HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրիճի աշխատանքների բացառիկ ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

Այս օրերին ՆԱՄ ցուցասրահում կարելի է տեսնել խորհրդային  ավանգարդի  հիմնադիրներից մեկի՝ Վահրիճ Բախչանյանի  բացառիկ աշխատանքները: 

Ներկայացված աշխատանքները 15-ն են, որոնք ինքը` Վահրիճի այրին է բերել Նյու Յորքից հատուկ այս ցուցահանդեսի համար:

Սա աշխարհահռչակ նկարչի հետմահու՝ Հայաստանում առաջին ցուցահանդեսն է:

«Պատճառը, որ մենք հավաքվել ենք, Ձեր ամուսնու՝ մի անգամ հայտնած ցանկությունն է, եւ Ձեր հոգու, Ձեր միության եւ Ձեր ցանկությունների շնորհիվ սա իրականություն դարձավ: Չեմ կարող չհիշել Կարինե Քոչարյանին, ով մեր միջեւ կապ հաստատեց ու ծանոթացրեց մեզ»,- ցուցահանդեսի բացման ժամանակ դիմելով Այրին Բախչանյանին՝  ասաց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

Նրա խոսքերով թեեւ իր եւ Վահրիճ Բախչանյանի այրու՝ Այրին Բախչանյանի հանդիպումից անցել են տարիներ, սակայն  դեռ առաջին հանդիպման ժամանակ վստահ է եղել՝ այս ցուցահանդեսը կայանալու է:

Այնուհետեւ Նարեկը,  խոսքն ուղղելով լսարանին,  անակնկալ կերպով հայտարարեց. «Այրինն ինքն է բերել իր հետ ամենն, ինչ այսօր կարելի է տեսնել, եւ ամբողջը նվիրել է Նարեկացի արվեստի միությանը: Նա բերեց նկարների արկղիկը, սեղանին շարեց նկարները, ասաց. «Այս ամենը Նարեկացիինն է….»: Մենք շատ նվերներ ենք ստացել  շատ արվեստագետներից, բայց երբեք չէր եղել այնպես, որ միանգամից այսքան շատ թվով նվերներ ստանայինք: Իհարկե, խորհուրդը թվի մեջ չէ, այլ սիրահոժարության ու կամեցողության»:

Նարեկ Հարթունյանը նաեւ հայտնեց, որ Այրին Բախչանյանը Հայաստան է տեղափոխել նաեւ Վահրիճի աճյունը՝ Հայաստանում՝ իր հայրենիքում հանգչելու:

«Ես իհարկե չէի սպասում, որ  ցուցահանդեսը կկայանա, եւ հիմա ես իսկապես հուզված եմ»,- իր խոսքում ասաց Այրին Բախչանյանը: Նա ներկաներին  հայտնեց, որ մի բան, որ իսկապես  ցանկանում է, դա իր ամուսնու անվան մրցանակաբաշխություն հիմնելն է:

Վահրիճ Բախչանյանը մահացել է 2009 թվականին: Նրա ընկերները,  ցանկանալով նրա հիշատակը վառ պահել,  որոշակի գումար են փոխանցել նրա կնոջը,  վերջինս էլ դիմել է Նյու Յորքում բնակվող իր ընկերներից մեկին՝ Կարինե Քոչարյանին,  ով եւ կապ է հաստատել դեռ այդ ժամանակ Նյու Յորքում բնակվող Նարեկի հետ:

«Անցյալ տարի ՆԱՄ աշխատակիցներով հավաքվեցինք,  կանչեցինք նաեւ արվեստաբան Նազարեթ Կարոյանին եւ ավանգարդ նկարիչ  Արման Գրիգորյանին, որպեսզի քննարկենք՝ ինչ միջոցառում կարելի է կազմակերպել: Ես  առաջարկեցի գիրք հրատարակել նրա աշխատանքներով, առաջարկվեց նաեւ մրցանակաբաշխություն կազմակերպել նրա անվամբ:

Արդեն այս տարի, երբ Նյու  Յորքում էի, հանդիպեցի Այրինին, միասին ընտրեցինք նկարները, որոնք հետո պետք է գրքում զետեղվեին… Քննարկեցինք նաեւ  մրցանակաբաշխության հիմնական նպատակը. մրցանակ պետք է տրվի երիտասարդ ու տաղանդավոր նկարիչներին, ովքեր կնկարեն առանց որեւէ նախապայմանի, կմտածեն ու  կարտահայտվեն ազատ՝ հավատալով նրան, ինչ անում են», - պատմեց ցուցահանդեսի համադրող, գեղանկարչուհի Սեւան Նագգաշեանը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ Վահրիճի՝ իբրեւ արվեստագետի մասին խոսեց նաեւ արվեստաբան Նազարեթ Կարոյանը՝ ներկայացնելով վերջինիս արվեստը:

«Մենք Վահրիճին Բախ էինք կոչում: Նա շատ կենսուրախ, կյանքով լի մարդ էր,  արվեստագետ… Ընկերական միջավայրի հոգին էր…»,-Վահրիճի  վերաբերյալ իր տպավորությունների մասին  պատմեց նաեւ գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: Նրա խոսքերով իրոք ողջունելի է, որ ՆԱՄ-ում  նման մեծ արվեստագետի ցուցահանդես է կայանում:

Ցուցահանդեսի բացումից հետո կայացավ նաեւ ՆԱՄ-ի կողմից հրատարակված Վահրիճի նկարներով  գրքի շնորհանդեսը, ինչի շնորհիվ ներկաներն ինչ-որ իմաստով նաեւ Վահրիճի արվեստը տարան իրենց հետ:

Գեղանկարչի բացառիկ աշխատանքները կարելի է տեսնել ՆԱՄ-ում մինչեւ հոկտեմբերի 7-ը:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter