
Քննիչի թողած «հետքերը». Նարեկ Հարթունյանը չի կարող երկրից դուրս գալ
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Հարթունյանի քրեական գործով դատական նիստի սկզբում դատավոր Ռ. Ազարյանը հրապարակեց Հարթունյանի միջնորդությանը մերժելու մասին որոշումը: Նարեկը դատարանին միջնորդել էր` թույլատրել 2012 թ. հոկտեմբերի 18-ից մինչ նոյեմբերի 7-ը Հայաստանից բացակայել` «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը համերգների նպատակով Գերմանիա եւ Ֆրանսիա տանելու համար:
Համույթի թվով 26 պատանիների ծնողները հավաստիացնում են, որ իրենց երեխաների անվտանգության հիմնական երաշխիքը Նարեկը կարող է լինել, հաշվի առնելով նրա` արեւմտյան մշակույթին ծանոթ լինելը, օտար լեզուներին (ֆրանսերեն և անգլերեն) տիրապետելը, ինչպես նաեւ այն մեծ վստահությունը, որ ունեն Նարեկի հանդեպ: Նրա ներկայությունը կարեւոր է նաեւ ֆինանսական հարցերի եւ համերգների կայացման տեսակետից:
Հիշեցնենք, որ Նարեկ Հարթունյանը մեղադրվում է «հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու և փողերի լվացման» մեջ: 2011 թվականի դեկտեմբերի 9-ին Նարեկին կալանավորեցին, 3 օր անց բաց թողեցին, խափանման միջոցը փոխարինվել է երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ, ինչը գործը դատարան ուղարկելուց հետո դատարանի՝ ապրիլի 5-ի որոշմամբ թողնվել էր անփոփոխ:
Այժմ դատարանը, մերժելով Նարեկի միջնորդությունը, նշեց, որ ըստ ՀՀ Քր. օրենսգրքի 135-րդ հոդված համաձայն՝ խափանման միջոց կիրառվել է նրա համար, որ ամբաստանյալը չթաքնվի վարույթ իրականացնող մարմնից եւ չխուսափի քրեական պատասխանատվությունից: «Այսինքն՝ կիրառելով խափանման միջոց՝ նախաքննական մարմինները հիմքեր են ունեցել դա անելու, հակառակ դեպքում խափանման միջոց չէր ընտրվի: Նարեկ Հարթունյանի միջնորդությունը մերժելիս հաշվի է առնվում նաեւ այն, որ նա հանդիսանում է արտերկրի քաղաքացի, ում վերագրվում է ծանր հանցագործությունների կատարում»,- ասաց դատավորը:
Սակայն Նարեկն իր միջնորդության մեջ էլ հիշատակել էր, որ գործի նախաքննության ժամանակ երեք անգամ մեկնել է Հայաստանից և կամավոր վերադարձել, այն դեպքում, երբ իրոք կարող էր չվերադառնալ:
Ստացվում է, որ քննիչի թեթև մտքի ու ձեռքի «շնորհիվ» ` ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեկը Հայաստանում պատանդի կարգավիճակում է հայտնվել, այն դեպքում, երբ քննությամբ «ձեռք բերված ապացույցները», որոնք դրված են Նարեկի մեղադրանքի հիմքում, ամիսներ շարունակ դատարանում մեկ առ մեկ հերքվում են:
Փաստորեն քննիչ Ռաֆայել Մկրտչյանի «բեղմնավոր գործունեության» հետևանքով այս պահին «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգների եվրոպական շրջագայությունը կասկածի տակ է, իսկ Նարեկի գործունեությունը` սահմանափակված:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել