հնարավոր խորը համոզվածությունն է, որ ԲՀԿ-ի ներսում առկա օլիգարխիկ մեծ ու փոքր շրջանակները երբեք չեն համարձակվի Ծառուկյանի հետ մղվել ընդդիմադիր դաշտ: Այսինքն` եթե վերջինս գնա այդ քայլին, ապա ԲՀԿ-ին, առնետավազքի ավանդական կանոններով, կտանի փլուզման:

Տարբերակ 3.

Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է ի դեմս Վարդան Օսկանյանի` ստեղծել իր համար պսևդոմրցակից, ընդդիմության կեղծ միասնական թեկնածու և դրա համար օգտագործում է նրանից քաղաքական հալածյալի կերպար ստեղծելու մեթոդաբանությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանում հասարակությունը մոբիլիզացվելու հատկություն դրսևորում է բացառապես նախագահական ընտրությունների շրջանում` ընդգծված այլընտրանքային, խարիզմատիկ լիդերների ետևից գնալով: Նախկին երկու նախագահների համար սա միշտ եղել է գլխացավանք և միշտ հանգեցրել հասարակական-քաղաքական լրջագույն ցնցումների: Քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը ոչ մի նախադրյալ չի ստեղծում հանրային քաղաքական մոբիլիզացիայի հանգեցնող միասնական թեկնածուի առաջադրման համար: Սակայն ոչինչ բացառել չի կարելի:

Ընդ որում` Սերժ Սարգսյանի համար էականը ոչ թե նման թեկնածուի ի հայտ գալն է, այլ ընտրությունները մարդավարի, այսպես կոչված «ժողովրդավարական չափանիշներին համապատասխան» անցկացնելը, հատկապես իշխանությունն ամբողջությամբ իրեն ենթարկեցնելու և 2008-ի մարտի 1-ի քաղաքական հետևանքներից թոթափվելու համար: Իսկ դա այս իշխանության համար, որը տապալել է գործնականում բոլոր հիմնական առաջնահերթություններն ու ծրագրերը, անհնար կլինի իրագործել որևէ  ձևաչափով միավորված ընդդիմության և ընտրազանգվածի պարագայում: Դա թույլ չտալու ամենահետաքրքիր և կարճ ճանապարհը ընդդիմության ձեռնարկումների կառավարելիության ապահովումն է: Իսկ սրա լավայուն միջոցն էլ կառավարելի մրցակից կամ մրցակիցներ ունենալն է: Օսկանյանին քաղհալածյալ, մարտնչող մարտիկ ներկայացնելով իշխանությունն ինքնաբերաբար թույլ է տալիս, որպեսզի հասարակությունը, քաղաքական ուժերը ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց Օսկանյանի անձի և նրա իրավունքների պաշտպանության շուրջ համախմբվեն, դրան ողղեն իրենց էներգիան: Եվ իրական միասնական թեկնածուի հարցը ինքնաբերաբար արանքից դուրս կմղվի:

Սակայն որպեսզի այս սցենարն իրականացվի, անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ն դրա մասը կազմի: Այս պարագայում վերջինս կրկին սկսում է կատարել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կառավարող, հետագայում նաև փոշիացնող կարևորագույն գործիքի դերը, որը հաջողությամբ կամա թե ակամա, կիրառվել է վերջին երեք համապետական ընտրություններին: Բայց հարցն այն է, թե ի?նչ է դրա դիմաց ակնկալելու ԲՀԿ-ն:

Ինչևէ, թե այս տարբերակներից որի հետ գործ ունենք, կամ թե արդյոք այս ամենը բոլորովին այն արեայից չէ, կերևա առաջիկայում` հատկապես ԲՀԿ-ի կեցվածքից ու կայացվելիք որոշումներից, իչնպես նաև ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդության քննարկումներից և հետագա զարգացումներից: Բայց որ արդեն հիմա մենք գործ ունենք 2013-ից հետո գալիք իշխանության ձևավորման խորքային գործընթացների հետ, որևէ կասկած չկա:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Հավանաբար 3րդ տարբերակն է: ԲՀԿն զոհելու է Օսկանյանին որ ստանա իսկական օպոզիցիայի կերպար և փախցնի ընդիմադիր ձայներն: Բայց հավանաբար ԲՀԿի թեկնածուն ոչ թէ Ոսկանայանը կլինի, այլ Ծառուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter