HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ո՞վ տեր կկանգնի Տավուշի մանկապարտեզներին

Երեւանում քաղաքապետարանը հոգում է մանկապարտեզների բոլոր կարիքները, իսկ մարզերում նախադպրոցական հաստատությունները բազում չլուծված խնդիրներ ունեն: Նոյեմբերյանի թիվ 2՝ «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը, ով 2001թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն դաստիարակ, նամակ է ուղարկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ ներկայացնելով տարածաշրջանի մանկապարտեզներում առկա բազում եւ բազմապիսի հիմնահարցերը:

Տիկին Խանգելդյանը մարզպետին առաջարկել էր հանդիպում կազմակերպել եւ քննարկել դրանք: Հունիսի 4-ին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի աշխատասենյակում մարզպետ Արմեն Ղուլարյանը թիվ 40 ընտրատարածքից Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ քննարկեց մանկապարտեզների հիմնախնդիրները:

Մանկապարտեզների շենքերի մեծ մասը հին է, մաշված, կարիք ունի հիմնանորոգման: Փառանձեմ Խանգելդյանի վկայությամբ` «Կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների դաստիարակների նվազագույն աշխատավարձը պետք է լինի հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, սակայն դաստիարակները 35 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Մանկապարտեզների դաստիարակների համար մասնագիտական վերապատրաստումներ սակավ են կազմակերպվում:

Նախադպրոցական կրթօջախներին հաճախ են տուգանում սննդի անվտանգության տեսչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության  ստուգողները: Նորմատիվային  ակտերն այնքան խիստ են, որ մանկապատեզներն  ի վիճակի չեն դրանք պահպանել:

ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը խորհրդակցությունում ասաց, որ եթե բոլոր մանկապարտեզներն ի վիճակի չեն պահպանելու այդ չափորոշիչները, ուրեմն կարիք կա դրանք փոփոխելու, մեղմացնելու: Այլապես, ստացվում է, որ պետությունը համայնքներին լրավճար է տալիս, դրանից գումարներ են ուղղվում մանկապարտեզների գործունեությանը, սակայն պետական ստուգող կազմակերպությունները տուգանում են մանկապարտեզներին: 

Մարզպետ Ա. Ղուլարյանը մանկապարտեզների տնօրեններին կոչ արեց ընտրել «ճիշտ համայնքի ղեկավարների», «ճիշտ ավագանի», որպեսզի համայնքներում հավաքագրվեն սեփական եկամուտները, որոնք անհրաժեշտ են համայնքային ենթակայության հիմնարկները պահելու համար: Նա որպես օրինակ նշեց Կոթի համայնքը:

Սահմանամերձ այս համայնքի մանկապարտեզի պահպանման համար տարեկան ծախսվում է 8 միլիոն դրամ: Համայնքի բյուջեն կազմում է 31 միլիոն 179 հազար դրամ, որից 27 միլիոնը պետական լրավճար է: Առաջին կիսամյակում Կոթիի համայնքապետարանը պետք է հավաքագրեր ավելի քան 2 միլիոն դրամ սեփական եկամուտներ, սակայն հավաքագրել է 402 հազար դրամ:

Մարզպետը հավելեց.« Հիմա Կոթիի համար 4.5 միլիոն դոլար արժողությամբ ջրագիծը չկառուցե՞նք»:

Սարերից ձգվող ինքնահոս այդ ջրատարից կօգտվի նաեւ Կոթի համայնքը: Սակայն մարզպետը մոռացավ ասել, որ այդ ջրագիծը դեռ 2008թ. պիտի գործարկվեր, սակայն մինչ հիմա անավարտ է, եւ որ հողերը ոռոգելի դարձնելու դեպքում հեշտ կլիներ  կոթեցիներից հարկեր հավաքելը:

Խորհրդակցության ժամանակ չխոսվեց, թե ինչպես են մանկապարտեզների սաները  սնվում ծնողների հավաքված ամսական 3500 դրամով: Ստացվում է, որ մեկ երեխայի օրական 3-անգամյա սննդի համար հատկացվում է 159 դրամ: Մինչդեռ վերջին տարում սննդամթերքի գներն էապես աճել են: 

Նոյեմբերյանի տարածաշրջանի մանկապարտեզների ընդհանուր առմամբ ոչ բարվոք վիճակի ֆոնին կան մանկապարտեզներ, ուր առավել վատթար կացություն մեջ են:

Հաղթանակ գյուղի մանկապարտեզը սկսել է գործել 2007 թվականին: Տնօրեն Օվսաննա Հարությունյանի վկայությամբ՝ մանկապարտեզի աշխատողների 3 ամսվա աշխատավարձի համար աջակցության խնդրանքով  ինքը դիմել է պատգամավոր Միքայել Վարդանյանին, եւ նա օգնել է: Մանկապարտեզի տնօրենը հույս ունի, որ պատգամավորը եւս 3 ամսվա աշխատավարձի գումարը կտրամադրի:

2007 թվականից հետո այդ մանկապարտեզը մինչեւ 2010 թվականը չի գործել, մի տարի առաջ վերսկսել է գործունեությունը: Հաղթանակի մանկապարտեզի մի խմբի համար սենյակներ է նորոգել քարի արդյունահանմամբ զբաղվող Պավլիկ Ղուլիջանյանը:

Խորհրդակցության ժամանակ Օվսաննա Հարությունյանը դժգոհեց, որ այդ վերանորոգման ժամանակ համայնքի ղեկավար Վարդ Խաչատրյանը  ընդհանրապես մանկապարտեզ չի այցելել: Խորհրդակցության ժամանակ Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ ներկայումս Լոռու մարզում իրականացվում է մի ծրագիր, որով այն համայնքներում , ուր չկան մանկապարտեզներ,  դպրոցի շենքում մի քանի սենյակ է հատկացվում, ուր պետական ֆինանսավորմամբ գործում է նախադպրոցական հաստատություն՝ կրթարան:

Հաջորդ տարի այս ծրագիրը կիրականացվի Հայաստանի մյուս մարզերում, այդ թվում՝ նաեւ Տավուշում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ համայնքներում պետբյուջեի միջոցներով իրականացվող հրատապ ծրագրերի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի հաջորդ փուլով որոշակի աշխատանքներ կկատարվեն մարզի մանկապարտեզներում: Հարց է ծագում` Տավուշի մարզի քանի՞ մանկապարտեզ կներառվի այդ ծրագրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter