HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական պարը՝ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնին

Բրիտանական էկրանային պարարվեստի լավագույն նմուշները ներկայացնող «Forward Motion» ֆիլմաշարը կներկայացվի «Հայ Ֆեստ» միջազգային թատերական 10-րդ փառատոնին: Այն արտացոլում է բրիտանական պարարվեստի զարգացման նորարար միտումները և ներկայացնում Միացյալ Թագավորության արվեստագետների տեսակետը ժամանակակից պարողների գործունեության վերաբերյալ: Բրիտանական խորհրդի և «South East Dance» կազմակերպության հետ համատեղ ստեղծված այս շարքը ցուցադրվել է աշխարհի տարբեր անկյուններում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում և եվրոպական երկրներում՝ բացահայտելով բրիտանական պարարվեստի բազմազանությունն ու ազդեցությունն արվեստի այս ճյուղի զարգացման համաշխարհային միտումների վրա:

Հոկտեմբերի 2-9-ը՝ յուրաքանչյուր օր ժամը 14.00-ին, Երևանի պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Forward Motion» շարքի երեք ֆիլմից մեկը: Առաջին՝ «Ներածություններ» հատվածը ներկայացնում է կարճամետրաժ պարային ֆիլմեր, իսկ Բրայթընի համալսարանի պրոֆեսոր Լիզ Ագիսը պատմում է էկրանային արվեստի ժանրի մասին:

«Խորաթափանցություն» հատվածում պարողներն ու կինոգործիչները քննարկում են իրենց աշխատանքը ու ներկայացնում էկրանի համար բեմադրվող՝  էկրանային պարի  առանձնահատկությունները: Կինոգործիչ Իզաբել Ռոքամորան պատմում է իր «Հորիզոնի արտաքսումը» պարային ֆիլմի ստեղծման մասին, ընդգծում ձայնի ու երաժշտության կարևորության մասին:  Նրա ֆիլմը համեմված է ոչ միայն բարձրակարգ պարային շարժումներով, այլև՝ հայկական դուդուկով:

«Ջիվան Գասպարյանը հայ դուդուկահար է: Երբ ես առաջին անգամ լսեցի նրա մասին դեռ 2002 թվականին, հասկացա, որ նրա երաժշտությունը կօգտագործեմ իմ ֆիլմում»,- «Forward Motion» ֆիլմում պատմում է Իզաբել Ռոքամարան:

Երրորդ՝ «Արվեստագետների ընտրություն» ծրագրի ընթացքում Միացյալ Թագավորության ժամանակակից առաջնակարգ պարողները ներկայացնում են իրենց ներշնչանք հանդիսացող ֆիլմերը: Ակրամ Խանը պատմում է Լոյդ Նյուսոնի «Ապրելու արժեքը», իսկ Շոբանա Յեվասինգը ՝ Միրանդա Պենելի «Երեկոյահավաք» ֆիլմի մասին:

«Forward Motion» էկրանային պարարվեստը ներկայացնող ֆիլմը ցուցադրում է ինչպես լավագույն արվեստագետների աշխատանքը, այնպես էլ փորձարարական նորարարությունները՝ հիմք ստեղծելով քննարկումների համար:

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի հետ Բրիտանական խորհուրդը համագործակցվում է հիմնադրման օրից` ներկայացնելով բրիտանական կատարողական արվեստի լավագույն և նորարար նմուշները:

Բրիտանական խորհուրդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter