HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրանտ Բագրատյան. «Վարչապետը մինչեւ նախագահին, ժողովրդին չկործանի, չի գնա»

ՀՀ կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բավականին կոպիտ ելույթ ունեցավ: Նա «կատարյալ աղբ» որակեց այդ հաշվետվությունը եւ դրա համար բերեց մի շարք փաստարկներ:

Ըստ պատգամավորի՝ Կենտրոնական բանկը լկտիացել է այն բանից հետո, երբ Սահմանադրության 83.3 հոդվածով կենտրոնական բանկի հիմնական խնդիրների մեջ մտավ գների կայունացման ապահովումը:  

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ վերջին տարիներին գները իրականում չեն կայունացել, քանի որ միջին գնաճը 7.7 % է, իսկ կենտրոնական բանկի 12-ամսյա գնաճը 4.7% է: «Բայց նույնիսկ այդ 7.7 %-ը վստահելի չէ եւ հավատ չի ներշնչում»,-ավելացրեց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ այսօրվա բանկային համակարգը ծանրացել է տնտեսության վրա, առեւտրային բանկերը բավականին գերշահույթներ են ստանում: Հրանտ Բագրատյանի ասելով՝ բանկերը վարկերը տալիս են դոլարով եւ տոկոսադրույքները պահանջում են դրամով, չհաշված, որ տոկոսադրույքն էլ բավականին բարձր է: «Եթե ուզում եք բանկիր դառնալ, ընդունվեք գյուղինստիտուտ կամ անասնաբուժական ֆակուլտետ: Կենտրոնական բանկը թարախապալարի նման խոչընդոտում է տնտեսության զարգացմանը»,-ավելացրեց նախկին վարչապետը:

Հրանտ Բագրատյանը բավականին կոպիտ արտահայտվեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Ըստ նրա՝ վարչապետը մինչեւ երկրի նախագահին, ժողովրդին չկործանի, պաշտոնից չի հեռանա:

Հրանտ Բագրատյանը կոչ արեց գլխավոր դատախազությանը զբաղվել Կենտրոնական բանկի միջոցով միլիարդավոր դրամների անհետացման գործերով, ոչ թե ընկնել Վարդան Օսկանյանի հետեւից, թե ինչպես ծախսի իր գումարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter