HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. զանգվածային մշակույթի մասին

Արդեն ստալինյան շրջանում Խորհրդային պետության կողմից ստեղծվում եւ տարածվում էր լայն լսարանի համար նախատեսված մի մշակույթ, որը, հակառակ իր գաղափարաբանական «բարձր» նպատակներին, կարող էր անվանվել զանգվածային: Բացի այդ, գոյություն ունեին ավելի տեղային բնույթ ունեցող ոչ պաշտոնական մշակույթներ նույնպես, մասնավորապես, քաղաքային բանահյուսության այնպիսի ձեւեր, ինչպես երեւանյան ռաբիզը:

Հայաստանի ներկա զանգվածային մշակույթը (թերեւս ավելի ճիշտ կլինի խոսել հոգնակի թվով, այսինքն, մշակույթների` մշակույթի հիմնական հոսանքի եւ տարատեսակ ենթամշակույթների մասին), որը ձեւավորման բուռն ընթացքի մեջ է, թեեւ զգալի չափով գալիս է խորհրդային անցյալից, ունի նաեւ բոլորովին նոր կողմեր: Ըստ այդմ` դրա քննությունը պահանջում է նոր տեսանկյուն, որ թելադրված է այդ մշակույթի գլոբալ համատեքսով, եւ համապատասխանաբար` ուսումնասիրության նոր սկզբունքներ ու միջոցներ:

Նկատենք, որ ոչ արեւմտյան հասարակությունների համար սպառնալիք դառնալուց առաջ, զանգվածային մշակույթը, երբ այլեւս նշմարվել էին դրա ազդեցության ձեւերն ու մասշտաբները, որպես սպառնալիք ընկալվել եւ տեսական-քննադատական անդրադարձի եւ բուռն քննարկումների նյութ է դարձել հենց արեւմտյան հասարակություններում: Զանգվածային մշակույթի մեկնաբանության` տասնամյակների պատմություն ունեցող ավանդության հետ ծանոթությունը կօգներ զգալիորեն ավելի արդյունավետ դարձնել վերջին տարիներին Հայաստանում այս թեմաներով տեղի ունեցող մշակութային բանավեճերը:

Առավել հայտնի եւ ազդեցիկ քննադատական ավանդությունը կապված է Ֆրանկֆուրտի սոցիոլոգիական դպրոցի գործունեության հետ: 1930-ականներին են վերաբերում այս թեմային նվիրված Վալտեր Բենյամինի եւ Թեոդոր Ադոռնոյի կարեւոր տեքստերը եւ նրանց միջեւ ծավալված բանավեճը: Լավատեսությունը, որ Բենյամինի մեջ ծնում էր զանգվածային մշակույթը եւ առաջին հերթին` կինոն, գալիսի էր վերջինիս ժողովրդական բնույթից, նրա հանրամատչելիությունից: Ակնկալիքն այն էր, որ կորցնելով հանդերձ գեղագիտական արժեքը եւ քննադատական կարողությունը, նոր մշակույթն ավելի հարմարեցված է քաղաքական հաղորդակցության նպատակներին:

Սրան հակառակ, Ադոռնոն ուշադրություն էր հրավիրում երաժշտության եւ ընդհանրապես արվեստի բոլոր ձեւերում առաջ եկած իրադրության մի քանի կողմերի վրա. արվեստի գործի եւ առհասարակ մշակույթի ապրանքայնացումը, մշակույթի ընկալման համար լսարանից պահանջվող ունակությունների շեմի ծայրահեղ իջեցումը եւ այլն: Սրանք, թելադրված լինելով շուկայի տրամաբանությամբ, արտահայտվում էին մասնավորապես երաժշտական եւ այլ «աստեղերի» պաշտամունքի մեջ, երբ ստեղծագործության գեղագիտական արժեքին փոխարինում էր «պաշտամունքային արժեքը», որը նրա առեւտրային կարգավիճակի եւ մասսայականության հետեւանք էր: Ստանդարտացված մշակույթը ծնում էր ստանդարտացված սպառման ձեւեր եւ սպառողներ` ի վերջո ձեւավորելով հարմարվողական հասարակություն:

Մեկ այլ կարեւոր հետազոտական ուղղություն ներկայացնում է «մշակութային ուսումնասիրություններ» (Cultural studies) անունն ստացած բնագավառը, որի ձեւավորման վճռական շրջանը 1960-ականներն էին: Սրա համար առավել կարեւոր աղբյուրը բրիտանացի մշակութային քննադատ Ռայմոնդ Վիլյամսի աշխատանքն էր: Ի հակադրություն մշակույթի տիրապետող հասկացության` մեծ արտիստների ստեղծած եւ իսկական (աուտենտիկ) մշակույթ, Վիլյամսը առաջարկեց մշակույթի առավել ընդգրկուն սահմանում` անվանելով այն «կյանքի ամբողջ ձեւը (կերպը)» (“a whole way of life”): Սա եւ տարբեր է այդ էլիտային հասկացությունից, եւ մշակույթի շրջանակի մեջ է առնում ոչ միայն ամեն տեսակի ստեղծագործություններ, այլեւ դրանց սպառման եւ իմաստավորման պրակտիկաները մարդկանց ամենօրյա կյանքում:

Մշակութային ուսումնասիրությունների բնագավառում առաջ է քաշվում նոր մոտեցում, որտեղ գեղագիտական դատողությունը մղվում է երկրորդ պլան. կարեւորը մշակույթի «լավ» կամ «վատ», «բարձր» կամ «ցածր», «աուտենտիկ» կամ «սպառողական» լինելը չէ: Գնահատման չափանիշն այստեղ ձեւավորվում է գաղափարաբանական վերլուծության հիման վրա, երբ քննդատությունը ձգտում է հասկանալ եւ ի ցույց դնել այն ձեւերը, որոնցով մշակութային պրակտիկաները կապված են քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իշխանության հետ, ինչպես նաեւ պարզաբանել դրա հնարավոր հետեւանքները: Այս տեսանկյունից դիտված` զանգվածային մշակույթը մի ասպարեզ է, որտեղ պայքար է մղվում մշակութային իմաստների համար, որտեղ ձեռք է բերվում համաձայնություն կամ ձեւավորում է դիմադրության, որտեղ հաստատվում եւ վերարտադրվում է մշակութային գերիշխանությունը կամ, ընդհակառակը, այդ գերիշխանությանը մարտահրավեր է նետվում:

Վստահ եմ, որ Հայաստանում նույնպես զանգվածային մշակույթի քննադատական վերլուծության նպատակը պետք է ձեւավորվի հենց այս հունում: Բանը միայն այն չէ, որ այսօր «բարձր» («հոգեւոր», «իսկական ազգային») մշակույթի դիրքերից «ցածր» մշակույթի քննադատությունը մեծ հաշվով անարդյունավետ է: Այս դիրքորոշման մեջ կարելի է նշմարել նաեւ նախկին արտոնյալ սոցիալական կարգավիճակից զրկված մտավորականության շահագրգռությունը` «բարձր» մշակույթի հետ միասին վերագտնելու սեփական բարձր դիրքը, վերստին արժեւորելու իր արժեզրկված «մշակութային կապիտալը»: Ինչպես երեւում է «Նոր դարասկիզբ» գրության մեջ բերված օրինակից` «կամ Բա՛խ, կամ բարիբա՛խ», խորհրդային շրջանում ձեւավորված ազգային մշակույթի հղացքը եւս մեծապես հաշվի է նստում «բարձր-ցածր» հակադրության հետ: Բայց, ինչպես ասում են, ժամանակները փոխվել են, սոցիալիստական արդիականացման հեռանկարն անհետացել է, հասարակական առաջընթացի գաղափարն այլեւս չունի նախկին հավաստիությունը…

Մի քանի անգամ գրել եմ այն բանի մասին, թե ինչպես Հայաստանում սպառողականության եւ զանգվածային մշակույթի տարածումը, ժամանցի արդյունաբերության ձեւավորումը ծառայեցին նորահայտ հարուստների` որպես նոր էլիտային խավի եւ նրանց անօրինական հարստության լեգիտիմացմանը: Բայց ամեն դեպքում, հասկանալի է, որ զանգվածային մշակույթն անխուսափելի է եւ հասարակության մեծ մասի համար չի կարող փոխարինվել ոչ մի տեսակի բարձր մշակույթով, որ իշխանության նպատակին ծառայելու հետ միասին, այն սպառողին հաճույք է պատճառում եւ, որ պակաս կարեւոր չէ, այնպիսի անձնական եւ հավաքական իմաստների աղբյուր է, ինչպես պատկանելության զգացումը, ժամանակակից կենսաոճերի կառուցումը, հաղորդակցության որոշակի կոդերի ձեւավորումը եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter