HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ արաբական երկրների իր գործընկերների հետ

Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ: 

Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվեցին ՀՀ Նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր փոխանակվեցին Միջին Արևելքում ընթացող զարգացումների շուրջ: 

Էդվարդ Նալբանդյանի և Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի զրույցի ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների  ընդլայնմանը: Այս առումով կարևորվեց Ամմանում ՀՀ դեսպանի հավատարմագրումը և ՀՀ պատվո հյուպատոսության հիմնումը, իրականացվող մշակութային փոխանակումները: Նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, գործարար կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացման համար:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ:

Սիրիայի արտգործնախարարը ներկայացրեց երկրում վերջին զարգացումները և մոտեցումները ՄԱԿ-ի և Արաբական լիգայի  բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող բախումների և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ անհնար է հասնել ճգնաժամի հաղթահարման առանց բոլոր կողմերից բռնությունների դադարեցման և բոլոր սիրիացիների շահերն հաշվի առնող  քաղաքական երկխոսության:  

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter