
Հեղինե Բիշարյանը չիր պատրաստելու գումար միշտ էլ ունեցել է
Հավանաբար շատերն են հիշում, որ 2010 թ.-ի վերջին ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը դժգոհում էր, թե գնաճն իր ընտանիքի վրա էլ է բացասաբար անդրադարձել եւ ինքը չի կարողացել շատ չիր պատրաստել:
Ուսումնասիրելով ՕԵԿ-ական պատգամավորի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը՝ պարզվեց, որ Հեղինե Բիշարյանը 2009 եւ 2010 թվականներին ունեցել է ընդամենը 3 մլն 609 հազ. 40 դրամի եկամուտ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է: Պարզվում է, պատգամավորն այնքան էլ անկեղծ չի եղել եւ հասարակությունից թաքցրել է իր դրամական միջոցները:
Դիտարկելով 2011թվականի պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվում է, որ տարվա սկզբին նա ունեցել է 20.000 դոլար, որը փոխանցվել է նախորդ տարիներից, իսկ 2011-ի տարեվերջին գումարի չափը ավելացրել է հասցնելով 25.000 դոլարի:
Նշված տարում Հեղինե Բիշարյանի եկամուտը` 3 մլն 387 հազար 250 դրամ է եղել, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, իսկ 3600 դոլար եկամուտ էլ ստացել է գույքի օտարումից:
Հեղինե Բիշարյանի ամուսինը` Նորիկ Սարգսյանը, 2011 թ. սկզբին ունեցել է 45.000 դոլար, իսկ տարեվերջին` 50.000 դոլար: Նրա եկամուտը կազմում է 3 մլն 264 հազար դրամ, որը բաղկացած է աշխատավարձից` 2 մլն 760 հազար դրամ եւ կենսաթոշակից` 504 հազար դրամ:
Պատգամավորի որդին` Կարեն Սարգսյանը, ունեցել է ընդամենը 1 մլն 200 հազար դրամի եկամուտ, որը տարվա աշխատավարձն է:
Մեկնաբանել