HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցեր բնապահպանության նախարարին

Հարգելի պրն նախարար

Օգտվելով ՀՀ սահմանադրության 27.1-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով ՀՀ քաղաքացիներին տրված իրավունքից, ինչպես նաև հիմք ընդունելով նույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում տեղեկատվության պարտադիր կերպով տրամադրման դրույթի պահանջը, խնդրում ենք մեզ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը` համապատասխան փաստաթղթերի պատճեններով.

1. Ո՞վ և ի՞նչ հիմքով կարող է Հայաստանի կենդանական աշխարհի օգտագործման, ինչպես նաև վերարտադրության կազմակերպման համար իրավունք ձեռք բերել: Տրամադրել մեզ այդ սուբյեկտների ցանկն՝ իրենց տվյալների հետ միասին:

2. Ի՞նչ և որքա՞ն պայմանագրեր են կնքվել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի կենդանական աշխարհի օգտագործմամբ ու վերարտադրությամբ զբաղվող անձանց կամ ընկերությունների հետ: Մեզ տրամադրել այդ պայմանագրերի պատճենները:

3. Ի՞նչ պարբերականությամբ և եղանակով է վերահսկվում նշյալ սուբյեկտների գործառույթները: Տրամադրել վերահսկումների արդյունքում կազմված արձանագրությունների կամ ակտերի պատճենները:

4. Միևնույն ժամանակ մեզ տրամադրել կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության լիազորությամբ օժտված պետական և մասնավոր կազմակերպությունների ֆինանսական և թեմատիկ հաշվետվություններն՝ իրենց կատարած աշխատանքների և ՀՀ բնապահպանության նախարարության գնահատականների վերաբերյալ:

5. Որքանո՞վ է բարելավվել Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը այդ պայմանագրերի իրականացման արդյունքում:

6. Օգտվելով առիթից, խնդրում ենք նաև մեզ տրամադրել մանրամասն տեղեկատվություն ՀՀ կառավարության 06.04.2006թ. թիվ 479-Ա որոշմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով 49 տարով անհատույց փոխանցված տարածքներում սկսած 2006 թվականից մինչ օրս տեղի ունեցած գործունեության բոլոր տեսակների մասին, այդ թվում` կենդանիների օգտագործումն ըստ տեսակների և խմբաքանակների, կենդանիների վերարտադրությունն ըստ տեսակների ու խմբաքանակների, տարածքի օգտագործման ռեժիմի և այցելուների թվի և այլ մանրամասների մասին: Միևնույն ժամանակ, մեզ տրամադրել հիշյալ կազմակերպության ֆինանսական և թեմատիկ հաշվետվությունների պատճենները:

7. 2006 թվականից մինչ օրս ի՞նչ գնահատականներ է տվելՀՀ բնապահպանության նախարարությունը «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին շնորհված գործառույթների իրականացման հարցում և ինչպե՞ս են ազդել այդ գործառույթները «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունավետության վրա` հաշվի առնելով այն, որ մինչև 2006 թվականը «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին անհատույց հանձնված տարածքը գտնվում էր Խոսրովի արգելոցի սահմաններում և ուներ հատուկ պահպանման ռեժիմ:

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը կարող եք տրամադրել նյութական կրիչով, էլեկտրոնային տեսքով մեր ելեկտրոնային հասցեին կամ գրավոր փոստի միջոցով:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ վերոնշյալ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և փաստաթղթեր: 

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (2)

Susan
Տպավորությունս վերջին իրադարձություններից հետո այնպիսին է, որ ոմանց դրսից գումարներ ստանալը ուղիղ համեմատական է ներսում աղմուկ, խարնաշփոթ կամ գոնե ինչ որ հարցի շուրջ կեղծ անհանգստություն աղմուկ բարձրացնելուն: Դա էլ ապրուստի միջոց է:
Արթուր
Իմ տպավորությունն էլ այնպիսին է, որ ոմանց ու նրանց հանցավոր գործողությունների կամ անգործության պաշտպաններին ձեռնտու չէ, որ ի շահ բնության տրվում են որոշակի հարցեր: Հրապարակայնությունը նման է լույսի, որից միայն խավարասերներն են խուսափում, լուսաբանումից խուսափում են գողերը, որոնց սիրտը դող է, եթե գող չեն, անհանգստանալու բան չունեն, ոչ էլ կարիք այլոց (հավանաբար գողոնից օգտվողների) միջոցով վարկաբեկման դիտավորությամբ զրպարտություն տարածելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter