
«Հետքի» լրագրողը՝ քննիչին. «Ասելու բան չունեմ»
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, «Հետքի» լրագրողը հրավիրվել էր Լոռու մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Հակոբյանի աշխատասենյակ, քանի որ, ըստ ծանուցագրի, նա «2011 թ. մայիսի 26-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենքում եւ Ստեփանավանի քննչական բաժանմունքում Սուսաննա Տրանդաֆիլովայի կողմից թույլ տրված իրավախախտման ժամանակ ներկա է գտնվել եւ տեսանկարահանել դեպքը»:
Ծանուցագրի մեջ նաեւ նշված էր, որ լրագրողը բաժին ներկայացնի իր կողմից «վերը նշված դեպքի տեսանկարահանված նյութերը»: Թե խոսքն ինչ «դեպքի» մասին է, արդեն մանրամասն տեղեկացրել ենք: Միայն նշենք, որ «Հետքի» լրագրողն այսօր փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին, եւ քննիչի «բացատրագիր գրիր» պահանջին ի պատասխան՝ նշել. «գրելու բան չունեմ եւ դրա իմաստը չեմ հասկանում»:
Քննիչն ասել է, թե «մի քանի բառով գրիր դեպքի մասին», իսկ լրագրողը նկատել է, որ կատարվածի առնչությամբ «դեպք» բառը չի օգտագործելու, եւ մայիսի 26-ի կապակցությամբ ասելիք չունի:
Մեր լրագրողը նշել է նաեւ, որ տեսանյութը տրամադրել չի կարող, քանի որ չունի բնօրինակը, բայց, ամեն դեպքում, իրավապահները կարող են այն դիտել «Հետքի» կայքէջում:
«Ավելացնլու բան չունեմ»,- եզրափակել է «Հետքի» լրագրողը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել