HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում տարօրինակ ավանդույթ կա. Աղվան Վարդանյանը՝ Օսկանյանի մասին

Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ-ում 

Հարգելի խորհրդարան,

Ես գործի իրավական մանրամասների մեջ չեմ մտնի: Դահլիճում իրավաբաններ կան` նրանք այդ կանեն: Ցավում եմ, որ պարոն Դավիթ Հարությունյանն է բացակա:

Բայց ընդհանուր բնույթի երկու խոսք: Ազգային անվտանգությունն այս գործը սկսեց փողերի լվացման մեղադրանքով: Փողերը Հայաստանի բարեկամ պարոն Հանցմանինն  են: Եթե փողերի լվացում էր, ուրեմն Հանցմանը պետք է լիներ լվացողը: Հիմա այդ մեղադրանքը չկա: Կա փողերի յուրացում և օրինականացում:

Ու՞մ փողն է յուրացրել պարոն Օսկանյանը: Հանցմանն ասում է` իմ փողերը չի յուրացրել, ես ծայրեծայր գործընթացից տեղյակ եմ, ամեն բան արվել է իմ համաձայնությամբ և հանձնարարությամբ: Գլխավոր դատախազի միջնորդությունն ասում է` յուրացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի փողերը: Հիմնադրամի հոգաբարձունների խորհուրդը, գործադիր տնօրենը ասում են` մեր փողերը ոչ ոք չի յուրացրել: «Սիվիլիթասի» ամբողջ անձնակազմը այս պահին, կարծեմ,  բողոքի ցույցի է Ազգային Ժողովի դարպասների դիմաց: Յուրացում չկա. այստեղ պարոն Օսկանյանի բացատրությունից հետո աչքի պես պարզ է սա: Յուրացում չկա, բնականաբար չկա նաև օրինականացում: 

 Բայց Գլխավոր դատախազը Ազգային Ժողովում է: Ինչու՞:

Այս հարցի պատասխանը ստիպում է անդրադառնալ պարոն Օսկանյանի անձին ու գործունեությանը: Մարդը սփյուռքահայ է, վերադարձել է Հայրենիք և,  իբրև պրոֆեսիոնալ, տասը տարի ղեկավարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Պաշտոնանկությունից հետո, ինչպես շատ պետական գործիչներ են անում քաղաքակիրթ աշխարհում, իր հեղինակությունն ու կապերը օգտագործելով, ստեղծել է Հիմնադրամ, որ մեր երկրի ու տարածաշրջանի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, մշակութաբանական հետազոտություններ է իրականացնում: Նաև  ստեղծել է իշխանության ազդեցությունից դուրս օրաթերթ և ինտերնետային հեռուստատեսություն: Նպատակը երկրի ու հասարկության առաջ ծառացած հարցերը արծարծելն է, լուծումներ առաջարկելը:

Կարծես` վատ բան չի արել: Եթե միայն նկատի չունենաք, որ ԶԼՄ-ների բացահայտ ու գաղտնի մոնոպոլացման մեր ժամանակում ցանկացած ինքնուրույնության և անկախության փորձ ոմանք անթույլատրելի  են համարում:

Էլ ի՞նչ է արել պարոն Օսկանյանը: Մտել է քաղաքականություն և նախընտրական շրջանում արմատական դիրքերից քննադատել է քաղաքական մենաշնորհի բացարձակացումը, կառավարության սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը:

Բնականաբար, այս համատեքստում, Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը անհնար է չորակել իբրև քաղաքական հետապնդում: Միջնորդության` «hանրորեն վտանգավոր արարք»,  «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» արտահայտություններին չեմ էլ անդրադառնում: 

 «Բարգավաճ Հայաստանն» իր գնահատականը տվել է` սա համարելով նաև կուսակցության դեմ ուղղված քայլ: Բայց ինձ այլ բան է հետաքրքրում. ի՞նչ է անելու խորհրդարանը, ինչպե՞ս է այս գործը ազդելու մեր պետականության ընթացքի վրա, ի՞նչ ազդակներ է փոխանցվելու Հայաստանի քաղաքացիներին:

Խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն` Հանրապետական`  պլուս-մինուս կամ բազմապատկած Օրինաց երկիր: Բնականաբար որոշումն էլ, պատասխանատվությունն էլ նրանցն է: Բնականաբար այսօրվա շատ ելույթների մեջ կարմիր թել է լինելու` մենք վատ բան չենք անում, ընդամենը հնարավորություն ենք տալիս արդարադատություն իրականացնել, եթե պարզվի հիմքեր չկան, ավելի լավ և այլն, և այլն: Ձեզ մի խաբեք:

Ես պատրանքներ չունեմ, բայց երկու բառ կուզեի ասել: Արդյո՞ք, հանձնելով  Օսկանյանին, մենք դժվար կայացող մեր պետականության հիմքերի մեջ նոր ական չենք դնում:

Անկախ տարբեր ուժերի քաղաքական դիրքորոշումից` մարդը տասը տարի բարեխղճորեն կատարել է բարձրաստիճան պետական գործչի իր պարտականությունները և հարգանք ու հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում: Իրավականորեն այսքան անհիմն մեղադրանքների պարագայում ի՞նչ արձագանք ու հակազդեցություն ենք ունենալու` նախորդը դեռ ամբողջովին չմարսած:

Սրանով մենք քաղաքական հաշվեհարդարները պարբերաբար կրկնելու նախադեպեր չե՞նք ստեղծում: Աշխարհում տարօրինակ մի ավանդույթ կա` իշխանությունները, մեծամասնությունները երբեմն նաև փոխվում են:

Սա նաև յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվության, քաղաքացիական դիրքորոշման և խղճի հարց է: Կյանքը շարունակվելու է և տարիներ շարունակ ամեն մեկս առանձին մեր մեջ մտածելու ենք` ճի՞շտ ենք պահել մեզ Օսկանյանին հանձնելի, մեր պետության ամոթը չէ՞, որ պարկեշտ, վաստակ ունեցող մարդուն այս վիճակի մեջ ենք դրել:  Ինչպես մի առիթով ասել է Հանրապետության նախագահը` կուսակցությունը ոհմակ չէ:

Եվ վերջին հարցը: Առջևում նախագահական ընտրություններն են: Այս քայլով մենք նվազեցնելու՞,  թե՞ ավելացնելու ենք քաղաքական ու հասարակական լարվածությունը, հանդուրժողականությա՞ն,  թե՞ անհանդուրժողականության մթնոլորտ ենք ստեղծելու, մեր քաղքացիների մոտ մեծացնելու՞, թե՞ վերացնելու ենք վստահության վերջին փշրանքները իշխանության և Հայաստանի ապագայի հանդեպ:

Դաշնակցության խմբակցության համար այս հարցերի պատասխանը հստակ է: Մենք մեր գործընկերոջը  չենք հանձնելու:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter