Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում
2012 թ. հոկտեմբերի 7-11-ը հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» II միջազգային գիտագործնական սեմինարը և ՅՈւՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի Տարածաշրջանային թեմատիկ վարժանքը` «Կանխարգելիչ կոնսերվացումը` թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ»:
Նշված ծրագրերի շրջանակում նախատեսվում են դասախոսություններ, վարպետության դասեր և կլոր սեղան–հաղորդումներ, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ և թվայնացում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները (Վ.Պարֆյոնով` «Թղթի և մագաղաթի լազերային մաքրում» (ՌԴ), Պ.Լիվի` «Գրքի կազմերի վերականգնում» (Իտալիա), Տ.Տիմչենկո` «Փաստաթղթերը թվայնացմանը նախապատրաստելու ռազմավարության հարցի շուրջ» (Լիտվա), Մ.Յաշկե` «Թղթի նախապատրաստումը ժամանակակից կազմերի համար» (Գերմանիա), Ա.Գորիշնյակ` «Արխիվային ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը. հազվագյուտ գրքեր, ձեռագրեր, փաստաթղթեր» (Ուկրաինա), Լ.Արոնով` «Փաստաթղթերի պահպանման ապահովման կազմակերպումը ՌԴ պետական արխիվում» (Ռուսաստան) և այլն):
Նախատեսվում է նաև երկու նախագծերի մասնակիցների միացյալ կլոր սեղան` «Մատենադարանը` բազային կազմակերպություն գրավոր ժառանգության պահպանման ոլորտում» թեմայով:
Մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվի «Հիշողության կերպարանքները» I միջազգային սեմինարի նյութերն ամփոփող ժողովածուն:
Նախագծերին նվիրված մամլո ասուլիսը տեղի կունենա 2012 թ. հոկտեմբերի 7-ին, ժ. 12.00-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում` մասնակցությամբ Մատենադարանի տնօրինության, կազկոմիտեի անդամների և հրավիրված կողմերի:
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել