HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Հրայր Թովմասյանին

«Հետքը» «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներից բաց նամակ է ստացել՝ ուղղված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Դրանում մասնավորապես ասված է.

«Հարգարժան պարոն նախարար,

Մենք մեծ հավատով և մեծագույն համբերությամբ սպասելով Ձեր խոստացած փոփոխություններին, այսօր, ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում շարունակվում են կատարվել այնպիսի երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն ոչ գործող օրենսդրության, և ոչ էլ Ձեր կողմից վարվող մարդասիրական քաղաքականության հետ:

Մինչ այդ խախտումներին անդրադառնալը, մենք ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և անձամբ Ձեզ` համաներման արդյունքում մեր ազատազրկման ժամկետները կրճատելու և թվով 27 դատապարտյալների ազատվելու համար:

Հարգելի պարոն նախարար, «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը, առաջնորդվելով միայն իրեն հայտնի չափանիշներով, անտեսելով քրեակատարողական օրենսգրքի պահանջները, միայն վերջին 2 ամիսների ընթացքում հանձնաժողով ներկայացված 41 դատապարտյալներից մերժել են 29-ին: Եվ սա այն դեպքում, երբ բոլոր ներկայացված դատապարտյալները չունեին ոչ մի տույժ և հենց ՔԿՀ-ի աշխատակիցների պնդմամբ բնութագրվում էին դրականորեն:

Դուք հայտարարել էիք, որ ոչ մի ՔԿՀ-ում չկա այնպիսի դատապարտյալ, որը չունենա կարգապահական խախտում, բնութագրվի դրական և մերժվի: Մենք հայտարարում ենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում միայն վերջին 2 ամիսների ընթացքում կա այդպիսի 29-ը:

Այսինքն` օրենքով առաջնորդվելու դեպքում միայն 2 ամիսների ընթացքում կարելի էր ազատել ավել շատ դատապարտյալ, քան համաներումով ազատվողներն էին:

Այս արատավոր երևույթը շարունակվում է շուրջ 5 տարի, և եթե հաշվենք, թե քանի դատապարտյալ է ապօրինի պահվում ՔԿՀ-ներում, պատկերը կդառնա ամբողջական:

Հարգելի պարոն նախարար, Ձեր հանձնարարությամբ ապրիլ ամսին «Վարդաշեն» ՔԿՀ-ի 8 դատապարտյալների տեղափոխեցին բաց ռեժիմային գոտի և խոստացան մեկ ամսվա ընթացքում անդրադառնալ մյուս դատապարտյալների տեղափոխման խնդրին, սակայն մինչ օրս ոչ մի դատապարտյալ չի տեղափոխվել բաց ռեժիմային գոտի:

Հարգելի պարոն նախարար, մենք կրկին խնդրում ենք Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել վերը շարադրված խնդիրները և հանձնարարել Ձեր ենթականերին գործել միմիայն ՀՀ օրենքներով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter