
Ռեգիստրի կեղծ փաստաթղթեր. փաստաբանը պնդում է, որ «Անելիք բանկը» «ՍՊՍ Սիգարոն»-ի տնօրենի հետ գործաքի է գնացել
Նախագահ Սերժ Սարգսյանը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին 2012թ. սեպտեմբերի 24-ին պարգևատրել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ գործարար Սեմյոն/Սիմոն/ Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Անանիա Շիրակացու մեդալը Հայաստանի Հանրապետության պետական պարգև է և շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները»:
Հայտնի չէ, թե Սամվել Ճզմաչյանը ՀՀ տնտեսության բնագավառում ակնառու ինչ գործունեության համար է ստացել այդ պետական պարգևը: Եթե դա «Անելիք Բանկ»-ի գործունեությամբ է պայմանավորված, ապա Սամվել Ճզմաչյանի կողմից ղեկավարվող «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն երբեմնի հանրահայտ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենի հետ գործարքի է գնացել, որի արդյունքում «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը փաստացի անվճարունակության է հասցվել, ներկայումս էլ բանկը փորձում է այդ ընկերության ունեցվածքը վաճառել, այսինքն` դրանով վերջակետ դնել ժամանակին 370 աշխատող ունեցած և խոշոր հարկատու հանդիսացող «ՍՊՍ Սիգարոն» ընկերության գործունեությանն ու պատմությանը»,-ասում է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ գործարար Սեմյոն/Սիմոն/ Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը սփյուռաքահայ ներդրողների պաշտպանության նախաձեռնող խմբի կողմից սեպտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ « «Անելիք Բանկ»-ը մի քանի վարկային պայմանագրերով 2010թ. դեկտեմբեր-2011թ. սեպտեմբեր ժամանակահատվածում, առանց «ՍՊՍ Սիգարոն» ընկերության մասնակիցների ժողովի որոշման, իբր «Ընկերության շրջանառու միջոցների համալրման նպատակով» ավելի քան $5.530.000 նպատակային վարկ է տրամադրել «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենին: Վարկի դիմաց գրավադրվել են ոչ միայն վարկի գումարը մի քանի անգամ գերազանցող, ընկերությանը պատկանող անշարժ գույքն ու հոսքագծերը, այլև` ընկերության անվամբ գրանցված մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող թվով 57 արդյունաբերական սեփականություն հանդիսացող իրավունքները, այսինքն` ողջ բիզնեսը: Դրանից հետո բանկը ևս 225.000 եվրո վարկ է տրամադրել «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենին: Իսկ 2012թ. հուլիսի 18-ին դատավարական նորմերի խախտմամբ կայացված վճռով դատավոր Ն. Մարգարյանը որոշեց «ՍՊՍ Սիգարոն» ընկերության ունեցվածքի վրա բռնագանձում տարածել և դրա հաշվին ապահովել արդեն $6.500.000 դարձած վարկային պարտավորությունը: Այսինքն՝ «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը կվերանա»:
Ի դեպ, «ՍՊՍ Սիգարոն» ընկերությանը տրված վարկերի երաշխավոր է հանդիսացել հենց ընկերության տնօրենը, սակայն բանկը նրան որևէ պահանջ չի ներկայացրել: Մեկնաբանություններն ավելորդ են:
Ահա տնտեսության ոլորտում «Անելիք Բանկ»-ի ղեկավարության հեղինակած ակնառու գործունեության մի օրինակ:
Փաստաբան Լ.Հովհաննիսյանը դիմել է իրավապահ մարմիններին և միաժամանակ դատական կարգով վիճարկում է «Անելիք Բանկ»-ի և «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենի միջեւ կնքված գործարքը:
ՊԵԿ-ի քննիչին են հանձնված անհերքելի փաստեր` գործարքը բանկի ղեկավարության, պետռեգիստրի ստորաբաժանման ղեկավարի և «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրենի կողմից կեղծ տեղեկությունների հիման վրա իրականացված լինելու վերաբերյալ, որով ապացուցվում է, որ այդ գործարքով ընկերության համար կանխամտածված սնանկության հիմքեր են ստեղծվել:
Իսկ թիվ ԵԿԴ 1754/02/12 քաղաքացիական գործով զբաղվում է ոչ թե «Անելիք Բանկ»-ի իրավաբանական վարչությունը, այլ անձամբ պարոն Ճզմաչյանը: «Անելիք Բանկ»-ը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, այսինքն` հայցի դեմ չի առարկել, սակայն պետական պարգևը ստանալուց մի քանի օր առաջ պարոն Ճզմաչյանը իրավաբանորեն չհիմնավորված միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան այն մասին, որ կիրառված հայցի ապահովումը վերացվի, որպեսզի օր առաջ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության ունեցվածքն օտարվի:
Վաղը Կենտրոնի դատարանում քննարկվելու է այս միջնորդությունը:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել