HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է տնօրենների հավաստագրման քննությունների հերթական փուլը

Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման քննությունների հերթական փուլը: Դպրոցի տնօրենների այս փուլի հավակնորդներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը, շնորհավորելով գալիք ուսուցչի տոնը և դիմելով քննությանը մասնակից  հավակնորդներին, հորդորել է նրանց՝ իրենց տնօրեն դառնալու իրավունքի իրացումը Երևանից տեղափոխել նաև դեպի մարզեր և հատկապես հեռավոր գյուղեր, որտեղ երբեմն տնօրենների մրցույթները չեն կայանում՝ հավակնորդ չլինելու պատճառով: Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա համար սա հավաստագրման քննությունների վերջին փուլն է: Մինչ քննությունները` հավակնորդները մասնակցել են մրցութային կարգով ընտրված լինցենզավորված 7 կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին:

Նախարարը նշել է, որ մյուս տարվանից հավաստագրման քննությունների պահանջները խստացվելու են: Որպես պահանջ կներառվի նաև համակարգչային գիտելիքների տիրապետման հմտությունը: Այս փուլում գրավոր փուլի հարցաշարն անփոփոխ է, իսկ բանավոր փուլի հարցերում որոշակի փոփոխություն կատարվել է:

«Բոլոր դեպքերում, երկու տարվա արդյունքներն ամփոփելով՝  կարելի է արձանագրել, որ այս եղանակն արդարացրել է իրեն՝ նպաստելով դպրոցի տնօրենների պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը»,- գնահատել է նախարարը և հավելել, որ  գործընթացի մեկնարկից սկսած մինչ այս պահը մոտ 2000 հավակնորդ մասնակցել է հավաստագրման քննություններին, որոնց մեկ երրորդին չի հաջողվել հավաստագիր ստանալ:

Նախարարի խոսքով՝ գործող տնօրեններից մոտ 200-ին չի հաջողվել հաղաթահարել հավաստագրման քննությունների պատնեշը, նրանցից ոմանք ուժերը փորձել են մի քանի անգամ, իսկ որոշները եկել են այն համոզման, որ իրենք այլևս չեն կարող շարունակել աշխատանքը: 

Ընթացիկ փուլում hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների թիվը նվազել է՝ հոկտեմբերի 2-ի քննությանն ընդամենը 20 մասնակից կար: Ըստ կրթության և գիտության նախարարի՝ պատճառն այն է, որ հանրապետության դպրոցների մեծ մասում  տնօրենների մրցույթներն արդեն կայացել են, և թափուր տեղեր և հնարավոր մրցույթներ շատ քիչ կան:

«Բացի այդ, հանրային հետաքրքրությունը մի տեսակ արդեն նվազեց, քանի որ շատերը հասկացան, որ հավաստագրման քննությունների հետ կապված իրենց պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: Մենք այսօր մի կողմից ունենք կադրերի հագեցվածություն մայրաքաղաքում և միաժամանակ կադրային խնդիր  մարզերում և հեռավոր գյուղերում, որտեղ հավաստագրված մասնագետներ չլինելու պատճառով տնօրենների մրցույթները երբեմն չեն կայանում: Իսկ գործող տնօրենը հավաստագրման քննություններում մի քանի անգամ անհաջողության է մատնվում և վերջում մի կերպ ստանում է քննությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հորդորել հավաստագրված բոլոր հավակնորդներին իրենց մասնագիտական գործունեության առաջընթացը կապել ոչ միայն Երևանի, այլև մարզերի և հեռավոր գյուղերի հետ և ակտիվորեն մասնակցել նաև մարզային  դպրոցների մրցույթներին«,-նշել է  նախարարը:     

Անդրադառնալով դպրոցական դրամահավաքի խնդրին՝ Ա. Աշոտյնաը նշել է, որ իր հանձնարարությամբ ՀՀ ԿԳՆ-ի ենթակայությամբ գործող դպրոցներում արգելվել է աշխատանքային տետրերի և ուսումնաօժանադակ նյութերի վաճառքը: «Դպրոցին աջակցելու նպատակով իրականացվող դրամահավաքների հարցում ծնողական խորհուրդները պետք է առավել աչալուրջ լինեն: Ծնողական խորհրդի որոշումը  բոլոր ծնղների համար չի կարող պարտադիր լինել: Եթե ծնողը հրաժարվում է մասնակցել դրամահավաքին, ապա նա կամ նրա երեխան չի կարող դրա համար խարազանվել: Բոլոր տնօրեններն այս հարցում պետք է հետևողական լինեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված բոլոր ահազանգերը ենթարկվելու են տեսչական ստուգման: 

Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ «Թեժ գծի» բողոքների ստուգման արդյունքում, եթե դրանք փաստարկված լինեն, ապա ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենները խստագույնս կպատժվեն, իսկ այլ դպրոցների պարագայում համապատասխան առաջարկություն կներկայացվի մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter