HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննության աճպարարությունները

Ինչպես քրեական գործի անհիմն հարուցումը, այնպես էլ հարուցման անհիմն մերժումը մեր իրականության մեջ սովորական երևույթ է: Այստեղ է, որ ես միշտ հիշում եմ Վարպետի` Ավ. Իսահակյանի հերոսներից մեկին` Օհան ամուն: Այդ իմաստուն մարդը դեռ էն ժամանակ ասել է. «Բանտ ըսածդ մեկ հավաք աշխարհք է: Մենակ էն զանազանությունը կա, որ աշխարքում չբռնված գողերն ու արունքտերերն են ապրում, իսկ բանտի մեջ` բռնված գողերն ու արունքտերերը»: Ցավոք, բանտի գողերն ու արունքտերերը հաճախ խեղճ ու կրակներն են լինում, որոնք հիմնականում մտավոր կամ սոցիալական խնդիրներ ունեն, իսկ աշխարհինը… ինձանից լավ  գիտեք:

Մի քանի տարի առաջ լրագրողական հետաքննությամբ Աբովյանի կանանց գաղութում էի, որտեղ, իհարկե, շատ հանցագործ կանայք կային /կավատներ, խարդախներ, մանկասպաններ/, բայց կային նաև այնպիսիները, որոնց ներկայությունը գաղութում խղճի, մտքի, օրենքի չգոյության արգասիք էր միայն: Մինչդեռ մեր քաղաքական գործիչներն ընտրություններից առաջ և հետո էլ սիրում են կրկնել, որ օրենքի գերակայություն պետք է լինի, որ ոչ մի անմեղ մարդ չպետք է դատապարտվի, որ մարդը գերագույն արժեք է….և այլն, և այլն:

Բոլորին ուզում ես հավատալ, որովհետև այդ հավատը, հույսը, որ չլինեն, պարզապես կարող ես շնչահեղձ լինել, որովհետև այդ հույսը ցավի մշտական ուղեկիցն է, իսկ ցավը գնալով ավելի է սաստկանում:

Իրավական համակարգի կայացման առաջին «քարը» դնում է նախաքննության մարմինը /խոսքը քրեական գործերին է վերաբերում/, և եթե, աստված մի արասցե, այդ քարը իր տեղում չդրվի կամ ամուր չլինի, ապա, հասկանալի է, որ ամբողջ կառույցը, ժողովրդի լեզվով ասած, խախուտ կլինի, և փլուզման վտանգն` ակնհայտ: Բայց այս մարմինն աճպարարության ամեն մի հնարքի դիմում է, որպեսզի «քարը» միայն իրեն հարմար տեղում դնի և աճպարարին բնորոշ ճարպկությամբ կարողանում է այն մի ձեռքից մյուսը փոխանցել այնքան, մինչև վերջինս իր մատնանշած նշաձողին հասնի: Եվ այդպես… ամենաթողության, անսխալականության ծիրանիով պարուրված` նախաքննությունն իր անիրական գույներով  հորինած ոդիսականը գլորում է մինչև դատարան: Սա հիվանդություն է, թե արհամարհանք մարդու իրավունքների, օրենքի, դատարանի նկատմամբ` չգիտեմ: Այս երևույթի պատասխանը թերևս կա իմ նախորդ` «Իրավական հավկուրություն, թե խամաճիկների թատրոն» հոդվածում, բայց կուզենայի ընթերցողի կարծիքը ևս լսել, որպեսզի ասելիքս դատարկ սենյակում հնչող մենախոսություն չլիներ:

Անկախության ձեռքբերումը մեծ հույսեր ներշնչեց մեզ, որ ուր որ է կունենանք մեր երազած երկիրը, որ մեզ այլևս չեն թելադրի, որ…որ…Ու այսպես, աչքներս ջուր կտրած, սպասում ենք, սպասում, որ կունենանք  անկախ երկրում անկախ դատաիրավական համակարգ, բայց իզուր:

Նախաքննության մարմինը շատ հաճախ,  որպես կանոն, որպես չգրված օրենք, հանցագործին մեղադրանք չի առաջադրում և այդ մասով գործը կարճում է` ջանք ու եռանդ չգործադրելով անգամ, որ գոնե կարգին հիմնավորի և, եթե տվյալ գործում կարողանա գտնել այլ «մեղադրյալներ», այդ մասով գործը մտնում է դատարան: Այստեղ արդեն ատամներով սկսում է պաշտպանել իր կողմից առաջադրված «մեղադրանքը»` գործող և չգործող բոլոր մեթոդներով` օրենքի, խղճի և այլ արժեքների շրջանակներից դուրս: Որպես հետևանք ունենում ենք այն, ինչ ունենք այսօր. անարդար դատապարտվածը պատիժը կրելուց հետո  կորցնում է հավատը մարդու նկատմամբ, արդարադատության նկատմամբ:  Ապարդյուն կորցրած տարիների, իզուր խաթարված ճակատագրի համար չարանում է, մարդկային դրական հատկանիշներին փոխարինելու են գալիս նոր`որակակապես ցածր հատկանիշներ, և հաճախ ինքնակառավարման  բացակայության պարագայում դառնում է իսկապես հանցագործ: Ափսոս, շատ ափսոս: 

Անահիտ Հովհաննիսյան
փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (16)

Գուրգեն Ենգոյան
Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ դատարանը նախաքննության մարմնի կույր շարունակությունն է և նրան բոլորովին չի հետաքրքրում, թե ինչպես է վարվել նախաքննությունը, կարևորը վճիռ կայացնելն է: Մարդկային ճակատագրերը նրանց համար գռոշի արժեք ունեն:
Shahane
Այս ամսվա 11-ին կայանալու է հոդվածում նկարագրած եւս մի «մեղավորի» դեմ հարուցված գործի դատական առաջին նիստը: Մինչ օրս, ինչպես հոդվածում է նշված, աճպարարությունների շարան էր, որի արդյունքում այսօր ունենք կեղծված, առանց հիմնավոր փաստարկների մի գործ, որի արդյունքում մեղադրյալի աթոռին են նստեցրել մեծ ապագա ունեցող, բարոյական գերբարձր արժեքների տեր, երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ միաժամանակ ավարտած մի երիտասարդ, որը պիտի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի թեզը պաշտպաներ ձերբակալվելուց ընդամենը մեկ շաբաթ հետո: Իսկ հիմա չգիտես ինչի համար կամ էլ ում համար փակված է կալանավայրում: Աստված մի արասցե, նրան մեղավոր ճանաչեն, ի՞նչ պիտի դառնա նա դուրս գալուց հետո... Չարացած, հավատալքված, հուսալքված, ամենքին ու ամենն ատող մի հանցագործ, որն իր ցուցակում նշած է ունենալու բոլոր այն մարդկանց անունները, որոնց թեթեւ ձեռքով խաթարվել է իր փայլուն հետագան....Ո՞վ է պատասխանատուն այս ամենի...Ինչի պետականություն ունեցող երկրի իրավական համակարգում չկա մի բանական մարդ, որ գոնե «ԽԻՂՃ» ունենա, իհարկե չեմ խոսում օրենք, փաստ, իրեղեն ապացույց, մարդու իրավունքներ, կոնվենցիա եւ նմանօրինակ այլ հասկացությունների իմացության մասին... ԿՀՈՒՇԵ՞Ք՝ ԻՆՉ ԱՆԵԼ, ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ...
Անահիտ
Պետք է պայքարել հետևողականորեն, համարձակ, իրավական գիտելիքներով զինված...չնահանջել:
Անահիտ
Հարգելի Շահանե... գուցե թողնեք որոշ տեղեկատվություն Ձեր մասին, որպեսզի կարողանանք հնարավորիս օգտակար լինել և միասին գտնել պայքարի ճանապարհը:
Gayane Davtyan
Որպես հետևանք ունենում ենք այն, ինչ ունենք այսօր. անարդար դատապարտվածը պատիժը կրելուց հետո կորցնում է հավատը մարդու նկատմամբ, արդարադատության նկատմամբ: Ապարդյուն կորցրած տարիների, իզուր խաթարված ճակատագրի համար չարանում է, մարդկային դրական հատկանիշներին փոխարինելու են գալիս նոր`որակակապես ցածր հատկանիշներ, և հաճախ ինքնակառավարման բացակայության պարագայում դառնում է իսկապես հանցագործ: Ափսոս, շատ ափսոս: Անահիտ Հովհաննիսյան փաստաբան-լրագրող ԻՆՉ ԽՈՍՔ....
Shahane
Հարգելի Անահիտ, շնորհակալություն!!! Facebook-ում Աշոտի հայրիկը՝ Լավրենտի Առուշանյանը, էջ է բացել «Աշոտի նկատմամբ արդարությունը պիտի վերականգնվի»: Եթե գտնեք այդ էջը, հետո նամակագրությամբ արդեն կվորոշենք: Կրկին շնորհակալ եմ պատրաստակամության համար:
Ani Muradyan
ok
Աստղիկ
Լիովին համամիտ եմ:
Նարինե
Հուսով եմ այս շարքը շարունակական կլինի և արձագանք կգտնի այն մարմիններում, որոնք իրավասու են ինչ-որ բան շտկել այս համակարգում, այս երկրում...մեր երկրում: Շնորհակալություն հրաշալի մատուցման համար: Ափսոս թեման շատ ցավոտ թեմա է:
Varuj
Շատ լավ է ասվաց
Gagik
պետք է առաջնահերթ հասկանան թե ինչ է մարդը և մարդկային արժեքնեը
Գայանե
խեղճ ժողովուրդ, տեսնես երբ կգտնեն արդարություն:
Magi
Այո... սա արհամարհանք է առաջնահերթ մարդու իրավունքների նկատմամբ... ՄԻ ՈՏՆԱՀԱՐԵՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ: Թող ձեզ նման գրագետ ու բանիմաց մարդիկ թող չլռեն:
Petros
Իրոք որ, խեղճ ժողովուրդ Արդարության հասնելու համար իրենք էլ պետք է ամեն անարդար բան տեսնելիս չհանդուրժեն, պետք է պայքարեն
Արմինե
Ես համամիտ եմ նախորդիվ գրվածի հետ: Թող ոչ ոք չլռի այսպիսի անարդարությունների հանդիպելիս, որն ամեն քայլափոխի է:
Aper
Ճիշտ է ասվաց, բայց ցածր է ասվաց, պետք է գոռալ դրա մասին և գոռալ ոչ թե առանձին-առանձին այլ միասին, այդ դեպքում գուցե լսեն մեր գոռոցները և այդ դեպքում գուցե կփորձեն քարը դնել ոչ թե իրենց հարմար տեղում այլ օրենքով սահմանված տեղում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter